00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:11
49 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արտաքին քաղաքականության 3 ուղղություն. ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը ընտրողներին

© Sputnik / Aram NersesyanՀայաստանի դրոշը
Հայաստանի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Բաժանորդագրվել
2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական մոտեցումները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքական դաշտում ընտրություններից առաջ գերիշխող բառը «հավասարակշռությունն» է։ Սակայն այդ եզրույթի տակ տարբեր ուժեր տարբեր բովանդակություն են դնում․ ոմանք այն հասկանում են որպես բոլոր կենտրոնների հետ հարաբերությունների պահպանում, ոմանք՝ Ռուսաստանի ազդեցությունից նվազ կախվածություն, իսկ մի շարք ուժեր՝ հստակ եվրոպական կամ արևմտյան ուղղությամբ շարժվելու հնարավորություն։
Sputnik Արմենիան ուսումնասիրել է 18 քաղաքական ուժերի հրապարակած նախընտրական ծրագրերն ու առաջին դեմքերի հարցազրույցները և պարզել, որ արտաքին քաղաքական մոտեցումներում ով ում է նախապատվություն տալիս։

Արտաքին քաղաքականության առանցքը՝ Ռուսաստա՞ն, Արևմո՞ւտք, թե՞ հավասարակշռություն

Բովանդակային վերլուծության արդյունքում, արտաքին քաղաքական կողմնորոշում արտահայտած ուժերի շրջանում, ըստ պաշտոնական հրապարակված նախընտրական ծրագրերի, ձևավորվել է հետևյալ տոկոսային հարաբերակցությունը։
Տրամադրված ծրագրային դրույթների, հայտարարությունների և հարցազրույցների հիման վրա 18 ուժերից մոտ 11-ը կամ շուրջ 61%–ը խոսում են հավասարակշռված, բազմավեկտոր կամ «կամուրջ պետության» արտաքին քաղաքականության օգտին։ Մոտ 4 ուժ (22 %) արտաքին քաղաքական առաջնահերթությունը տեսնում է արևմտյան ուղղության, ԵՄ ինտեգրման, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման մեջ։ Մոտ 2 ուժ կամ շուրջ 11 տոկոսը առավել ընդգծված կարևորում է Ռուսաստանի հետ ռազմավարական կապերի վերականգնումը կամ խորացումը։ Եվս 1 ուժի կամ մոտ 6 տոկոսի դեպքում արտաքին քաղաքական հստակ դիրքորոշում ներկայացված չէ։
Ընտրություններին առաջադրված որոշ ուժեր իրենց պաշտոնական ծրագրերում ընդհանրապես չեն ներառել արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ դրույթներ, ուստի վերոնշյալ տոկոսային հաշվարկը ներառում է միայն այն միավորները, որոնց մոտեցումները հնարավոր է եղել դասակարգել ըստ իրենց հստակ հայտարարած օրակարգերի:
Սակայն հարկ է արձանագրել, որ սա միայն թղթին հանձնված, պաշտոնական վիճակագրությունն է։ Բուն քարոզարշավի ընթացքում և քաղաքական ուժերի առաջնորդների հարցազրույցներում պատկերն ակնհայտորեն փոխվում է. պաշտոնական ծրագրերով որպես «հավասարակշռված» ներկայացող որոշ ուժեր իրականում հստակ արևմտամետ դիրքերից են խոսում` բացահայտ կողմ արտահայտվելով Ռուսաստանի Դաշնության հետ կապերի թուլացմանը, ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության չեղարկմանը: Եվ հակառակը՝ նույն «հավասարակշռված» խմբի մեջ մտնող որոշ ուժեր էլ գործնականում ցուցադրում են ընդգծված դիրքորոշում՝ անվտանգային ու տնտեսական առաջնահերթությունը տալով Մոսկվայի հետ կապերին:
Ստորև ներկայացնում ենք 18 ուժերի (16 կուսակցություն, 2 դաշինք) արտաքին քաղաքականության պատկերացումները` ըստ քվեաթերթիկների հերթականության։
Նշենք նաև, որ կան ուժեր, որոնք ընդհանրապես չունեն պաշտոնապես հրապարակված նախընտրական ծրագրեր։

«Ռեֆորմիստների» կուսակցություն

«Ռեֆորմիստների» կուսակցության նախընտրական պաշտոնական ծրագիրը բաղկացած է 7 կոնկրետ կետից, որտեղ առանձնացված արտաքին քաղաքական կուրս նշված չէ: Ծրագրում միայն ամրագրված է, որ ստեղծված աշխարհաքաղաքական անցումային իրավիճակում անհրաժեշտ է ընդունել ազգային անվտանգության նոր հայեցակարգ:
Այս ուժի պատկերացումները բացահայտվում են վարչապետի թեկնածու, ՀՀ պաշտպանության նախկին նախարար և Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանի քարոզարշավային հարցազրույցներից: Ըստ նրա ՝ Հայաստանը պետք է հստակ և փաստաթղթավորված ձևով սահմանի իր բարեկամ պետությունների շրջանակն ու պոտենցիալ սպառնալիքները՝ ելնելով բացառապես ազգային շահերից: Նրա դիրքորոշմամբ՝ անվտանգային նմանօրինակ հիմնարար հարցերի պատասխանները չեն կարող կախված լինել առանձին քաղաքական գործիչների անձնական նախապատվություններից, և երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ պետք է անցկացվի համազգային հանրաքվե:
© Photo«Ռեֆորմիստների» կուսակցության քարոզարշավը
Агиткампания партии Реформисты (3 июня 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
«Ռեֆորմիստների» կուսակցության քարոզարշավը

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն

Այս քաղաքական միավորն ունի պաշտոնական կայք, որտեղ ներկայացված են, նրանց բնորոշմամբ, շարժման գաղափարախոսությունները, սակայն այդ ձևակերպումներում արտաքին քաղաքական կուրսի հետ կապված որևէ նախանշում կամ անդրադարձ չկա:
Կուսակցության ամբողջական ուղղվածությունը սահմանափակվում է ներպետական կառավարման և ընտրական համակարգի բարեփոխումների առաջարկով: Նրանք առաջարկում են ձևավորել «100 օրվա կառավարություն», որը կկազմակերպի նոր ընտրություններ, չեղարկել կայուն մեծամասնության սկզբունքը, սահմանել ցածր՝ 1% անցողիկ շեմ և ընտրական քվեաթերթիկներում ավելացնել «Բոլորին դեմ եմ» տարբերակը:
© Sputnik«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության ակցիան Երևանում
Предвыборная акция партии Против всех (27 мая 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության ակցիան Երևանում

«Ուժեղ Հայաստան» դաշինք

Դաշինքի ներկայացրած համատեղ 73-էջանոց ծրագրից 3 էջը նվիրված է արտաքին քաղաքականությանը: Ուժի ռազմավարությունը խարսխված է բազմավեկտորության, գործընկերության և բազմակենտրոն աշխարհում Հայաստանը համագործակցության հարթակ վերածելու տեսլականի վրա՝ բացառելով երկրի վերածումը աշխարհաքաղաքական բախման կետի:
Դաշինքը կողմ է և՛ ՌԴ–ի, և՛ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը և հավասարակշռված գործակցությանը: Խաղաղության պայմանագրի հարցում կարևորում են բարձր իրավաբանական ուժ և մեկից ավելի երաշխավորների առկայություն՝ միակողմանի կամ երաշխիքների բացակայության ռիսկերը չեզոքացնելու համար: Հարևանների մասով առաջարկվում է` Ադրբեջանի հետ՝ արդար խաղաղություն, Թուրքիայի հետ՝ հարաբերությունների լիարժեք կարգավորում և սահմանների բացում առանց նախապայմանների, Վրաստանի հետ՝ կապերի տեղափոխում գործառնական խոր մակարդակ, Իրանի հետ՝ ռազմավարական գործընկերության զարգացում: Տարածաշրջանային ապաշրջափակումը պետք է լինի առանց ինքնիշխանության խախտման:
Արևմտյան ուղղությամբ առաջնահերթություն է դիտվում ԵՄ-ի հետ կապերի խորացումը և եվրոպական փորձի տեղայնացումը, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ համագործակցությունը ժողովրդավարության, անվտանգության, ներդրումների ու տեխնոլոգիաների ոլորտներում: Միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկվում են որպես շարունակական ռազմավարական գործընկերություն՝ հարմարեցված նոր իրողություններին, որտեղ անհրաժեշտ է բարձրացնել ՀԱՊԿ-ի հետ գործակցության արդյունավետությունը և ԵԱՏՄ-ն օգտագործել որպես տնտեսական կայունության գլխավոր հենասյուն:
© SputnikՆարեկ Կարապետյան
Нарек Карапетян на предвыборном митинге Сильная Армения (8 мая 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Նարեկ Կարապետյան

Հայաստանի շնորհապետական կուսակցություն

2025 թվականին հիմնադիր համագումար անցկացրած այս աջ կենտրոնամետ ուժն առաջարկում է կտրուկ և արմատական արտաքին քաղաքական շրջադարձ: Կուսակցության հստակ դիրքորոշումն է՝ Հայաստանը դուրս բերել հավաքական անվտանգության և տնտեսական կառույցներից, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից:
Կուսակցությունը չունի հրապարակված նախընտրական ծրագիր, այդ պատճառով էլ ներկայացնում ենք կուսակցության առաջին համարի հարցազրույցներում հնչեցրած դրույթները։
Ըստ կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանի (քաղաքագետ)` երկրին անհրաժեշտ է իրատեսական և պրագմատիկ արտաքին քաղաքականություն, որի հիմնական գերակայությունը պետք է լինի Եվրամիության պետությունների հետ հարաբերությունները ռազմավարական աստիճանի հասցնելը: Զուգահեռաբար ուժը նպատակադրված է աշխատել Թուրքիայի հետ բարիդրացիական, իսկ Ադրբեջանի հետ հավասարակշռված հարաբերությունների ձևավորման ուղղությամբ:
Կուսակցությունը չունի հրապարակված նախընտրական ծրագրիր։
© Photo : Social media of Gurgen SimonyanՀայաստանի շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյան
Лидер Меритократической партии Армении Гурген Симонян во время агиткампании (12 мая 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Հայաստանի շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյան

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն

Այս ուժի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունը եվրոպականացումն է, սակայն այն պետք է իրականացվի հավասարակշռված արտաքին քաղաքականության համատեքստում՝ բացառելով Հայաստանի հայտնվելը աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմում: Ուժն առաջնորդվում է «Չկան հավերժ բարեկամներ և թշնամիներ, կան հավերժ շահեր» սկզբունքով:
Առաջնահերթությունների շրջանակում նախատեսվում է ռազմավարական գործընկերություն Վրաստանի և Իրանի հետ, արժանապատիվ երկխոսություն ու հարաբերությունների կարգավորում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինտեգրացիոն ծրագրերի ընդլայնում ԵՄ-ի հետ, բարեկամական կապերի պահպանում Ռուսաստանի հետ, սերտ կապերի ամրապնդում ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև ավանդական կապերի զարգացում Հնդկաստանի, Չինաստանի և Մերձավոր Արևելքի հետ:
Արցախի հարցում կուսակցությունը շեշտում է ժողովրդի՝ հայրենիքում ապրելու անառարկելի իրավունքը՝ պնդելով, որ էթնիկ զտումներով հնարավոր չէ չեղարկել ինքնորոշման սկզբունքը: Սփյուռքի մասով առաջ է քաշվում բոլոր հայերին Հայաստանում մեկտեղելու գաղափարը: Միջազգային դաշինքների մակարդակում ուժը ձգտում է դառնալ եվրոպական Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական ալյանսի անդամ:
© Sputnik / Andranik GhazaryanՀայկ Մարության
Айк Марутян общается с прессой после голосования на участке 4/53 на выборах в Совет Старейшин (17 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Հայկ Մարության

«Միասնության թևեր» կուսակցություն

Կուսակցության հիմնարար սկզբունքն է վարել արտաքին ճնշումներից զերծ և հաշվետու քաղաքականություն, որը կմերժի պարտադրվող օրակարգերը՝ հիմնվելով «ներսում ուժեղ Հայաստանը հավասար է ազդեցիկ Հայաստան արտաքին աշխարհում» թեզի վրա: Այս քաղաքական ուժը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում բարձր է գնահատում ԱՄՆ-ի TRIPP նախաձեռնությունը, ինչպես նաև ԵՄ-ի և Ռուսաստանի հանձնառությունները՝ պայմանով, որ նախագիծը պետք է երաշխավորի ՀՀ ինքնիշխանությունն ու սահմանների անքակտելիությունը:
Արտաքին քաղաքականության առանցքային բաղադրիչը միջազգային դատական պաշտպանությունն է (Արդարադատության միջազգային դատարան և ՄԻԵԴ): Ուժը բացառում է միջազգային ատյաններից հայցերի հանումը առանց իրավունքների խախտման արձանագրման և հատուցման: Պահանջների թվում են ՀՀ ինքնիշխան տարածքների ազատումը ադրբեջանական օկուպացիայից, գերիների ու անհետ կորածների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման առաջմղման քայլերի վերականգնումը:
© SputnikԱրման Թաթոյան
Кандидат в премьер-министры от партии Крылья единства Арман Татоян подводит итоги двухнедельной предвыборной кампании на специальной пресс-конференции (22 мая 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Արման Թաթոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Կուսակցությունն առաջարկում է արտաքին քաղաքականության ուղղությունների գործառութային տարանջատում, որտեղ անվտանգության և տնտեսական գործընթացները կգործեն առանձին ձևաչափերով: Որդեգրած հավասարակշռված կուրսի շրջանակում ուժը հստակորեն բաշխում է դերակատարների գործառույթները` Ռուսաստանն ու Իրանը դիտարկվում են որպես տարածաշրջանային անվտանգության, էներգետիկայի և տրանսպորտային կապերի հիմնական դաշնակիցներ, իսկ Եվրոպական Միությունն ու ԱՄՆ-ը՝ ներդրումների, տեխնոլոգիաների և տնտեսական արդիականացման գործընկերներ:
Վրաստանի հետ նախատեսվում է տրանսպորտային և առևտրային ենթակառուցվածքների զարգացում, իսկ Թուրքիայի հետ՝ հարաբերությունների առանց նախապայմանների փուլային նորմալացում՝ փոխադարձության հիման վրա: Ուժն աջակցում է թափանցիկ, փաստաթղթավորված միջազգային բանակցային ձևաչափերին:
© SputnikԳագիկ Ծառուկյան
Лидер партии Процветающая Армения Гагик Царукян выступает с речью во время митинга (10 мая 2026). Абовян - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Գագիկ Ծառուկյան

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն

Արտաքին քաղաքականությունը կառուցվում է ինքնիշխանության և ազգային շահերի գերակայության սկզբունքով, որտեղ առանցքային շեշտադրում է կատարվում միջազգային կազմակերպություններում Հայաստանի մասնակցության վերանայման և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաիմաստավորման վրա՝ բացառելով որևէ կախվածություն:
Ուժի ռազմավարական առաջնահերթությունների մեջ մտնում են ԱՄՆ-ի և Հնդկաստանի հետ ռազմավարական համագործակցության զարգացումը, Իրանի հետ խորացված գործընկերությունը և եվրոպական գործընկերների հետ կապերի ամրապնդումը: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է համարվում բացառապես միջազգային իրավունքի հիման վրա:
© Photo : Ազգային - Ժողովրդավարական Բևեռ«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ցուցակը գլխավորող Գևորգ Կարապետյանը
Возглавляющие список партии Национально-демократический полюс Геворг Карапетян и Армине Сахоян во время марафона (9 мая 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ցուցակը գլխավորող Գևորգ Կարապետյանը

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն

Այս կուսակցությունն առաջարկում է որդեգրել «Երկիր-կամուրջ» մոդելը՝ հղում անելով Սինգապուրի փորձին, որը կարողանում է հոյակապ հարաբերություններ պահպանել ինչպես Չինաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին անդամակցությանը, կուսակցության դիրքորոշմամբ՝ այդ հարցը պետք է որոշի ժողովուրդը: Կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանի խոսքով` պատմական փորձը ցույց է տվել՝ երբ Հայաստանը կոնկրետ աշխարհաքաղաքական բևեռ է ընտրել, արդյունքում տարածքներ է կորցրել, ուստի պետք է խուսափել միակողմանի բևեռացումից:
Կուսակցությունը չունի հրապարակված նախընտրական ծրագրիր։
© Photo : Քոչարի Ազգային Վերածնունդ և Ազգի ԶարթոնքԱԲ–ով մշակված լուսանկար․«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության առաջնորդ Արտակ Սարգսյան
ԱԲ մշակված պատկեր․ Քոչարի Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք կուսակցության առաջնորդ Արտակ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
ԱԲ–ով մշակված լուսանկար․«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության առաջնորդ Արտակ Սարգսյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

ՀԱԿ-ի արտաքին քաղաքական հայեցակարգը հիմնված է «TRIPP+BRICS» և «Երկիր-կամուրջ» թեզերի համադրման վրա: Ուժը պատրաստ է հարգել ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները և շարունակել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, սակայն դա պետք է արվի ինքնիշխանության ամրապնդման դիրքերից՝ բացառելով ներքին գործերին միջամտությունը և միակողմանի կախվածությունը հարևաններից:
Դրա համար առաջարկվում է կառուցել միջազգային մեծ կոալիցիայի կողմից ֆինանսավորվող տրանսպորտային հանգույց, այդ թվում՝ Իրան-Հայաստան երկաթուղին, որը կներդաշնակեցնի գերտերությունների շահերը: Կուսակցությունը պնդում է, որ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ Հայաստանը պետք է պահպանի բացարձակ չեզոքություն և չբռնի որևէ կողմ՝ կործանարար պատժամիջոցների տակ չընկնելու համար: Ըստ ուժի վերլուծության՝ հնարավոր է վստահելի հարաբերություններ ունենալ միաժամանակ և՛ ՌԴ-ի, և՛ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի, Հնդկաստանի ու Չինաստանի հետ:
© SputnikԼևոն Զուրաբյան
Левон Зурабян на презентации предвыборной программы партии Армянский национальный конгресс (7 мая 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Լևոն Զուրաբյան

«Հանրապետություն» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցությունն առաջարկում է կտրուկ, ժամկետներով հստակեցված արևմտամետ ռազմավարություն և ռուսական ազդեցության ամբողջական չեղարկում: Ուժի ծրագրային պահանջներն են՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը դուրս գալ ՌԴ-ի հետ համատեղ ՀՕՊ համակարգից, մեկ տարվա ընթացքում դուրս գալ ՀԱՊԿ-ից, չեղարկել անկախացումից հետո ՌԴ-ի հետ կնքված պայմանագրերն ու ստորագրել նոր իրողություններին համապատասխան համաձայնագիր, ինչպես նաև մինչև 2031 թվականը դուրս գալ ԱՊՀ-ից և ԵԱՏՄ-ից՝ ապահովելով տնտեսության անցնցում անցում:
Փոխարենը կուսակցությունը նպատակադրված է սեղմ ժամկետներում ռազմական դաշինքներ ձևավորել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, արագացնել TRIPP նախագծի իրականացումը, և մինչև 2032 թվականը օրենսդրորեն ու տնտեսապես նախապատրաստել երկիրը ԵՄ անդամակցությանը` ավարտելով CEPA-ն (ԵՄ–ի և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) և վիզաների ազատականացումը: Նախատեսվում է նաև դիվանագիտական կապերի հաստատում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, դաշնակցային կապեր Իսրայելի ու արաբական երկրների հետ, և առևտրի խորացում Հնդկաստանի ու Միջին Ասիայի հետ:
© Photo : press office of the Hanrapetutyun PartyԱրամ Սարգսյան
Кадр из видео агиткампании лидера партии Республика Арама Саркисяна (3 июня 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Արամ Սարգսյան

