Վերջին հեղեղումներից հետո Դաղստանի ղեկավարը հրաժարական է տալիս
20:24 30.04.2026 (Թարմացված է: 20:25 30.04.2026)

© Sputnik / Кристина Соловьёва
Բաժանորդագրվել
Հանրապետության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Ֆյոդոր Շչուկինի թեկնածությունը:
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Վերջին հեղեղումներից հետո Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը լքում է պաշտոնը: Նրա հրաժարականի մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Հանրապետության Ժողովրդական ժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Նա (Սերգեյ Մելիքովը. խմբ.) անցնում է այլ աշխատանքի, կյանքը շարունակվում է, առաջ է գնում։ Ամենակարևորն այստեղ այն է, որ հանրապետության ղեկը ստանձնի մի մարդ, որն ի վիճակի է լուծել իր առջև դրված խնդիրները, գիտի, թե ինչ և ինչպես պետք է անել՝ հաշվի առնելով այն, ինչ արվել է մինչ այժմ, և թերևս ամենակարևորը՝ նա կվայելի մարդկանց հարգանքը և վստահությունը», - նշել է ՌԴ նախագահը։
Երկրի ղեկավարը Դաղստանի ներկայացուցիչների հետ քննարկել է հանրապետության ապագա ղեկավարի ընտրությանը վերաբերող հարցեր։ Դաղստանի Ժողովրդական ժողովի անդամներն իրենց հերթին Պուտինին առաջարկել են հանրապետության ղեկավարի պաշտոնում առաջադրել Դաղստանի Գերագույն դատարանի նախագահ Ֆյոդոր Շչուկինին: Նախագահը կողմ է արտահայտվել։
Հիշեցնենք` մարտի վերջին-ապրիլի սկզբին Դաղստանում գրանցված առատ տեղումները զանգվածային հեղեղումների, ջրային և էլեկտրական համակարգերի աշխատանքի խափանումների, ճանապարհների և կամուրջների վնասման են հանգեցրել։
Վնասված տներից տարհանվել է ավելի քան 11 հազար բնակիչ։ Տարերքի զոհ է դարձել 6 մարդ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ ստեղծվել է հեղեղումների հետևանքների վերացման կառավարական հանձնաժողով, որը դաշնային մակարդակի արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել տարածաշրջանում: