Այսպես նաև հետընտրական փուլին են պատրաստվում․ Աբրահամյանը՝ ձերբակալությունների մասին
12:33 05.06.2026 (Թարմացված է: 12:34 05.06.2026)
© Sputnik
Բաժանորդագրվել
Աբրահամյանն անդրադարձավ նաև Հայաստան ժամանող քաղաքացիներին տրվող 25-օրյա վարժանքների ծանուցագրերին՝ նշելով, որ իշխանությունները բանակը ներքաշում են ներքաղաքական գործընթացների մեջ։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և ընդդիմադիր այլ գործիչների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները մի կողմից արվում են ընտրություններին ընդառաջ, մյուս կողմից՝ սա նախապատրաստություն է հետընտրական գործընթացներին։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ձերբակալվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը (ավելի ուշ կալանավորվեց 2 ամսով), իրավապահ մարմինները մեծ թվով հաղորդագրություններ են տարածում ընդդիմադիր ուժերի կողմից ենթադրյալ ընտրախախտումների, նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումների վերաբերյալ և այլն։
«Իշխող ուժի ղեկավարը, որն ունի վարչապետի կարգավիճակ, նաև ուղիղ եթերներով, գրառումներով, հայտարարություններով ուղղորդում է իրավապահ և դատական համակարգերին, ըստ էության, գործել այնպես, ինչպես իր քաղաքական կամքն է պահանջում։ Նաև երեկվա բանավեճի ընթացքում էլ (Հանրային հեռուստաընկերության եթերում քաղաքական ուժերի նախընտրական ցուցակները գլխավորող գործիչների բանավեճ- խմբ․) հանձնարարություն էր տալիս կոնկրետ ընդդիմադիր առաջնորդների, գործիչների բռնելու, նստեցնելու վերաբերյալ»,- ասաց Աբրահամյանը Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում։
Վստահ է՝ քանի դեռ ՔՊ-ն իշխում է, ապօրինությունները շարունակվելու են և արվելու է ամեն բան՝ ՔՊ-ի վերարտադրության համար։
Այս համատեքստում են նաև Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներին հենց «Զվարթնոց» օդանավականում ՊՆ ռազմական ոստիկանության կողմից հանձնվող 25-օրյա վարժանքների ծանուցագրերը։
Մինչ այդ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տարոն Չախոյանը հայտարարել էր, որ «Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ ովքեր կհրաժարվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության»: Հունիսի 4-ի առավոտյան լուր տարածվեց, որ սահմանային անցակետը հատելիս ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս։
Աբրահամյանը շեշտում է՝ այն, ինչ արվում է, օրենքի մեջ չի տեղավորվում, լրիվ ապօրինի է, բայց ակնհայտ է՝ իշխանությանը պետք է սպառնալ դրսում ապրող մեր հայրենակիցներին։
«Դա բեմադրվում է և տեղեկատվական առումով որոշակիորեն ուռճացվում է, որ այս օրերին կանխի դրսից Հայաստան եկող մեր քաղաքացիների մուտքը։ Մեկ այլ հանգամանք․ երբ այս քաղաքացիները խոսում էին սփյուռքի, դրսում գտնվող հայերի ներուժի մասին, որ պետք է ապահովվի նաև նրանց ինտելեկտի իրացումը հայկական տնտեսությունում և այլն, փաստորեն դա պետք է այն ժամանակ, երբ պետք է իրենց խոսքում որևէ բան արտահայտվի, բայց երբ այդ մարդիկ գալիս են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու այս կամ այն գործչի առումով, դառնում են անցանկալի։ Սա համախմբված մոտեցում է, որը դրսևորվում է արտերկրում ապրող մեր քաղաքացիների նկատմամբ»,- նշեց Աբրահամյանը։
Շեշտեց՝ այս կերպ նաև իշխանություններն իրենց վերաբերմունքն են արտահայտում բանակի, զինված ուժերի, ծառայության նկատմամբ, այսինքն՝ բանակը նրանց համար դիտվում է որպես բանտային ծառայություն կամ շանտաժի, նաև ներքաղաքական խնդիրների լուծման միջոց։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։