Երբ 18 մասնակից բանավիճում է, դա վերածվում է արևելյան բազարի. Բադալյան
22:49 02.06.2026 (Թարմացված է: 23:51 02.06.2026)

© Photo : The First Channel
Բաժանորդագրվել
Վերլուծաբանի կարծիքով՝ եթերում շատ կարևոր է, թե մասնակիցներից ով կապահովի հանրության մի ստվար զանգվածի պահանջած շոուն, ու դրանով իսկ կկարողանա հանրության վրա առավելագույն տպավորությունը գործել։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Ընտրական հեռուստաբանավեճի ֆորմատը օրենքով սահմանված արհեստական և անարդյունավետ պահանջ է. Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը` խոսելով Հանրային հեռուստաընկերության եթերում կազմակերպված նախընտրական բանավեճերի մասին։
Հունիսի 1-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվեց խորհրդարանական առաջիկա ընտրությունների առաջին նախընտրական հեռուստաբանավեճը` մասնակից քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների 1-ին 20–յակում ընդգրկված մեկական թեկնածուների մասնակցությամբ։ Մասնակից 18 ուժերից բանավեճին մասնակցելուց հրաժարվել էր միայն «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը։ Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ բանավեճի հրավեր են ուղարկել բոլոր մասնակից ուժերին։
«Երբ խորհրդարանական ընտրության 18 մասնակիցներ են բանավիճում, կամ նույնիսկ թեկուզ դրանից ավելի պակաս, բայց բազում մասնակիցներով ֆորմատ է ստացվում, դա անխուսափելիորեն վերածվելու է կա՛մ, այսպես ասենք, արևելյան շուկայի, բազարի, կա՛մ անարդյունավետ է լինելու` մասնակից ուժերի մոտեցումները ներկայացնելու տեսանկյունից։ Այդ բազմազանության մեջ դժվար է անգամ ռացիոնալ և հնարավորինս ամբողջական ներկայացնել սեփական մոտեցումները։ Հետևաբար, օրենքով սահմանված այդ պահանջը խորհրդարանի ընտրության վերաբերյալ բացարձակ արհեստական և ոչ էֆեկտիվ պահանջ է, և, կարծում եմ, ընդամենը ձևականություն է ապահովում»,– ասում է Բադալյանը։
Վերլուծաբանը նաև ընդգծում է, որ հեռուստաբանավեճի ֆորմատն ի վերջո ստեղծվել է որպես հեռուստատեսային և ընտրական պրոցեսի շոուների կարևոր բաղադրիչ։ Հետևաբար, եթերում շատ կարևոր է, թե մասնակիցներից ով կապահովի հանրության մի ստվար հատվածի պահանջած շոուն ու դրանով իսկ կկարողանա հանրության վրա առավելագույն տպավորությունը գործել։
«Ծրագիրն ու շոուն այնքան են խառնվում, որ բանավեճը չի կենտրոնանում ծրագրային մոտեցումների վրա։ Մասնակից ուժերն էլ տրամաբանորեն առաջին պլան են մղում այդ ֆորմատին համապատասխանող թեկնածուին, ով կկարողանա աչքի ընկնել ճարտարությամբ, աղմկելու կարողությամբ։ Ցավոք, մեր հեռուստաբանավեճերում, որպես կանոն, հենց աղմկելու անհրաժեշտություն է լինում ավելի շատ։ Հատկապես այն ուժերը, որոնք չունեն փաստարկներ և չունեն իրենց ուղղված հարցերին էական պատասխաններ, գերադասում են աղմուկի մեջ այդ ամեն ինչը խլացնել, լղոզել և անցնել»,– նկատում է Բադալյանը։
Այս տեսանկյունից նախօրեի բանավեճում մեր զրուցակիցը հատկապես առանձնացնում է իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի վարքագիծը` միաժամանակ արձանագրելով, որ բանավեճի մոդերատորները ակնհայտ հանդուրժող էին նրա հանդեպ` ի տարբերություն մյուս մասնակիցների։
«Իհարկե, մենք հասկանում ենք, որ ապրում ենք հայաստանյան իրականության մեջ, բայց բանավեճի մասնակից մյուս ուժերը, մասնակցելու որոշում կայացնելիս, պետք է հաշվի առնեն այդ իրողությունները»,– քաղաքական ուժերին խորհուրդ է տալիս Բադալյանը։
Անդրադառնալով բանավեճի մյուս մասնակիցներին վերլուծաբանն ասում է, որ իր համար բավական զարմանալի էր նրանց շարքերում տեսնել Հմայակ Հովհաննիսյանին։
«Նա, եթե չեմ սխալվում, Քաղաքագետների միության նախագահն էր մոտ 2 տասնամյակ առաջ։ Փաստորեն հիմա նա է մասնակցում ընտրությանը։ Դա նշանակում է, որ մեր խորհրդարանի ընտրությունը «երկրաբանական բոլոր շերտերը» ներառում է։ Իհարկե, կային նաև նոր դեմքեր` ոչ թե սերնդի իմաստով, այլ նոր անվանումների, և, կար նաև նոր սերունդ։ Բազմազանությունը միանգամայն նորմալ և օբյեկտիվ է, բայց հարցն այն է, որ ակնհայտորեն կան ուժեր, որոնք առաջատար են և ունեն շատ մեծ հնարավորություններ, և կան ուժեր, որոնք ակնհայտորեն հազիվ 1-2 % ձայն են հավաքելու»,– ասում է Բադալյանը` կարծիք հայտնելով, որ բանավեճը պետք է լինի ոչ թե օրենքի պահանջ, այլ լրատվամիջոցներն իրենք որոշեն`թիրախային ինչ բանավեճեր կազմակերպեն և որ ուժերի մասնակցությամբ։
Օրենքի պահանջով կազմակերպվող բանավեճերը, նա գնահատմամբ, չեն նպաստում բանավիճային մշակույթի զարգացմանն ու այդ ինստիտուտի կայացմանը։
Հավելենք, որ մինչև ընտրությունները Հանրայինը նախատեսում է ևս 2 բանավեճ կազմակերպել, վերջինը` առաջին դեմքերի մասնակցությամբ։