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցություն

Այս ուժի արտաքին քաղաքական փիլիսոփայությունը ձևակերպված է կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հարցազրույցների միջոցով:
Շիրինյանը հստակորեն մերժում է որևէ արտաքին աշխարհաքաղաքական կենտրոնին կուրորեն հարելու տերմինները, օրինակ՝ այս կամ այն ուժի «մետ» լինելը: Ըստ նրա առաջարկած մոտեցման՝ Հայաստանի քաղաքացին և պետությունը պետք է առաջնորդվեն բացառապես «հայամետ» և «հայակենտրոն» սկզբունքով, ինչը ենթադրում է բալանսավորված քաղաքականության վարում և ակտիվ աշխատանք բոլոր հնարավոր արտաքին ուղղություններով: Սակայն մինչ ընտրությունները Շիրինյանի և նրա կուսակցության գործողություններն ավելի արևմտամետ ուղղվածության են եղել։
© Photo : official site of the Parliament of RAԼևոն Շիրինյան
Левон Ширинян во время парламентских слушаний о вынесении вопроса о подаче РА заявки на членство в ЕС на референдум (21 июня 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Լևոն Շիրինյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

Կուսակցությունն առաջարկում է անցում կատարել «կողմնորոշման» քաղաքականությունից դեպի «ինքնորոշման» քաղաքականություն՝ հրաժարվելով անվտանգության հարցերում գերտերություններին ապավինելուց և հիմնվելով քաղաքական ռեալիզմի վրա: Ուժը պնդում է, որ Հայաստանը չպետք է վարի «հակա»–ների քաղաքականություն, այսինքն` հակառուսականություն կամ հակաարևմտականություն, իսկ խաղաղության հիմքում պետք է դրվի ուժային բալանսի վերականգնումը ` ներառյալ փոխադարձ ոչնչացման երաշխավորված օրակարգը:
Միջազգային գործակցության շրջանակում ուժը նախատեսում է բազմամակարդակ հարաբերությունների շարունակական խորացում ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, բազմավեկտոր հարաբերություններ ԵՄ-ի հետ, կապերի բարձրացում նոր մակարդակի ԱՄՆ-ի հետ, ռազմավարական մակարդակի խորացում Վրաստանի ու Իրանի հետ, ինչպես նաև որակապես նոր հարաբերություններ Չինաստանի, Հնդկաստանի և արաբական աշխարհի հետ:
© Photo : Democratic Consolidation PartyԿուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյան
Лидер партии Демократическое объединение Сурен Петросян во время встречи с жителями Воскепара (10 мая 2026). Тавуш - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյան

«Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցություն

Այս ուժի արտաքին քաղաքականության հիմքում ընկած է բազմավեկտոր դիվերսիֆիկացիան՝ աշխարհաքաղաքական կախվածությունների ռիսկերը նվազեցնելու նպատակով: Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկվում են որպես վերաիմաստավորման ենթակա ռազմավարական գործընկերություն, որտեղ Հայաստանի մասնակցությունը եվրասիական տնտեսական և անվտանգային կառույցներում պետք է լինի ակտիվ և նախաձեռնողական: ԵՄ-ի հետ կապերը կարևորվում են պետական համակարգի խորքային և դատաիրավական բարեփոխումների համար, իսկ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները՝ քաղաքական երկխոսության և տեխնոլոգիական ներդրումների ընդլայնման համատեքստում: Հատուկ ուշադրություն է դարձվում Հնդկաստանի, Չինաստանի և արաբական երկրների հետ կապերին:
Իրանն ու Վրաստանը համարվում են բարեկամ երկրներ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, իսկ Ադրբեջանի հետ միակողմանի զիջումների մոդելը բացարձակապես մերժվում է: Ուժը պնդում է, որ խաղաղության որևէ գործընթաց չի կարող լիարժեք լինել առանց արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովման:
© Photo : Social media of Vardan GhukasyanՎարդան Ղուկասյան
Вардан Гукасян - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Վարդան Ղուկասյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Գործող իշխանական ուժը հայտարարում է, որ իր որդեգրած «հավասարակշռված և հավասարակշռման» արտաքին քաղաքականությունն արդեն իսկ ապահովել է արտաքին միջավայրի կայունացումը, և այն դիտարկվում է որպես 2026-2031 թթ. ռազմավարություն: Հիմնական հենասյունը «տարածաշրջանացումն» է՝ սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելու մոդելը, ինչի շրջանակներում կարևորվում են հարաբերությունները Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, տարածաշրջանային ապաշրջափակումը (TRIPP նախագիծ, Գյումրի-Կարս երկաթուղի) և «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը: Ուժը նաև կարևորում է «3+3» ձևաչափի զարգացումը, որտեղ ՌԴ ներգրավվածությունն օգտագործվում է ՀՀ-ՌԴ հարաբերությունների կառուցողական տրանսֆորմացիայի համար: Ներդրվել է նաև «Տարածաշրջանացում-2» հայեցակարգը՝ ուղղված Կենտրոնական Ասիային, Մերձավոր Արևելքին (դիվանագիտական կապեր Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ) և Հնդկաստանին:
Ինչ վերաբերում է ԵՄ–ին, ապա անդամակցության գործընթացի մեկնարկին վերաբերող օրենքի և ստորագրված ռազմավարական օրակարգի ֆոնին կուսակցությունը պատրաստվում է շարունակել բարեփոխումները մինչև չափանիշների լիարժեք համապատասխանեցում, որից հետո միայն (ԵՄ պատրաստակամության դեպքում) կկայացվի անդամակցության քաղաքական որոշում: Զուգահեռաբար ուժը հայտարարում է`քանի դեռ ԵՄ մոտարկման բարեփոխումները համատեղելի են ԵԱՏՄ անդամության հետ, Հայաստանը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ: ՀԱՊԿ-ի հարցում ակտիվության վերադառնալու քայլեր չեն նախատեսվում:
© Photo : press office of the Civil Contract Party Նիկոլ Փաշինյան
Никол Пашинян во время агиткампании (30 мая 2026). Тавуш - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Նիկոլ Փաշինյան

«Հայաստան» դաշինք

Դաշինքի արտաքին քաղաքականությունը հիմնված է «իրական շահերի և պետության ռազմավարական նպատակների վրա հիմնված կոմպլեքս դիվանագիտության» վրա: Առանցքային դրույթներից է Ռուսաստանի հետ նոր որակի դաշնակցային հարաբերությունների ապահովումը ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում: Դաշինքը նպատակ ունի բարձրացնել Իրանի և Չինաստանի հետ գործընկերության մակարդակը, ինչպես նաև անդամակցել ԲՐԻԿՍ-ին՝ խոշորագույն շուկաներին ինտեգրվելու համար: Ուժային կենտրոնների հետ վարվելու է հավասարակշռված քաղաքականություն՝ բախումներից խուսափելու համար: ԱՄՆ-ի հետ նախատեսվում է գործընկերություն, իսկ ԵՄ-ի հետ՝ կապերի խորացում CEPA-ի և վիզաների ազատականացման միջոցով: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը տեսնում են առանց նախապայմանների՝ վերադառնալով Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգին, իսկ Ադրբեջանի հետ՝ համաձայնեցման ենթակա հարցերի ամբողջական փաթեթի և միջազգային գործուն երաշխիքների հիման վրա, որտեղ առաջնահերթություն է ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը: Տրանսպորտային ուղիների մասով կարևորվում է Երևան-Գյումրի-Թբիլիսի-Սոչի երկաթուղու վերականգնումը:
Արցախի հիմնախնդրի մասով դաշինքն առաջարկում է իրավունքների պաշտպանության մոդել՝ միջազգայնացնելով հավաքական հայրենադարձության իրավունքը և երաշխավորելով քաղաքացիական ու քաղաքական իրավունքները: Ուժը պահանջում է գործուն քայլեր Ադրբեջանում պահվող բոլոր հայերի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման համար, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանություն և տեղահանվածների սոցիալական ու բնակարանային ապահովում:
© Photo : Social media of Robert KocharyanՌոբերտ Քոչարյան
Роберт Кочарян во время предвыборной агиткампании (23 мая 2026). Даларик - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Ռոբերտ Քոչարյան

«Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն

Այս քաղաքական միավորն առաջարկում է խորքային արևմտամետ կուրս և ռուսական ներկայության լիակատար դադարեցում: Դաշինքը որպես բացարձակ առաջնահերթություն և ռազմավարական տեսլական է սահմանում ԵՄ լիիրավ անդամակցությունը՝ հիմնվելով 2025 թվականին ընդունված «ԵՄ անդամակցության օրենքի» վրա: Նախատեսվում է 2026 թվականի ընթացքում կազմել անդամակցության դիմումի նախապատրաստման ծրագիրը, արագացնել վիզաների ազատականացումը և ադապտացնել գործադիր իշխանության կառուցվածքն այդ նպատակին: ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, հիմնված 2025-2026 թթ. ստորագրված փաստաթղթերի (Ռազմավարական գործընկերության խարտիա, Խաղաղության հռչակագիր, TRIPP նախագծի շրջանակներ) վրա, դիտարկվում են որպես լիակատար ռազմական դաշինքի վերածվելու ներուժ ունեցող գործոն, որտեղ կարևորվում է «Eagle Partner» վարժանքների ընդլայնումը: Հեռահար նպատակ է սահմանված նաև ՆԱՏՕ-ին անդամակցելը և բանակի համապատասխանեցումը դրա չափանիշներին, իսկ 2026-ին նախատեսվում է համաձայնեցնել նոր գործընկերային շրջանակ:
Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով կուսակցությունը պահանջում է իրավապայմանագրային բազայի համապատասխանեցում նոր իրողություններին, ինչը ներառում է ռուսական ռազմական և այլ ուժային ներկայության համալիր և ամբողջական վերացում:
Վրաստանի հետ նախատեսվում է խորացնել ռազմավարական դաշնակցությունը, Իրանի հետ զարգացնել տնտեսական կապերը («Հյուսիս-հարավ» ուղի)։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջնորդվում են խաղաղ բանակցությունների սկզբունքով՝ նպատակ ունենալով 2025-ին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը վերջնականապես ստորագրել 2026 թվականին:
© Photo : Social media of Arman BabajanyanԱրման Բաբաջանյան
Арман Бабаджанян во время предвыборной агиткампании (3 июня 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Արման Բաբաջանյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կայքի «Սիրելի՛ հայրենակից» բաժնում նշված է, որ իրենց արտաքին քաղաքականության հիմնական առանցքը եվրոպական մոդելի պետության կառուցումն է, որտեղ մարդը կենտրոնական արժեք է, սակայն այդ մոդելը, ըստ ուժի հայեցակարգի, չպետք է հակադրվի ազգային արժեհամակարգի և հայկական ինքնության պահպանմանը: Միևնույն ժամանակ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր հարցազրույցներում զգուշավորություն է հայտնում կուրորեն Արևմուտքին վստահելու հարցում՝ նշելով, որ եվրոպական երկրները Հայաստանի իշխանություններին ու ժողովրդին «դուխ» են տալիս այնպես, ինչպես դա անում էին Ուկրաինայում, մինչդեռ այդ երկրում այսօր արհավիրք է:
Ուժն արձանագրում է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա է ճգնաժամ, և ընտրվելու դեպքում հանձնառու է լուծել այն: Մարուքյանի քննադատական մոտեցմամբ՝ գործող իշխանությունները կասկածի տակ են դնում 80 տոկոսանոց ԵԱՏՄ շուկան, որտեղ Հայաստանն իրականացնում է իր արտահանումը: Ուժն առաջարկում է բանիմաց և փորձառու բանակցային թիմի ձևավորել, որպեսզի արտաքին հավասարակշռված քաղաքականություն վարվի և վերջ տրվի Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելուն։
© Photo : press office of the Bright Armenia PartyԷդմոն Մարուքյան
Партия Просвещенная Армения начала предвыборную кампанию с Ерасха (8 мая 2026). Арарат - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Էդմոն Մարուքյան
Հիմնվելով ներկայացված նախընտրական ծրագրերի և հարցազրույցների բովանդակության վրա՝ կարելի է ենթադրել, որ ոմանց առաջարկներում բացակայում է նրանց առաջարկած ծրագրերի հստակ գործիքակազմը և հաշվարկված չեն քաղաքական ու անվտանգային ռիսկերը:
ՀՀ ԱԺ հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Մայիսի 8–ին մեկնարկեց պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Սկզբում ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն, սակայն մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, որը քվեաթերթիկում 13-րդ համարն էր։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրությունների ժամանակ 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0