Հին թուրքական թեզ է․ Մարուքյանը՝ Ցեղասպանության մասին ՀՀ իշխանության դիրքորոշման մասին
12:42 24.04.2026 (Թարմացված է: 13:28 24.04.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Նրա խոսքով՝ չի կարելի արդարացնել ՀՀ-ում ուրացության խոսույթը՝ մանիպուլացնելով, թե ազգայինից խոսողը պատերազմ է ուզում։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայոց ցեղասպանության հանգամանքներն այսօր քննելը, զոհվածների անուն-ազգանունները, ինչպես նաև դեպքերի հանգամանքները պարզելը հին թուրքական թեզ է։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից Եղեռնի զոհերի անունները ճշտելու և արձանագրելու թեզին։
Նշենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դեռ 2024 թվականին հայտարարել էր, որ անհրաժեշտ է ճշտել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները։ Նա նշել էր, թե դա հաջողվել է հրեաներին, նույնն էլ պետք է անի Հայաստանը։ Քոչարյանը նման առաջարկ էր արել՝ պնդելով, թե այս բացը պետք է լրացնել, այլապես Թուրքիան կշարունակի պնդել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։
«Առաջարկում են քննչական գործողություններ իրականացնել։ Գնալ Դեր Զորի անապատ կամ Ցեղասպանության այլ վայրեր և այնտեղ փնտրել մարդկանց անուն-ազգանունները, մանրամասները պարզել։ Դա հին թուրքական թեզ է, երբ պնդում են, թե 1,5 մլն զոհ չի եղել ու պետք է հանձնաժողով ստեղծել, քննարկել։ Այս թեզը հենց իրենք են մտցրել քննարկման դաշտ։ ՀՀ-ում գործում է թուրք-ադրբեջանական փափուկ ուժ։ Սա նշանակում է, որ ոչ թե պատերազմով, այլ փափուկ ուժով մարդկանց մտքերը և պատկերացումները փոխել»,- ասաց Մարուքյանը։
Նա նաև ընդգծեց՝ գիտական, իրավական ու պատմական նորմերով հաստատված է, որ Հայոց ցեղասպանություն եղել է, իսկ Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն։
«Ուրացությունը ծայրահեղություն է, և առաջնահերթությունը դրոշակի պես առաջին պլան բելերը նույնպես ծայրահեղություն է։ Այնուամենայնիվ ցեղասպանության ճանաչում պետք է լինի։ Ինչի մասին էր Հայոց ցեղասպանությունը` հայերը չպետք է այստեղ ապրեն, հայերին պետք է կոտորել, և կոտորում են, հետո գալիս է Արցախում էթնիկ զտումը` էլի հայերը չպետք է այստեղ ապրեն, հետո գալիս է միջանցքի խոսակցությունը` մենք պետք է գնանք- գանք, բայց դուք ստեղ չպետք է կանգնեք։ Ցեղասպանության տեսքով վատ ժառանգություն ունենք, ու այն մեզ զգոն է պահում, որ մենք լինենք ուշադիր մեր հարևան երկրների հետ և անվտանգային երաշխիքներ ունենանք նրանց հետ հարաբերվելիս»,– ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ չի կարելի արդարացնել ՀՀ-ում ուրացության խոսույթը՝ մանիպուլացնելով, թե ազգայինից խոսողը պատերազմ է ուզում։
«Մի նայեք, որ ծաղիկ են դնում։ Հարցեր են բարձրացնում՝ «նայենք, ոնց ա եղել», «քանի միլիոն մարդ է զոհվել», «անունները հրապարակենք»։ Այս իշխանությունն օրը ցերեկով ու բաց տեքստով ասում է, որ ուրանում է»,- ասաց Մարուքյանը։
Հարցին, թե գուցե խաղաղության օրակարգի համար է արվում, քաղաքական գործիչը շեշտեց՝ դա կապ չունի խաղաղության հետ։ Միևնույն ժամանակ պնդեց՝ խաղաղությունը դատարկ մի բան չէ, այլ անվտանգային համակարգ է, երաշխիք ու մեխանիզմներ, որոնք ապահովում են երկրի և ժողովրդի խաղաղությունը։
Մարուքյանը նաև ընդգծեց, որ Արցախի էթնիկ զտմանը հետ կապված միջազգային նախադեպ կա հենց հիմա` Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը դիմել է Արդարադատության միջազգային դատարան 2023 թ․-ին Գազայում Ցեղասպանության հարցով։ Շեշտեց՝ այդ կոնվենցիայի մաս է նաև Հայաստանը ու այդ հարցով 2023-2024 թ․-ին դիմելու դեպքում, գոնե այսօր Ադրբեջանը կվախենար Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացումից։