Սկանդալ Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի տաճարի շուրջ. Իսրայելը շտապել է պարզաբանում տալ
12:59 30.03.2026 (Թարմացված է: 16:54 30.03.2026)

Կարդինալ Պիերբատիստա Պիցցաբալան
© AP Photo / Ammar Awad
Բաժանորդագրվել
Երկար հարյուրամյակներից հետո առաջին անգամ հոգևորականները զրկված էին Տիրոջ Գերեզմանի տաճարում Ծաղկազարդի պատարագ մատուցելու հնարավորությունից։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Միջազգային սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ Իսրայելի ոստիկանությունը թույլ չի տվել Երուսաղեմի լատինական պատրիարք կարդինալ Պիերբատիստա Պիցաբալային մտնել Տիրոջ Գերեզմանի տաճար՝ Ծաղկազարդի պատարագը մատուցելու համար։
Մարտի 30-ին Երուսաղեմի լատինական պատրիարքարանը հայտնեց, որ Իսրայելի ոստիկանությունն առավոտյան թույլ չի տվել կարդինալ Պիերբատիստա Պիցաբալային և Սուրբ Երկրի խնամակալ հայր Ֆրանչեսկո Իյելպոյին մտնել Տիրոջ Գերեզմանի տաճար՝ պատարագ անցկացնելու համար։
«Արդյունքում, երկար հարյուրամյակներից հետո առաջին անգամ եկեղեցու ղեկավարները զրկված էին Ծաղկազարդի օրը Տիրոջ Գերեզմանի տաճարում պատարագ մատուցելու հնարավորությունից», – ասվում է երկու կաթոլիկ հոգևորականների համատեղ հայտարարության մեջ։
Նշվում է, որ սա լուրջ նախադեպ է, այս դեպքում անտեսվել են ամբողջ աշխարհով միլիարդավոր մարդկանց զգացմունքները, որոնց հայացքն այս շաբաթվա ընթացքում ուղղված է դեպի Երուսաղեմ։
Կաթոլիկ հոգևորականները Իսրայելի իշխանությունների այս որոշումը համարել են հապճեպ և ծայրահեղ սխալ, որպես շեղում կրոնական ազատության և ստատուս քվոյի նկատմամբ հարգանքի հիմնարար սկզբունքներից։
«Երուսաղեմի լատինական պատրիարքությունը և Սուրբ Երկրի խնամակալությունը խորը ցավակցություն են հայտնում Սուրբ Երկրի և ամբողջ աշխարհի քրիստոնյա հավատացյալներին այն առիթով, որ նման կերպ կանխվել է աղոթքը քրիստոնեական օրացույցի ամենասուրբ օրերից մեկի ժամանակ», – ասվում է հայտարարության մեջ։
Միջադեպին անմիջապես արձագանքել են եվրոպացի առաջնորդները։ Մասնավորապես, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին տոն օրը լատինական պատրիարքի և Սուրբ Երկրի խնամակալի մուտքը Տիրոջ Գերեզմանի տաճար արգելելը որակել է որպես «վիրավորանք ոչ միայն հավատացյալների, այլև կրոնի ազատությունը ճանաչող ցանկացած համայնքի նկատմամբ»։
Նույն օրը Իսրայելի դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ՝ միջադեպի վերաբերյալ բացատրություն տալու համար։
Իսրայելի իշխանությունների որոշումը դատապարտել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը` հայտարարելով կրոնական ազատությունը հարգելու անհրաժեշտության մասին։
Բարձրացած աղմուկի ֆոնին Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը X սոցցանցում հայտնել է, որ զանգահարել է Երուսաղեմի լատինական պատրիարքին և ափսոսանք հայտնել «ցավալի միջադեպի» համար։
«Ես բացատրեցի, որ միջադեպը պայմանավորված էր անվտանգության նկատառումներով՝ Իրանի ահաբեկչական ռեժիմի կողմից Իսրայելի քաղաքացիական բնակչությանը հրթիռային հարձակումների հետ կապված մշտապես սպառնացող վտանգով», – հայտարարել է Իսրայելի նախագահը։
Հերցոգի խոսքով՝ նա «հաստատել է Իսրայելի պետության անսասան հանձնառությունը բոլոր հավատքների համար կրոնական ազատությանը և Երուսաղեմի սրբավայրերում ստատուս քվոյի պահպանմանը»։
Ավելի ուշ պարզաբանումներով հանդես է եկել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա հայտարարել է, որ հրամայել է լիարժեք և անհապաղ հասանելիություն տրամադրել Երուսաղեմի լատինական պատրիարքին Տիրոջ Գերեզմանի տաճար։ Նա նաև Իսրայելի իշխանությունների որոշումը բացատրել է Իրանի հարձակումներով և «անվտանգության հետ կապված նկատառումներով»։
«Հավատացյալներին պաշտպանելու համար Իսրայելը խնդրել է բոլոր դավանանքների ներկայացուցիչներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ պատարագներից Երուսաղեմի Հին քաղաքի քրիստոնեական, մուսուլմանական և հրեական սրբավայրերում», – գրել է Նեթանյահուն X սոցցանցում։
Չնայած Իսրայելի իշխանությունների բոլոր պարզաբանումներին, Տիրոջ մուտքը Երուսաղեմ խորհրդանշող քրիստոնեական Ծաղկազարդ տոնը խաթարվել էր։
Երուսաղեմի լատինական պատրիարքությունը տարածել է Տիրոջ Գերեզմանի տաճար (որը սովորաբար այդ օրը լի է լինում հավատացյալներով) տանող ամայի փողոցի տխուր կադրերով տեսանյութը։
🌿 This is how the streets of Jerusalem looked during this year’s Palm Sunday procession!
— Latin Patriarchate of Jerusalem (@LPJerusalem) March 29, 2026
Silent, empty of olive and palm branches and the faithful’s cheers,
Yet, the Patriarch invites us to welcome the King with hearts pondering the love that never gives up, but freely and… pic.twitter.com/f83Sp2PEmx