ՀՀ–ում հայրության արձակուրդից օգտվելու մակարդակը բավականին ցածր է` 11% է. հետազոտություն
12:49 17.06.2026 (Թարմացված է: 13:31 17.06.2026)
Բաժանորդագրվել
Հետազոտությունները իրականացվել են և՛ քաղաքային, և՛ գյուղական համայնքներում, ու բնակավայրը հիմնականում կապ է ունեցել հայրիկների տեղեկացվածության հետ։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ 4 մարզում ավելի քան 380 աշխատող հայրիկի շրջանում հետազոտություններ են անցկացվել` պարզելու, թե ինչպիսին է երկրում հայրության արձակուրդից օգտվելու տարածվածությունն ու ինչ խնդիրներ կան դրա վերաբերյալ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի տնօրեն Արեմ Մկրտչյանը։
Նշենք, որ 2020 թվականից ի վեր ՀՀ–ում հայրերը երեխայի ծնվելուց հետո իրավունք ունեն 5 աշխատանքային օր վարձատրվող արձակուրդ վերցնել։
«Հետազոտությունները սկսել ենք իրականացնել 2026 թվականի մարտ ամսին։ ՀՀ 4 մարզում է իրականացվել հետազոտությունը` Շիրակում, Լոռիում, Արագածոտնում և Տավուշում։ Հետազոտության հիմնական նպատակն է եղել գնահատել, թե որքանով են մարդիկ տեղյակ հայրության արձակուրդի, դրանից օգտվելու գործնների մասին։ Հետազոտությունն արվել է 384 աշխատող հայրիկի շրջանում։ Այս ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ հայրության արձակուրդից օգտվելու մակարդակը մնում է բավականին ցածր` 11 %»,– նշեց Մկրտչյանը։
Նրա խոսքով` հետազոտությունները իրականացվել են և՛ քաղաքային, և՛ գյուղական համայնքներում, ու բնակավայրը հիմնականում կապ է ունեցել հայրիկների տեղեկացվածության հետ։
Ըստ փորձագետի` հայրության արձակուրդից անձինք չեն օգտվել նաև այն պատճառով, որ երեխայի խնամքով արդեն իսկ զբաղվող եղել է, օրինակ` տատիկները։ Հաճախ նաև հարցվածներն ասել են, որ երեխային խնամելը կնոջ պատասխանատվությունն է, ոչ թե տղամարդու։ Խնդիրն ավելի շատ տեսնում են գյուղական համայնքներում հայկական մտածելակերպի մեջ։
Խնդիրներ առաջանում են նաև այն դեպքերում, երբ հայրն աշխատում է մի կառույցում, որտեղ իրեն փոխարինող չի լինում կամ բարձր զբաղվածություն է ունենում ու չի կարողանում արձակուրդ վերցնել։ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը շեշտեց, որ հույս ունեք, որ բարձրացած հարցերը հետագայում օգտակար կլինեն պետական համակարգի մեր գործընկերների համար՝ հասկանալու, թե հաջորդող տարիներին ինչ ուղղությամբ պետք է առաջ շարժվեն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց` հետազոտությունը կարևոր հարցեր է վեր հանում, ինչը հաշվի կառնվի հետագա աշխատանքներում։
«Իրազեկվածության մակարդակը բարձրացնելը շատ կարևոր է։ Մենք այդ ուղղությամբ նկատելի աշխատանք իրականացնում ենք, և դա շարունակելի կլինի։ Ինչ վերաբերում է իրականացվող քաղաքականությանը, ապա նշեմ, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կա կարգավորումների ավելի լայն շրջանակ, որը վերաբերում է երեխա խնամողին։ Մենք այստեղ նկատի ունենք նաև հայրերին։ Օրինակ՝ հայրերը ևս իրավունք ունեն վերցնել երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի 3 տարին լրանալը։ Աշխատատեղն այս ընթացքում պահպանվում է։ Հաջորդ օրինակը, տղամարդիկ, իրենց կնոջ հղիության ու ծննդաբերության շրջանում, իրավունք ունեն իրենք որոշեն, թե երբ են ցանկանում օգտագործել ամենամյա վճարովի արձակուրդը»,- ասաց Ժորա Սարգսյանը։
Վերջին փոփոխությունը վերաբերում է ծնողական ժամին, որից կարող են օգտվել և՛ հայրերը, և՛ մայրերը։ Մինչև 12 տարեկան երեխա ունեցողները կարող են իրենց աշխատավարձի պահպանմամբ օգտվել ծնողական ժամի հնարավորությունից։ Մինչև 2 երեխայի դեպքում օրական տրվում է 30 րոպե, 3 և ավելի երեխայի դեպքում 1 ժամ։
