Մենք այլևս թույլ չենք տա, որ մեզ կոտորեն. Սամվել Կարապետյան
10:54 24.04.2026 (Թարմացված է: 11:22 24.04.2026)

© Photo : Strong Armenia
Բաժանորդագրվել
Կարապետյանի խոսքով՝ այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զոհի և դահիճի միջև։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայաստանի այսօրվա իշխանությունը փորձում է արդարացնել Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին: «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ:
«Բազմաթիվ ողբերգությունների միջով անցած, բայց նորից ոտքի կանգնած ուժեղ հայ ժողովուրդ։ Մենք սերունդներն ենք այն հայերի, որոնք զոհ են դարձել մարդկության դեմ ուղղված ամենածանր հանցագործության՝ ցեղասպանության։ Մենք ականատեսն ենք մի ցավալի և հայի համար անհավատալի իրականության․ այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զոհի և դահիճի միջև։ Եվ բացահայտորեն հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ»,- ասված է ուղերձում:
Կարապետյանը նշում է, որ չպետք է մոռանալ և անտեսել մի հանգամանք. այժմյան իշխանության նման թույլերը գալիս ու անցնում են, բայց հայ ժողովրդի պատմական հիշողությունը մնում է, քանի որ այն հայի գենետիկ կոդի մեջ է:
Քաղաքական գործիչը շեշտել է, որ միևնույն ժամանակ, շատ հստակ գիտակցում են՝ չենք կարող փոխել ՀՀ աշխարհագրությունը և երկրի հարևաններին։ Ըստ նրա՝ տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունն իրենց համար առաջնահերթություն է ու Հայաստանի տնտեսության սրընթաց զարգացումն այլ տարբերակ չունի։
«Հետևաբար, քսանմեկերորդ դարում փակ սահմաններ ունենալը չի կարող չանդրադառնալ երկրի բնականոն զարգացման վրա։ Մենք կողմ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու կայունությանը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա և առանց պատմական ճշմարտության ու ազգային արժանապատվության զիջման։ Այն ազգը, որը չունի հիշողություն, նման է արմատներ չունեցող ծառի, որը շատ կարճ ժամանակում ջարդվում ու տապալվում է։ Բայց մենք այդ ազգը չենք, մենք նման ենք այն հազարամյա կաղնուն, որի արմատները շատ խորն են հողի մեջ»,- նշել է Կարապետյանը:
Նա նաև ընդգծել է, որ պատմությունը բացի ուժեղ լինելուց հային այլ տարբերակ չի թողնում, ու թույլ և գլխիկոր լինելով՝ վրա հասած չարիքներն ավելի են սաստկանում։
«Հենց այդ թույլ և ապիկար իշխանությունների օրոք էլ ականատես եղանք մեր երկրորդ հայրենիքի՝ մեր սքանչելի Արցախի կորստին։ Մենք այլևս թույլ չենք տա, որ մեզ կոտորեն։ Ուժեղ և խոհեմ ղեկավարը հենց նա է, որ կանխատեսում է ողբերգությունն ու կանխարգելում այն, և ոչ թե պատահածը մեկնաբանում ու փորձում արդարացումներ գտնել»,- հայտարարել է Կարապետյանը:
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։