Հայաստանում ռուսական մարդասիրական ծրագրերը կշարունակվեն. Բիլոուսովա
16:09 10.04.2026 (Թարմացված է: 16:11 10.04.2026)
© Sputnik
Բաժանորդագրվել
«Ռուսական հումանիտար առաքելության» առաջատար փորձագետը նշում է` մարդասիրական օգնությունն ավելի լայն հասկացություն է, քան սննդի փաթեթները:
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի — Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում գտնվող անձանց աջակցության մարդասիրական լայնածավալ ծրագրի իրականացումն ավարտվել է: Ծրագրի իրականացմանը մասնակցել են ոչ միայն կամավորները, այլև այն համայնքների վարչակազմերն ու բնակիչները, որտեղ իրականացվել են մարդասիրական ակցիաներ: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Ռուսական հումանիտար առաքելություն» ՀԿ–ի գլխավոր տնօրենի տեղակալ Եվգենի Ֆեդիշևը։
«8,5 ամսում մենք այցելել ենք 45 բնակավայր։ Այս ընթացքում 180 տոննա մարդասիրական օգնություն ենք բաժանել այնպիսի խմբերի, ինչպիսիք են կերակրողին կորցրածները, ինչպես նաև բազմազավակ ընտանիքները, առաջին խմբի հաշմանդամները, միայնակ թոշակառուները: Ընդհանուր առմամբ օգնություն ենք փոխանցել 9310 ընտանիքի` ավելի քան 40 հազար մարդու։ Նաև նշեմ, որ ակտիվորեն և անմիջականորեն մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմիններն ու բնակիչները»,– ասաց Ֆեդիշևը։
Նրա խոսքով՝ ակցիայի պլանավորման փուլում մշակվել են յուրաքանչյուր տարածաշրջանի կոնկրետ կարիքներին համապատասխանող մարդասիրական փաթեթներ։ Մասնավորապես, բազմազավակ ընտանիքների համար սննդամթերքի առաջին անհրաժեշտության և անձնական հիգիենայի պիտույքների հիմնական փաթեթին ավելացվել են մանկական սնունդ և փոքրիկների համար նախատեսված պարագաներ:

Եվգենի Ֆեդիշև
© Sputnik
ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան իր հերթին ընդգծեց, որ ակցիայի կազմակերպիչների համար կազմակերպիչների համար իսկապես կարևոր է լինել Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանված անձանց կողքին նրանց կյանքի ամենադժվարին ժամանակահատվածում։ Նրա դիտարկմամբ՝ տեղահանվածներ շատերը գալիս են ոչ միայն մարդասիրական փաթեթներ ստանալու, այլ նաև ընկերական աջակցությունը զգալու համար, և կամավորները կարողանում են, բացի իրենց հիմնական պարտականություններից, նաև մարդկանց հետ շփվել և նույնիսկ տուն հասցնել մարդասիրական օգնության փաթեթները, քանի որ տեղահանվածներից ոչ բոլորն են ի վիճակի դա անել:
«Ռուսական հումանիտար առաքելություն» ՀԿ–ի առաջատար փորձագետ Վիկտորյա Բիլոուսովան հավաստիացրեց, որ մարդասիրական օգնությունը անպայման կշարունակվի, քանի որ Ռուսաստանին ու Հայաստանին միավորում են պատմական, հոգևոր-մշակութային կապերը։
«Երբ մենք աշխատում էինք բաշխման կետերում, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներից հաճախ էինք լսում, որ Հայաստանն անհնար է պատկերացնել առանց Ռուսաստանի, և Ռուսաստանն անհնար է պատկերացնել առանց Հայաստանի», - ասաց Բիլոուսովան:
Նա միաժամանակ նշեց, որ մարդասիրական օգնությունն ավելի լայն հասկացություն է, քան սննդի հետ կապված մարդասիրական փաթեթները։ Դա մշակութային, կրթական, ենթակառուցվածքային նախագծեր են, որոնք Ռուսաստանը իրականացրել և իրականացնելու է Հայաստանում։

Վիկտորյա Բիլոուսովա
© Sputnik
Նա մեջբերեց «Ռուսական մարդասիրական առաքելության» գլխավոր տնօրենի խոսքերը. «Մենք պետք է ոչ թե ձուկ տանք, այլ որոշակի փուլում` արդեն կարթ»: Այսինքն՝ ցանկացած օգնություն պետք է կրի համակարգված բնույթ, և այդ առումով կարևոր է վերջնարդյունքը։
«Մի դեպք հիշեցի, երբ Գյումրիում մարդասիրական օգնության տրամադրման կետում մոտ 12 տարեկան մի տղա վազեց մոտս և ասաց, որ ծնողները ցանկանում են շնորհակալություն հայտնել մեզ։ Նրանք հիշում էին, որ ես մասնակցել եմ Հանքավանում ղարաբաղցի երեխաների համար հանգստի կազմակերպմանը և շնորհակալություն հայտնեցին։ Այսինքն՝ շահառուները մեզ արդեն ճանաչում են, անգամ դեմքով հիշում։ Ես ևս հիշեցի այդ տղային։ Եվ գիտե՞ք` սա համակարգված աշխատանքի ցուցանիշ է, վկայում է, որ «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագիրը ոչ թե ուղղակի ձուկ է տալիս, այլ արդեն կարթ», - ընդգծեց նա։
Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում գտնվող անձանց աջակցության մարդասիրական նախագիծը կազմակերպվել է «Եվրասիա» և «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ-ների կողմից «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագրի շրջանակում` Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո և տեղական վարչակազմերի և կամավորական միավորումների աջակցությամբ:
Նախագիծը մեկնարկել է 2025 թվականի հուլիսի 31-ին և տևել ավելի քան ութուկես ամիս։