Կանայք գերադասում են ուշ մայրանալ. Հայաստանն արագ ծերանում է

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Դեմոգրաֆիական վիճակը շտկելու, ծնելիությունը խթանելու նպատակով իրականացվող պետական ծրագրերը, մասնագետի դիտարկմամբ, միայն կարճաժամկետ արդյունք են ապահովում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik․ Մայրանալու միջին տարիքի բարձրացումը Հայաստանում բացասաբար է ազդելու ծնելիության, հետևաբար նաև` բնակչության թվաքանակի վրա. Sputnik Արմենիային ասել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը` մեկնաբանելով պաշտոնական վիճակագրության ոչ այնքան լավատեսական պատկերը։
Նրա խոսքով` եթե կինն առաջին անգամ մայրանում է ավելի բարձր տարիքում, ապա հավանականությունը, որ նա կունենա 2-րդ, 3-րդ, 4-րդ երեխան, ինքնին փոքրանում է։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանում կանանց մայրանալու միջին տարիքը կազմում է 29․2։ Ընդ որում, քաղաքներում միջին տարիքը 30.1 տարեկանն է, գյուղերում` 28.3–ը։
«Եվրոստատը» հայաստանյան դեմոգրաֆիայի այս ցուցանիշները համեմատել է եվրոպական երկրների ցուցանիշների հետ և հանգել այն եզրակացության, որ մեր երկրում մայրանալու միջին տարիքն արդեն ավելի բարձր է, քան Արևելյան Եվրոպայի (նախկին խորհրդային և սոցիալիստական ճամբարի) բոլոր երկրներում։
Բուլղարիայում, օրինակ, միջին տարիքը 26.9 տարեկանն է, Լեհաստանում և Լիտվայում` 28.7-ը, Չեխիայում` 29-ը և այլն։
Մանուկ Մովսիսյանի դիտարկմամբ, մայրանալու տարիքային շեմի բարձրացումը ոչ միայն մեր երկրում, այլև աշխարհի գրեթե բոլոր զարգացող ու զարգացած երկրներում նկատվում է արդեն ավելի քան 30 տարի, և ամեն տարի ավելանում է միջինը կես տարով։
Մեր զրուցակցի կարծիքով` այդ միտումը պայմանավորված է հիմնականում մտածողության փոփոխությամբ։
«Նախկինում, եթե հիշեք խորհրդային տարիները, մայրանալու տարիքը բավական ցածր էր` 20, 21, 22 տարեկան, գյուղական բնակավայրերում` ավելի ցածր։ Այս ցուցանիշն աստիճանաբար փոխվել է, փոխվել է մտածելակերպը, այսօր ուշ են ամուսնանում, և ամուսնության միջին տարիքը ևս տարեցտարի բարձրանում է։ Գյուղական բնակավայրերում էլ արդեն նկատվում է ամուսնության միջին տարիքի բարձրացում։ Այսօր կանայք նույնպես ուզում են զբաղված լինել, աշխատում են, առավելություն են տալիս իրենց մասնագիտական առաջընթացին, որը հանգեցնում է այդ ցուցանիշների բարձրացման»,– նկատում է Մովսիսյանը։
Նրա կանխատեսմամբ, առաջիկա տարիներին ևս այս օրինաչափությունը կպահպանվի, ինչի հետևանքով մայրանալու տարիքային շեմը առաջիկա տարիներին կավելանա ևս 1-2 տարով։ Բայց, իհարկե, անվերջ շարունակվել չի կարող` հաշվի առնելով մարդու վերարտադրողական տարիքի բնական գործոնը։
Այս առումով հայերն այսօր արդեն համարվում են ծերացող և որոշ գնահատականներով` նույնիսկ արդեն ծերացած ազգ։
Մովսիսյանն արձանագրում է, որ դեռևս 1995-96 թթ․-ից ծերերի մասնաբաժինը ՀՀ բնակչության թվաքանակի մեջ 7 % է, ինչը նշանակում է, որ ավելի քիչ երեխաներ են ծնվում, կյանքի միջին տևողությունն էլ տարեցտարի բարձրանում է` հանգեցնելով բնակչության ծերացման։
«Պտղաբերության գործակիցը մեր երկրում 2025 թ-ին կազմել է 1․7, այսինքն՝ մենք անգամ պարզ վերարտադրություն չենք ապահովում։ Կինը իր ծննդունակ տարիքում պետք է 2․1 երեխա ունենա, իսկ 1988-84 թթ․-ին վերարտադրության գործակիցը մեր երկրում նույնիսկ 4․2 է եղել»,– ասում է մասնագետը` հավելելով, որ ոչ վաղ անցյալի այս ցուցանիշին հասնելն այսօր գրեթե անհնար է։
Դեմոգրաֆիական վիճակը քիչ թե շատ շտկելու, ծնելիությունը խթանելու համար 2014 թ–ից ի վեր Հայաստանում իրականացվել են տարբեր պետական ծրագրեր` երիտասարդ ընտանիքների բնակապահովման, 3-րդ և 4-րդ երեխաների ծննդյան դեպքում` ֆինանսական գործիքակազմերի ապահովման և այլն։ Մովսիսյանի դիտարկմամբ, սակայն, այդ տարիներին ծնված երեխաների թվաքանակի վերլուծությունը վկայում է, որ արդյունքը հիմնականում կարճաժամկետ է։ Երկարաժամկետ արդյունք սանալու համար մասնագետը մի ուղի է տեսնում` փոխել երիտասարդ սերնդի մտածելակերպը։
«Այսօր մեր մտածելակերպը պետք է փոխվի, որպեսզի մենք հասկանանք, որ 2 և ավելի երեխան վաղն ապահովելու է մեր պետության զարգացումը»– շեշտում է մեր զրուցակիցը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2014թ–ին ՀՀ–ում գրանցվել է 43 031 ծնունդ, 2024-ին` 33 593։ 10-ամյա այդ միջակայքում ծնունդների ցուցանիշը որոշակիորեն բարձրացել է 2021-ին` հասնելով 36 623–ի, ապա աստիճանաբար նվազել։