Այդ թեմաները երկսայրի սուր են. Փաշինյանը՝ եկեղեցու ավերման, գերիների գնդակահարության մասին
13:32 23.04.2026 (Թարմացված է: 14:31 23.04.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` այս թեմաների նկատմամբ հիմա ու ընդհանրապես պետք է լինել շրջահայաց։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ստեփանակերտի եկեղեցու ավերումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում պետական մակարդակով դարձնել միջազգային քննարկումների առարկա։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, ասաց նա` պատասխանելով հարցին` արդյոք այս հարցը ՀՀ–ն պատրաստվում է բարձրացնել միջազգային հարթակներում։
Հայտնել էինք, որ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին ադրբեջանցիները ավերել են Ստեփանակերտի երկու եկեղեցիները՝ Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։
«Այս թեմաների նկատմամբ հիմա ու ընդհանրապես պետք է լինել շրջահայաց, քանի որ դրանք երկսայրի սուր են։ Փորձում ենք ամբողջացնել տեղեկությունը: Կնայենք, կվերլուծենք: Չեմ կարծում, թե մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով, և սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք»,– նշեց նա:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց ՀՀ սուվերեն տարածքում տեղի ունեցած ռազմական հացագործությունների մասին` մասնավորապես նշելով, որ գնդակահարվել են հայ գերիներ, խոշտանգվել և դաժանաբար սպանվել են հայ կանայք։ Լրագրողը հարցրեց` արդյոք Փաշինյանը պատրաստվո՞ւմ է հրապարակային հանձնառություն ստանձնելու ՀՀ տարածքում կատարված ռազմական հանցագործությունների պատժմանը` նույնիսկ եթե դա վերաբերի Ադրբեջանի ռազմական և քաղաքական էլիտային։
«Այդ թեմաների հետ կապված ես ինքս ինձ համար պինդ որոշել եմ, որ դրանց անդրադառնալու եմ մաքսիմալ շիտակությամբ։ Այդ ամենը երկսայրի սուր է, և մենք չպետք է մոռանանք Նոր Կտակարանի ուղերձը` ինչ դատով դատվենք, նույն դատով դատվելու ենք, ինչ չափով չափվենք, նույն չափով չափվելու ենք։ Այդ փաստերը որևէ մեկը չի ժխտում, սակայն մենք պետք է հասկանանք, թե ինչի մասին ենք խոսում…Եվ հենց դա է թակարդը, որից մենք չենք կարողանում դուրս գալ։ Ինչ կարծիքն այն է, որ մենք դուրս ենք գալիս այդ թակարդից։ Մենք մեր յուղի մեջ պետք է տապակվենք, սակայն մեր պետությունները, մեր սերունդներին ազատենք այդ հոգսից»,– հայտարարեց նա։
Փաշինյանը ևս մեկ անգամ նշեց, որ խոսքը կոնֆլիկտի մասին է և ևս մեկ անգամ նորից ոտք դնել այդ ճանապարհին, որտեղ պատերազմն անխուսափելի է, դա կոնֆլիկտը վերածնելու ճանապարհ է։
Հիշեցնենք` 2022 թ. հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որում ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել են 9 զինծառայողներ, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կային: