Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե հրաժարվենք Մեծամորի ԱԷԿ-ից. մասնագետը վերլուծում է
08:54 27.04.2026 (Թարմացված է: 09:58 27.04.2026)

Մեծամորի ատոմակայանը
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Թե ի վերջո, ինչ ատոմակայանի կառուցմանը ՀՀ իշխանությունը նախապատվություն կտա, էներգետիկ անվտանգության փորձագետի կարծիքով` ամեն ինչ կախված է նրանից, թե տնտեսական զարգացման ինչ մոդել կընտրի պետությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Եթե Հայաստանը հրաժարվի ատոմակայանից, սակայն զուգահեռ գնա արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման ուղիով, ապա շատ արագ կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պակասուրդ` ստիպված լինելով ավելացնել ներկրումը և, որպես հետևանք, բարձրացնել հոսանքի սակագինը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը` անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից փոքր մոդուլային ռեակտորներ կառուցելու մասին հայտարարություններին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում 5 պոտենցիալ գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ: Իսկ փետրվարին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ–ի կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։
Դավթյանն իշխանությունների այս մոտեցումն անընդունելի է համարում և հիշեցնում, որ մոդուլային ռեակտորների մասով ԱՄՆ առաջարկը դեռևս գտնում է հիպոթետիկ տիրույթում. Միացյալ Նահանգները միայն 2032–33 թվականներին է պատրաստվում առաջին մոդուլային ռեակտորը հանձնել շահագործման, թեև միաժամանակ, այդ մոդուլային ռեակտորները կառուցող ընկերությունների և Միջուկային էներգետիկայի պետական ռեգուլյատորի միջև դեռևս առկա են որոշակի խնդիրներ։
«Դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ «Ռոսատոմ սերվիսը» փաստացի միակ ընկերությունն է աշխարհում, որն ունի մոդուլային ռեակտորի և՛ կառուցման, և՛ շահագործման փորձ։ Խոսքն ակադեմիկոս Լոմոնոսովի կողմից սառցահատ նավի վրա շահագործվող ռեակտորի մասին է, որի անալոգով արդեն «Ռուսատոմը» Հայաստանին առաջարկել է 60 ՄՎտ հզորության «RITM–200N» մոդելի միջուկային ռեակտորը՝ հաշվի առնելով նաև մեր սեյսմիկ իրողությունները։ Սա այն մոդելն է, որ շահագործվում է սառցահատ նավի վրա»,– նշեց Դավթյանը։
Ի՞նչ է անում սառցահատը։ Էներգետիկ անվտանգության փորձագետը հիշեցրեց, որ այն հատում է բավականին հաստ` մինչև 4–5 մետրի հասնող սառցե հատվածներ, այսինքն՝ անընդհատ գտնվում է բավականին «սթրեսային» պայմաններում, որոնք հաճախ ավելին են, քան, օրինակ, բարձր մագնիտուդ ունեցող երկրաշարժը։ Հետևաբար, ըստ նրա` այս մոդելն ադապտացված է սեյսմիկ պայմաններին և կարող է համապատասխանել Հայաստանի էներգետիկ և սեյսմիկ պահանջներին։
«Ռուսաստանը, «Ռուսատոմը» Հայաստանի էներգետիկ ավանդական գործընկերներն են, և այն բոլոր աշխատանքները, որոնք իրականացվում են վերջին տարիներին Մեծամորի ատոմակայանի մոդեռնիզացման համար, արվում են «Ռուսատոմի» ուղիղ մասնակցությամբ` որպես գլխավոր կապալառու։ Սա ոչ միայն ռազմավարական կապ է Հայաստանի և Ռուսաստանի միջուկային էներգետիկ համալիրների միջև, այլև կա ընդհանուր գիտական և կադրային հայ–ռուսական դպրոց»,– ասաց Դավթյանը։
Ըստ նրա` եթե որոշում կայացվի ներկրել, օրինակ, դեռևս չփորձարկված արևմտյան տեխնոլոգիաներ, սա նշանակում է ամբողջությամբ վերաձևավորել մեր կադրային, կրթական համալիրը, էներգետիկ սպասարկումը։ Էներգետիկ անվտանգության փորձագետը, սակայն, այլ` ավելի մեծ խնդիր է տեսնում այս դեպքում։ Նա մեջբերում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերն այն մասին` եթե Հայաստանը, այնուամենայնիվ ընտրի փոքր հզորության մոդուլային ատոմակայանների ամերիկյան մոդելը, ապա Մեծամորի ատոմակայանի մոդեռնիզացիայի 2–րդ փուլը, որը պետք է մեկնարկի 2031 թվականից, և երկարաձգի ատոմակայանի գործունեությունը մինչև 2036 թ․, կարող է հայտնվել հարցականի տակ։
«Ի՞նչ է սա նշանակում. եթե Մեծամորի ատոմակայանի 2–րդ էներգաբլոկը 2031 թվականին դուրս է հանվում շահագործումից, իսկ մինչ այդ նոր էներգաբլոկի աշխատանքները դեռևս սկսված չեն լինում, մենք հայտնվում ենք վակուումային իրավիճակում։ Բավականին մեծ բաց է առաջանում Հայաստանի էներգետիկ համակարգում՝ հաշվի առնելով, որ նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ է առնվազն 6–8 տարի»,– զգուշացրեց Դավթյանը։
Նրա խոսքով` պետք է շատ հստակ գնահատենք բոլոր ռիսկերը և, անկախ արտաքին քաղաքական նախասիրություններից ու զարգացումներից, պետք է հասկանանք, որ խաղաղ ատոմը դա այն ոլորտն է, որն այսօր ամբողջ աշխարհում աշխարհաքաղաքական մրցակցության գործիք է։
«Սա է պատճառը, որ Միացյալ Նահանգները շարունակում է այսօր էլ միջուկային վառելիք ներկրել Ռուսաստանի Դաշնությունից։ Թեև կան բավականին լուրջ առճակատումներ Եվրոպական Միության և Ռուսաստանի միջև` աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված, Մոսկվայի և եվրոպական մի շարք դերակատարների միջև միջուկային էներգետիկայի ոլորտում շարունակվում է փոխգործակցությունը։ Սա ամրագրված է դեռևս 1968 թվականին ընդունված հայտնի միջազգային պայմանագրով»,– ընդգծեց Դավթյանը։
Թե ի վերջո, որ մոդելի ատոմակայանի կառուցմանը ՀՀ իշխանությունը նախապատվություն կտա, էներգետիկ անվտանգության փորձագետի կարծիքով` ամեն ինչ կախված է նրանից, թե տնտեսական զարգացման ինչ մոդել կընտրի պետությունը։
Ըստ նրա` եթե մեր երկրի նպատակն է շարունակել մնալ առևտրային և ծառայություններ մատուցող տնտեսության մոդելի մեջ, ապա մեծ հզորություններ Հայաստանին, թերևս, անհրաժեշտ չեն լինի։ Մինչդեռ, եթե նպատակ ունենք զարգացնել արդյունաբերական հզորություններ, ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումը, տարածաշրջանում կայանալ որպես կարևոր գեոտնտեսական խաղացող, ապա ակնհայտ է, որ մեծ հզորության կամ ավանդական հզորության ատոմակայանի առկայությունը Հայաստանի համար հույժ անհրաժեշտ է։
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին:Մեծամորի ԱԷԿ–ը չի վնասվել Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ։
Ի սկզբանե որպես դրա շահագործման վերջնաժամկետ սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։