Տոն օրերին ծաղիկները թանկանում են, բայց ծաղկավաճառները գերշահույթ չեն ստանում. Պողոսյան

Վարդեր. Արխիվային լուսանկար
© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Մարդկանց մոտ կարող է տպավորություն լինել, թե տոն օրերին ծաղկավաճառները գերշահույթ են ստանում։ Ծաղկավաճառը պնդում է` եթե իրենք գերշահույթ են ստանում երկու օր, բայց քանի որ ամսվա մյուս օրերին առևտուր չեն ունենում, դա գերշահույթ չի համարվում։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Հայաստանում տոն օրերին ծաղիկների գները կարող են շեշտակի բարձրանալ, բայց միշտ չէ, որ ջերմոցատերերը կամ ծաղկավաճառերն այդ իրավիճակում գերշահույթ են ստանում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ծաղկի մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող Մելիքսեթ Պողոսյանը։
Ծաղիկների գներն էլ հիմնականում պայմանավորված են շուկայում առաջարկ–պահանջարկով։ Երբ պահանջարկը մեծանում է, ծաղիկների արժեքները բարձրանում են։ Պողոսյանի խոսքով` ծաղիկները ջերմատներից արդեն իսկ բարձրացած գներով հայտնվում են շուկայում, այնուհետև` ծաղկի խանութներում։ Բնական է, որ խանութներում էլ գնի որոշակի բարձրացում է տեղի ունենում։ Սակայն կա մեկ այլ պատճառ, երբ ծաղիկների գները կարող են շեշտակի բարձրանալ։
«Երբ երկար ժամանակ, օրինակ` ձմռան ամիսներին, ջերմատունը չի կարողանում ռեալիզացնել իր ծաղիկները և կուտակում է պարտքեր, ջերմատան սեփականատերը տոն օրերից առաջ փորձում է ծաղիկների գները բարձրացնելով մի քանի օրվա ընթացքում իր կուտակած պարտքերը մարել։ Իհարկե, մարդկանց մոտ կարող է տպավորություն լինել, թե տոն օրերին ծաղկավաճառները գերշահույթ են ստանում։ Բայց դա այդքան էլ այդպես չէ։ Երբ ծաղկավաճառը կամ ջերմատան սեփականատերը գերշահույթ են ստանում երկու օր, բայց ամսվա մյուս օրերին առևտուր չեն ունենում, դա գերշահույթ չի համարվում»,–ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով` երբ տեսնում են, որ վաճառքը քիչ է, փորձում են մեծածախ գներով վաճառել, որպեսզի գնորդը կարողանա, օրինակ, 2 հատ ծաղիկի փոխարեն գնել 3 հատ։ Իսկ եթե ամեն դեպքում ծաղիկները հնանում են, դրանք օգտագործվում են այլ նպատակներով։ Օրինակ` վարդի թերթիկներն օգտագործվում են հարսանեկան արարողությունների ժամանակ, եկեղեցու բակերը ձևավորելու համար, կանաչապատ գոտիներում երիտասարդների սիրո առաջարկություններ անելու ժամանակ և այլն։
Պողոսյանի խոսքով` գնորդները հիմնականում նախընտրում են երկար ցողուններով վարդեր` 1,2–ից մինչև 1,5 մետր։ Սակայն նման երկարության վարդեր աճեցնելը շատ դժվար է, ուստի շուկայում ավելի հաճախ հանդիպում են մինչև 90 սմ երկարություն ունեցող վարդեր։ Պողոսյանը նախապատվությունը տալիս է տեղական ծաղիկներին, ասում է` Հայաստանում դրանք ավելի որակով են, իսկ ջերմատերերը` ավելի սրտացավ։
Հարցին, թե ավելի հաճախ մարդիկ փնջեր են գնում, թե հատով ծաղիկներ, Պողոսյանը նշեց, որ վերջին 10 տարիների ընթացքում մարդկանց ընտրությունը փոխվել է։
«6–7 տարի առաջ իմ գնորդներն ավելի հաճախ ծաղկային կոմպոզիցիաներ կամ փնջեր էին նախընտրում , իսկ այժմ հիմնականում հատով ծաղիկներ են գնում։ Անկախ ծաղկի ընտրությունից, դրանք պետք է լինեն թարմ։ Ցանկացած ծաղկավաճառի ամենալավ գովազդը թարմ ծաղիկներն են։ Դրա շնորհիվ են հաճախորդները վերադառնում»,–ասաց նա։
Հարցին, իսկ ինչպե՞ս գնելուց հետո ծաղիկներն ավելի երկար պահել տան պայմաններում, Պողոսյանը նշեց, որ կան նրբություններ, որոնց մասին պետք չէ մոռանալ։
Շատ կարևոր է ծաղիկները ստանալուց հետո երկար ժամանակ առանց ջրի չթողնել։ Ջրի մեջ դնելուց առաջ ցողունները մոտ 1 սմ շեղությամբ կտրել ու դնել սառը ջրի մեջ։ Եթե ծաղիկները շուտ չեն դրվել ջրի մեջ և դրանց գլուխները թուլացել են, պետք է ցողուններից ավելի շատ կտրել և օրական 2 անգամ ջուրը փոխել։ Այդ դեպքում ծաղիկները կվերականգնվեն։ Հիմնականում նման խնդիր առաջանում է երկար ծաղիկների դեպքում, քանի որ ջուրը ցողունից ծաղիկ ավելի ուշ է հասնում։
«Եթե ստացել եք օրինակ 100 հատ վարդերի փունջ, որոնք շատ ձիգ կապված են, մի շտապեք տուն տանելուց հետո անմիջապես այդ կապը քանդել։ Թողեք ծաղիկները մի քանի ժամ ջրի մեջ, այնուհետև փունջը բացեք և տեղավորեք մի քանի ծաղկամանների մեջ»,–ասաց Պողոսյանը։
Նա հավելեց, որ անկախ տոներից, կանանց ուրախացնելու լավագույն միջոցներից մեկը մնում են ծաղիկները։