ԱԷԿ-ի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը կարող է 100 տարով փակել Հայաստանի կարիքները. Կալուգին
11:26 12.05.2026 (Թարմացված է: 11:27 12.05.2026)

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը. Արխիվային լուսանկար
© Sputnik / Фотохост-агентство brics-russia2020.ru
/ Բաժանորդագրվել
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանին և Հայաստանին միավորում են անվտանգության ոլորտում պարտավորությունները, մինչդեռ ԵՄ-ն այս բնագավառում որևէ շոշափելի այլընտրանք չի առաջարկում։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող է փակել հանրապետության կարիքները հաջորդ մեկ դարի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
««Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել է մեծ հզորության կայանի նախագիծ, որը, եթե հայկական ղեկավարությունը ցանկանար, կփակեր երկրի էներգետիկ կարիքները հաջորդ տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակի համար։ Միևնույն ժամանակ, այն էլեկտրաէներգիայի էժան սակագներ կապահովեր վերջնական սպառողի համար, ինչը, բացի մնացած ամեն ինչից, զգալիորեն կխթաներ երկրի արդյունաբերության աճը»,-ասել է նա։
Դիվանագետը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ռուսաստանը համաշխարհային ատոմային տեխնոլոգիաների ոլորտում առաջատարն է և միշտ կարող է Հայաստանին փոխանցել իր մշակումներն ու փորձը հանրապետության համար կարևոր այնպիսի ոլորտում, ինչպիսին էներգետիկան է։
Կալուգինը նաև նշել է, որ Ռուսաստանին և Հայաստանին միավորում են անվտանգության ոլորտում պարտավորությունները, մինչդեռ Եվրամիությունը Երևանին որևէ շոշափելի այլընտրանք չի առաջարկում այս ոլորտում։
«Այս ճարտարապետության կարևոր տարր է ՀԱՊԿ-ը։ Մեզ համար Երևանի կողմից կազմակերպությանն իր անդամակցության «սառեցումը» պարտավորությունների էությունը չի փոխում։ Դժվար է պատկերացնել, թե նման երաշխիքներն ինչով կարելի է փոխարինել։ Ինչպես համոզվեցինք Երևանում ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթնաժողովների ժամանակ, շոշափելի այլընտրանք ոչ ոք չի առաջարկում»,-նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր հերթին ոչ միայն կարող է առաջարկել, այլև երկար տարիներ իրականում և արդյունավետ կերպով ապահովում է Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը։
«Մենք հանրապետության գլխավոր առևտրատնտեսական գործընկերն ենք։ 2025 թվականի արդյունքներով ՀՀ–ի արտաքին առևտրաշրջանառության 36%-ը բաժին է ընկել մեր երկրին (այն դեպքում, երբ ԵՄ-ին բաժին է ընկել շուրջ 10%)։ Ռուսական շուկա է մտնում գյուղմթերքի 98%-ը և թունդ ալկոհոլային խմիչքների արտահանման 78%-ը։ Արտաքին առևտրային հաշվարկների 98%-ն իրականացվում է ազգային արժույթներով։ Հայաստանում մեկնարկել են հայրենական բիզնեսի տասնյակ նախագծեր՝ 4,2 միլիարդ դոլարի կուտակված ներդրումներով»,-նշել է դիվանագետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը առավել շահավետ առաջարկ է փնտրում նոր ատոմակայանի կառուցման հարցում։ Միևնույն ժամանակ, փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել էր, որ ամերիկացիները 9 միլիարդ դոլար կներդնեն Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում և փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարեն։