Վարդան Օսկանյանը հերքում է` 2007 թ.–ին Ադրբեջանի ռազմական բալանսը 5 անգամ ավելի չէր ՀՀ–ից
15:09 31.05.2026 (Թարմացված է: 15:41 31.05.2026)
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին արտգործնախարարի խոսքով` ռազմական բալանսի խախտման վերաբերյալ Պետրոս Ղազարյանի հնչեցրած տեղեկությունը բացարձակ իրականությանը չի համապատասխանում։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցում հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանի հնչեցրած այն միտքը, թե 2007 թվականին Ադրբեջանը 5 անգամ ավելի շատ էր զինվում, քան Հայաստանը, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր սոցցանցում հրապարակած տեսանյութում։
Նշենք, որ մայիսի 29–ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Հարցազրույցի ընթացքում Ղազարյանը հայտարարեց, որ երբ Ռոբերտ Քոչարյանը եկավ պաշտոնավարման Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բալանսը գրեթե հավասար էր, իսկ 2007 թվականին Ադրբեջանի ռազմական բալանսը 5 անգամ ավելի էր Հայաստանի ռազմական բալանսից։ Քոչարյանը հակադարձեց, որ Ղազարյանը խեղաթյուրում է իրականությունը և հաշվի չի առնում, որ այդ թվերում ներառված չէ այն ամբողջ զենք–զինամթերքը, որը գտնվում էր Արցախում` Պաշտպանության բանակի բալանսի վրա։
«Ռազմական բալանսի խախտման վերաբերյալ տեղեկությունը բացարձակ իրականությանը չի համապատասխանում, չգիտեմ` Պետրոսին ինչ թվեր են տվել, բայց սա այն հարցն է, որ ես լավ եմ տիրապետում։ Այդ հավասարությունը ոչ միայն չէր խախտվել, այլ ճիշտ հակառակը, Քոչարյանի նախագահության 10 տարիների ընթացքում Հայաստանն ու Արցախը միասին առավելություն են ունեցել Ադրբեջանի նկատմամբ»,–ասաց Օսկանյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը 1992 թվականից միացել է «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին» պայմանագրին (ՍԶՈւ), որտեղ շատ հստակ քվոտաներ են եղել Հայաստանի և Ադրբեջանի համար բոլոր զինատեսակների մասով։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը 1992 թվականից միացել է «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին» պայմանագրին (ՍԶՈւ), որտեղ շատ հստակ քվոտաներ են եղել Հայաստանի և Ադրբեջանի համար բոլոր զինատեսակների մասով։
Նրա խոսքով` պայմանագիրը վավերացրած երկիրն իրավունք ուներ տարին մեկ անգամ պահանջել տեղեկություն մեկ այլ երկրի ռազմական տեխնիկայի վերաբերյալ, որից հետո ԵԱՀԿ–ն ուղարկում էր մասնագետների խումբ` տվյալ երկրում ստուգումներ անցկացնելու։
«Մենք հետևողականորեն ամեն տարի անում էինք դա, ուղղակի վստահ լինելու համար, որ Ադրբեջանը որևէ ձևով չի գերազանցում մեզ, և մենք կարողանում ենք այդ հավասարակշռությունը պահել»,–ասաց նա։
«Մենք հետևողականորեն ամեն տարի անում էինք դա, ուղղակի վստահ լինելու համար, որ Ադրբեջանը որևէ ձևով չի գերազանցում մեզ, և մենք կարողանում ենք այդ հավասարակշռությունը պահել»,–ասաց նա։
Օսկանյանի խոսքով` օրինակ 2008 թվականին Հայաստանը գրանցել է 170 տանկ, Ադրբեջանը` 220, սակայն պետք է հաշվի առնել, որ Արցախում առկա զրահատեխնիկան չի հաշվարկվել։ Նա վստահ է, որ Արցախի զինտեխնիկայով ծածկվել է այդ 50 տանկի տարբերությունը։ Նույնը վերաբերում է մյուս զինատեսակներին։
«Միակ տարբերությունը ռազմական բյուջեի տարբերությունն է, որ Ադրբեջանը ավելի շատ փող է ծախսել, քան Հայաստանը։ Դա էլ այն պատճառով, որ Հայաստանը ռազմական տեխնիկա է ձեռք բերել շատ ավելի հարմար գներով, նույնիսկ կարող եմ ասել, որ հաճախ այդ ռազմատեխնիկայի համար չի վճարել։ Այնպես որ այդ բյուջեի թվի տարբերությունը նույնիսկ էական որևէ տարբերություն չէր կարող ունենալ։ Սրանք ԵԱՀԿ թվերն են, ցանկացածը կարող է մտնել և ստուգել»,–ասաց նա։
Նշենք, որ Ղազարյանի հետ հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրեց, որ 44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահն անձամբ է հայտարարել, որ ՀՀ իշխանությունը Ղարաբաղում 5 մլրդ դոլարի զենք–զինամթերք է թողել։
