Ադրբեջանցիներն Արցախում պղծել են ազատամարտիկների գերեզմանոցը
10:42 13.05.2026 (Թարմացված է: 10:48 13.05.2026)

© Photo : armradio.am
Բաժանորդագրվել
Ադրբեջանցիները տեսանյութ են տարածել իրենց գործողությունների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Ադրբեջանը վանդալիզմի հերթական թիրախ է դարձրել օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։
«Սոցցանցերի մշտադիտարկման արդյունքում ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանի իշխանությունների վանդալիզմի հերթական թիրախը դարձել է ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։ Առաջին հերթին ակնհայտ է էթնիկ և կրոնական թիրախավորման հանգամանքը։ Գերեզմանաքարերի վրա առկա հայերեն արձանագրություններն ու զոհված ազատամարտիկների պատկերները հստակ ցույց են տալիս, որ թիրախավորվել է ոչ թե պարզապես գերեզմանոց, այլ հայկական ինքնության, ազգային հիշողության և հոգևոր ժառանգության կարևորագույն վայր»,- հայտնել է Ավանեսովը։
Նշվում է, որ սա սովորական վանդալիզմ չէ, այլ էթնիկ ատելության վրա հիմնված կանխամտածված գործողություն։
Տեսանյութում արձանագրված գործողություններն Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենն անվանել է ցինիզմ և սրբապղծություն։ Ավանեսովը հայտնել է, որ տեսանյութի հեղինակը միտումնավոր քայլում է տապանաքարերի վրայով, կանգնում հանգուցյալների դիմանկարների վրա, հարվածում ու պղծում դրանք։

Ադրբեջանցիները Վաղուհասում պղծել են ազատամարտիկների գերեզմանոցը
© Photo : Social media
Ավանեսովն առանձնակի վտանգավոր և դատապարտելի է համարել նաև հոգեբանական ահաբեկչության բաղադրիչը։ Գործողությունների տեսաձայնագրումը և այնտեղ հնչող ադրբեջաներեն արտահայտությունները փաստում են, որ կատարվածը նպատակ ունի ոչնչացնել հայկական մշակութային ներկայության հետքերը։
Տեսանյութը պահպանվում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի արխիվում՝ որպես հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող հերթական հանցավոր գործողության փաստական ապացույց։
Ավանեսովը հայտնել է նաև, որ սա Վաղուհաս գյուղում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի պղծման առաջին արձանագրված դեպքը չէ։ Նմանատիպ գործողություններ եղել են նաև 2024 թվականի հունվարի 5-ին․ ադրբեջանցի զինվորները ոչնչացրել էին գյուղի ճանապարհամերձ հատվածում գտնվող 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Մխիթար Աղաբեկյանի հիշատակին 2021 թվականին կանգնեցված խաչքարը։
Ավանեսովը հայտնել է նաև, որ սա Վաղուհաս գյուղում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի պղծման առաջին արձանագրված դեպքը չէ։ Նմանատիպ գործողություններ եղել են նաև 2024 թվականի հունվարի 5-ին․ ադրբեջանցի զինվորները ոչնչացրել էին գյուղի ճանապարհամերձ հատվածում գտնվող 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Մխիթար Աղաբեկյանի հիշատակին 2021 թվականին կանգնեցված խաչքարը։