ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկվե՞լ է հայ գերիների հարցը. Միրզոյանի պատասխանը

© Photo : press office of MFA of RA
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ Բաքվում պահվող հայ գերիների և պահվող անձանց վերադարձի հարցը մշտապես գտնվում է օրակարգում։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ադրբեջանում պահվող գերիների ու պահվող անձանց հարցը մշտապես երկխոսության մաս է։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով հարցին` արդյոք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել են Բաքվում պահվող հայ գերիների հարցը։
Այսօր մոտ մեկ ժամով ՀՀ ժամանած Ռուբիոն և Արարատ Միրզոյանը «Զվարթոցում» նախաստորագրեցին և ստորագրեցին մի շարք փաստաթղթեր և հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Այնուհետև Ռուբիոն մեկնեց Հայաստանից։
Լրագրողները Միրզոյանից հետաքրքրվեցին` ԱՄՆ–ն ունի՞ ռեալ հնարավորություն այս խնդրի առումով որևէ փոփոխություն բերելու։
«Լիազորված չեմ ամերիկյան կողմի անունից խոսելու, սակայն ամերիկյան գործընկերները մշտապես հետաքրքրություն են ցուցաբերել այս հարցի նկատմամբ ու ջանքեր են գործադրել, և ԱՄՆ գործընկների հետաքրքրությունն այս հարցում չի նվազել։ Անցյալում հիշում ենք դեպքեր, որ այս ջանքերը հաջողությամբ են պսակվել, և մեծ հույս ունեմ, որ այս հարցում առաջիկայում նոր հաջողություն կարող ենք արձանագրել։ Այս հարցի շուրջ երբեք հավաստիացումներ չեմ տվել՝ մտածելով, որ այն ոլորտն ու թեման է, որ երբ հաջողություն է արձանագրվում, բոլորն իմանում են, իսկ այդ հաջողությունը մեկն է՝ նոր գերիների ազատ արձակումը, և քանի դեռ չկա նման հաջողություն՝ նոր խմբի ազատ արձակում, ինչքան ուզում ենք, քննարկենք»,– ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին դատապարտեց 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման: Այս գործով ընդհանուր առմամբ անցնում էր 15 անձ։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել էր և քննվում էր առանձին վարույթում: Վարդանյանը հրաժարվել է դատավճռի բողոքարկումից. նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել էր և քննվում էր առանձին վարույթում: Վարդանյանը հրաժարվել է դատավճռի բողոքարկումից. նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում։