Մինչև փոխհատուցումը տեղ հասնի, լոլիկը կփչանա. տնտեսագետը` ԵՄ արտահանման խնդիրների մասին

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Աղասի Թավադյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում շեշտել է, որ բացի մաքսատուրքերից, որոք կառավարությունը խոստանում է փոխհատուցել, կան նաև լոգիստիկ ծախսեր, ԵՄ–ում կա նաև բյուրոկրատիա և ստանդարտացման երկարատև գործընթաց։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Մինչ կառավարության խոստացած փոխհատուցումը կհասնի արտահանողներին ու արտադրողներին, արտահանվող ապրանքը կփչանա. Sputnik Արմենիային ասել է Tvyal.com կայքի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը` մեկնաբանելով հայկական արտադրության որոշ գյուղմթերքներ ԵՄ արտահանելուն ուղղված աջակցությունների մասին կառավարության որոշումը։
Կառավարության հունիսի 4-ի նիստում ընդունված որոշմամբ` հունիսին ՀՀ–ից արտահանվող ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողները որոշակի փոխհատուցում կստանան։
Կառավարության մեկ այլ որոշմամբ կփոխհատուցվեն դեպի ԵՄ, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ հայկական արտադրության ապրանքների մաքսատուրքերը։
Կառավարության մեկ այլ որոշմամբ կփոխհատուցվեն դեպի ԵՄ, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ հայկական արտադրության ապրանքների մաքսատուրքերը։
Աղասի Թավադյանը հիշեցնում է, որ փոխհատուցումները նախատեսված են արագ փչացող այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են ելակը, լոլիկը, պղպեղն ու ծաղիկը, հետևաբար, ամեն ինչ պետք կլինի կազմակերպել ամենասեղմ ժամկետներում։ Իսկ դա այնքան էլ հեշտ չէ։
«Նույնիսկ եթե մաքսատուրքերը փոխհատուցվում են՝ դեպի ԵՄ արտահանման շուկան ձևավորված չէ, մեր ապրանքների համար լոգիստիկ կապեր և պայմանավորվածություններ եվրոպական շուկայում դեռ ձևավորված չեն։ Տևական ժամանակ է անհրաժեշտ, մինչև այդ գործարար կապերը հաստատվեն, և մինչև այդ ամենն արվի, մեծ հավանականությամբ արագ փչացող ապրանքները կփչանան»,– ասում է Թավադյանը։
Տնտեսագետը նաև շեշտում է, որ բացի մաքսատուրքերից, որ կառավարությունը խոստանում է փոխհատուցել, կան նաև լոգիստիկ ծախսեր, ԵՄ–ում կա նաև բյուրոկրատիա, ստանդարտացման երկարատև գործընթաց։
«Եթե նույնիսկ ենթադրենք՝ մեր լոլիկի մաքսատուրքը հանվում է, նաև այլ հարցեր են առաջանում։ Առաջին հերթին` փաստ չէ, որ մեր լոլիկը համապատասխանում է ԵՄ ստանդարտներին, 2-րդը՝ տրանսպորտային ծախսերն այնքան մեծ կարող են լինել, որ մինչև ապրանքը հասնի ԵՄ շուկա, լոլիկի ինքնարժեքն այնքան կավելանա, որ այն այլևս մրցունակ չի լինի, և 3-րդ՝ մինչև ԵՄ շուկա հասնելը լոլիկը կարող է փչանալ։ Իսկ քանի որ ԵՄ–ի հետ չկան գործող առևտրային կապեր, այնտեղ հասած լոլիկի իրացման հարցն էլ դեռ մեծ կասկածի տակ է»,– ասում է Թավադյանը` շեշտելով, որ հայկական ապրանքը ԵՄ չի արտահանվում ոչ միայն մաքսատուրքերի պատճառով. բազմաթիվ այլ խոչընդոտներ կան։
Բացի այդ, Թավադյանը կարծում է, որ ընտրություններից օրեր առաջ ընդունված որոշումը ընտրություններից հետո կարող է նույնիսկ չկիրառվել։
«Իրավիճակը շեշտակիորեն կարող է փոխվել ընտրություններից հետո, և ՌԴ–ում կարող է արագորեն իրավիճակը փոխվել, և փոխհատուցումը տեղ չհասնի` այն տեսանկյունից, որ այս մի քանի օրվա ընթացքում հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել։ Իսկ ՌԴ–ի հետ այդ կապերը տարիներով անխափան գործել են»,– արձանագրում է Թավադյանը։
Տնտեսագետը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստ վրա, որ արտաքին եվրոպական վեկտորի ջատագով իշխանությունների օրոք ԵՄ շուկա արտահանումները խրախուսելու ուղղությամբ որևէ գործուն քայլ չի ձեռնարկվել։ Հակառակը` 2018 թ․ից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ գրեթե 5 անգամ աճել է, իսկ դեպի ԵՄ` 1․5 %-ով կրճատվել։
«Այսինքն՝ քաղաքական հայտարարություններին հակառակ գործող իշխանության օրոք Ռուսաստանի հետ կապը է՛լ ավելի է ամրապնդվել։ Եվ այս պահին մեզ համար ավելի ցավոտ կլինի ռուսական շուկայից հրաժարվելը, քան կարող էր լինել դեռևս 2018 թ․-ին»,– նշում է տնտեսագետը` հավելելով, որ կառավարության վարած ընդհանուր քաղաքականության միտումից կառավարության վերջին որոշումը իրականում բացառություն է։
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տվյալներով` թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման ծավալները 2025 թվականին կազմել են շուրջ 72.9 մլրդ դրամ, որի 93.3 տոկոսն արտահանվել է ՌԴ։
Հիշեցնենք` մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։
2026 թվականի մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով: Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
Հունիսի 4-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց Հայաստանի համար ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ օգնության փաթեթ պատրաստելու մասին` Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա սահմանված սահմանափակումների ֆոնին։
Թե երբ պատրաստ կլինի և երբ կսկսի գործել Եվրոպայի խոստացած «անհապաղ օգնության փաթեթը», պաշտոնական լրահոսը չի հստակեցնում։
Թե երբ պատրաստ կլինի և երբ կսկսի գործել Եվրոպայի խոստացած «անհապաղ օգնության փաթեթը», պաշտոնական լրահոսը չի հստակեցնում։