Նախընտրական շոու. ռազմական փորձագետը` զենքի արտահանման հայտարարության մասին

Կարեն Վրթանեսյանը. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Կարեն Վրթանեսյանը հիշեցնում է, որ նման բարձրագոչ մի հայտարարություն էլ արվեց հայկական արբանյակի մասին։ Մինչդեռ պարզվեց, որ դա ոչ թե հայկական է, այլ Իսպանիայում ստեղծված։ Դրա գոյության 3․5 տարվա ընթացքում ընդամենը 20 լուսանկար հրապարակվեց, այն էլ ցածր խտության։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Նախընտրական քարոզարշավի մի մաս է. ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես արձագանքեց զենքի վաճառքի մասին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարությանը։
Հայրապետյանն այսօր հայտնել էր, որ մայիս ամսվա ընթացքում հայկական 3 ընկերություններ 2 տարբեր երկրներ զենք են արտահանել։ Թե որ ընկերությունները, ինչ զենք, և որ երկրներ են արտահանել, Հայրապետյանը չի մանրամասնել։ Նշել է միայն, որ այդ ընկերությունները բավականին բարդ լոգիստիկ խնդիրներ են հաղթահարել դա իրականացնելու համար։
Վրթանեսյանը հիշեցնում է, որ նման բարձրագոչ մի հայտարարություն էլ արվեց հայկական արբանյակի մասին։ Մինչդեռ պարզվեց, որ դա ոչ թե հայկական է, այլ Իսպանիայում ստեղծված։ Դրա գոյության 3․5 տարվա ընթացքում ընդամենը 20 լուսանկար հրապարակվեց, այն էլ ցածր խտության։
«Հիմա այս զենքի մասին ոչ մի բան չի ասվում` ինչ է, ուր է արտահանվել։ Գուցե հատային ինչ-որ գործիք է, գուցե Ադրբեջան է արտահանել, չիմանա՞նք։ Մի խոսքով` այդ խորհրդավոր դեմքով արված հայտարարությունները, որտեղ ոչ մի կոնկրետ բան չկա, չեմ կարծում, որ իմաստ ունի լուրջ քննարկել»,– նկատեց փորձագետը։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, խոսելով մայիսի 28–ին նախանշված զորահանդեսի մասին, ասել էր, որ զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու, հրաժարվելու։ Ուստի Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեցինք` այդ համատեքստում զենքի արտահանման մասին հայտարարելը` առանց երկիրն ու զինատեսակը նշելու, ինչպե՞ս կընկալվի Փաշինյանի ակնարկած հարևանների կողմից։
«Ես Փաշինյանին հարց կտայի. իսկ Ադրբեջանը իր զորահանդեսներն անելիս Հայաստանին հարցնո՞ւմ է։ Վստահ եմ, որ ոչ։ Այսինքն՝ նորից պետք է արձանագրենք, որ այս ամբողջ խոսակցությունը նախընտրական արշավի մի մասն է` թե՛ այդ իբր զորահանդեսը, թե՛ այդ հայտարարությունները զենքի իբր աննախադեպ արտահանման մասին»,– ասաց Վրթանեսյանը` միաժամանակ արձանագրելով, որ նախկինում էլ է ՀՀ–ից զենք արտահանվել, և առանց Ադրբեջանից թույլտվություն հարցնելու։
Նախընտրական շոուից շատ ավելի Կարեն Վրթանեսյանին, սակայն, մտահոգում է Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ զորահանդեսից հետո զինտեխնիկան դեռ որոշ ժամանակ մնալու է Երևանում։
«Մայիսի 28-ից հունիսի 7–ը, այդ 10 օրը արդյոք ընտրությունների վրա ազդելու, ՀՀ քաղաքացիներին սպառնալում միջոց չէ՞»,– հռետորական հարց հնչեցրեց փորձագետը։
Հիշեցնենք` ապրիլի 15 –ին, Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2025 թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մայիսի 28–ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացվի զորահանդես, որում կներկայացվի ոչ միայն 2022 թվականից հետո ձեռք բերված, այլև հայկական արտադրության սպառազինությունը։
Հիշեցնենք` ապրիլի 15 –ին, Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2025 թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մայիսի 28–ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացվի զորահանդես, որում կներկայացվի ոչ միայն 2022 թվականից հետո ձեռք բերված, այլև հայկական արտադրության սպառազինությունը։