Ռուբիոյի այցը ՀՀ իշխանության կողմից օգտագործվելու է նաև նախընտրական նպատակներով. քաղաքագետ
14:35 26.05.2026 (Թարմացված է: 14:51 26.05.2026)

© REUTERS / Julia Demaree Nikhinson
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Արման Ղուկասյանի դիտարկմամբ` ԱՄՆ–ն ներգրավվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պրոցեսում, քանի Ռուսաստանը զբաղված էր ուկրաինական ուղղությամբ, և հետևողական շարունակելու է այդ գիծը։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ ԱՄՆ–ն ամեն ինչ անում է Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու համար, և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոի այցը Հայաստան հենց այս տրամաբանության մեջ է։ Sputnik Արմենիային այս մասին ասաց քաղաքագետ Արման Ղուկասյանը։
«Իրենք ներգրավվեցին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պրոցեսում, քանի Ռուսաստանը զբաղված էր ուկրաինական ուղղությամբ, և այստեղ բնական է, որ իրենք հետևողական շարունակելու են այդ գիծը»,– կարծում է քաղաքագետը։
Ղուկասյանի դիտարկմամբ` ինչպես եվրոպական հանրության համաժողովը, այնպես էլ Մարկո Ռուբիոյի այցը, ՀՀ իշխանությունների կողմից օգտագործվելու է նաև նախընտրական նպատակներով։
«Իրենք պետք է ցույց տան, որ փայլուն արտաքին քաղաքականություն են վարում։ Երբ խոսում են ներքին քաղաքականությունից, տնտեսությունից, կարծես ընդհանրապես խնդիրներ չկան։ Հետևաբար, իրենց խնդիրը ընտրություններից առաջ` մանավանդ նախընտրական փուլում, անցած 5 տարիների արդյունքը փայլուն ներկայացնելն է` թե՛ Եվրոպական միության, թե՛ առանձին վերցրած երկրների մասով։ Արևմուտքն իր հերթին աջակցում է Հայաստանի այսօրվա կուրսին, քանի որ դա նաև իրենց շահերից է բխում, որ Հայաստանը վարի արևմտամետ քաղաքականություն»,– նշում է Ղուկասյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ` աշխարհն այսօր տուրբուլենտ վիճակում է, ուժային կենտրոնների միջև հարաբերությունները լարված են և բնական է, որ Հարավային Կովկասն ավելի հետաքրքիր է դարձել նաև այդ կենտրոններից յուրաքանչյուրի համար։
«Հստակ է, որ կա որոշակի հետաքրքրություն Արևմուտքի կողմից։ Բնական է, որ Ռուսաստանը որպես գերիշխող ուժ է դիտարկվում, և հիմա դրան գումարվել է նաև մեկ այլ, ավելի մեծ գործոն` Իրանի գործոնը, և նաև Թուրքիայի ազդեցության ուժեղացումը։ ԱՄՆ–ի և ԵՄ–ի համար հետաքրքրությունը իրենց արտաքին քաղաքական շահերն առաջ տանելն է։ Իրանն իրենց համար խանգարող գործոն է, Ռուսաստանն իրենց համար խանգարող գործոն է։ Իսկ մեծերի բախման մեջ փոքր երկրները պետք է խուսափեն այդ կիզակետում հայտնվելուց»,– պարզաբանում է քաղաքագետը։
Ղուկասյանը չի պնդում, թե մեծերի բախումից խուսափելով` Հայաստանը պետք է չհամագործակցի ո՛չ ԵՄ–ի, ո՛չ Ռուսաստանի հետ։ Խնդիրը, նրա բնորոշմամբ, ճիշտ առաջնահերթություններ առանձնացնելն է։
«Օրինակ, եթե մենք ասում ենք, որ գնում ենք դեպի ԵՄ, մենք պետք է բաց լինենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ։ Ոչ թե ասենք, որ մենք երբեք հակառուսական քայլեր չենք անի, Ռուսաստանը մեր համար բարեկամ երկիր է, և մի օր այսպես հայտարարենք, մյուս օրը հայտարարենք, որ չէ՛, մենք գնում ենք դեպի ԵՄ, Զելենսկուն բերենք Հայաստան։ Սա, բնական է, խնդիր է առաջացնում խոշոր խաղացողների և մեր հարաբերությունների մեջ»,– նշում է Ղուկասյանը։
Մեր զրուցակցի կարծիքով` ՀՀ իշխանությունները պետք է հստակ իրենց առաջնահերթությունների ցանկը հրապարակեն և վերջնական որոշում կայացնեն նաև ՀԱՊԿ–ի վերաբերյալ։
«Իմ տպավորությամբ` մեր ռուսաստանյան գործընկերների վրդովմունքը և անընդհատ ինչ-որ հայտարարություններ անելը հենց կապված է այդ անորոշ իրավիճակի հետ։ Իրենք ասում են՝ մենք հասկանանք մեր ռազմավարությունը ձեր նկատմամբ. եթե դուք մեզ դաշնակից երկիր եք, բնական է` ձեզ հետ կլինենք որպես դաշնակից, եթե դուք ուղղակի զուտ գործընկեր եք, մենք կլինենք որպես գործընկեր, եթե դուք ԵԱՏՄ անդամ չեք լինելու, ՀԱՊԿ անդամ չեք լինելու, ուրեմն այստեղ ամեն ինչ շատ պարզ և հստակ է այլևս»,– ասում է Ղուկասյանը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին ցերեկը կժամանի Երևան։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ Միրզոյանի և Ռուբիոյի հանդիպման արդյունքներով նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում, իսկ կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: