Կարապետյանի փաստաբանը դիմել է ԵԽ ղեկավարին՝ խնդրելով առաքելություն ուղարկել Հայաստան

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Իրավաբանի կարծիքով՝ առաքելությունը վճռորոշ դեր կխաղար նախընտրական շրջանում հիմնարար ազատությունների հետագա սահմանափակումը կանխելու գործում:
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի շահերը ներկայացնող միջազգայի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային նամակ է գրել է` խնդրելով ստեղծել փաստահավաք առաքելություն ՀՀ–ում ժողովրդավարության հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու համար։ Այս մասին տեղեկանում ենք իրավաբանի ֆեյսբուքյան էջից։
Փաստաբանաը նախ հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հայտարարությունները չեն արտացոլում հայ ժողովրդի ճնշող մեծամասնության տեսակետներն ու զգացմունքները։
«Հայաստանը համաշխարհային ճանաչում ունի որպես աշխարհում առաջին քրիստոնյա ազգ, և հայ ժողովուրդը դարեր շարունակ ամուր կապված է եղել իր Եկեղեցուն, մշակույթին և պատմական ինքնությանը։ Հայ առաքելական եկեղեցին մնում է հայ հասարակության ամենահարգված և համախմբող կառույցներից մեկը»,– գրել է նա։
Եկեղեցու հետ կապված իրավիճակն, ըստ Ամստերդամի, լուրջ մտահոգություններ է առաջացնում ՀՀ սահմանադրական իրավունքի, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքների տեսանկյունից։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կառավարության միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, հոգևորականների ձերբակալությունները, պառակտումների խրախուսումը և դատարանների անկախության գնալով խորացող էրոզիան մանրամասն փաստաթղթավորված են մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած հայտնի միջազգային իրավաբանների խմբի կողմից պատրաստված վերջին զեկույցում։
«Այս զարգացումները պետք է լուրջ մտահոգության առարկա դառնան Եվրոպական խորհրդարանի համար։ Դրանք ոչ միայն քաղաքական վեճ են, այլև՝ մարտահրավեր կրոնական ազատությանը, իրավունքի գերակայությանը և այն ժողովրդավարական արժեքներին, որոնց Հայաստանը բազմիցս հանձնառություն է հայտնել Եվրոպայի հետ իր հարաբերություններում»,– հավելել է իրավաբանը։
Իրավաբանն ուշադրություն էր հրավիրել նաև ՀՀ իշխանությունների` Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ վարվող քաղաքականությանը վրա։
«Այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրադարձություններից հետո Հայաստանի քաղաքացիները շարունակում են ապօրինի պահվել Բաքվի բանտերում, հայ հասարակությունը գործող կառավարության կողմից նրանց ազատ արձակումն ապահովելու ուղղությամբ քիչ նշանակալի ջանքեր է տեսել։ Այս իրավիճակն է՛լ ավելի է խորացրել հանրային տագնապը երկրի ղեկավարության որդեգրած ուղղության և իր քաղաքացիների հիմնարար շահերը պաշտպանելու հանձնառության վերաբերյալ»,– նշել է իրավաբանը։
Նա անդրադարձել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործին` նշելով, որ գործարարն այս պահին գտնվում է տնային կալանքի տակ՝ նախապես մոտ 200 օր անցկացնելով խիստ մեկուսացման պայմաններում։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ընտրություններին ընդառաջ քաղաքական կուսակցությունների գործողությունների և պարտավորությունների ժամանակացույցը։ Սակայն, քանի որ դատարանը երկարաձգել է պարոն Կարապետյանի տնային կալանքը ևս մեկ ամսով, ակնհայտ է դառնում, որ հունիսի 7-ի ընտրություններին լիարժեք մասնակցելու նրա հնարավորությունը կտրուկ կնվազի»,– ընդգծել է Ամստերդամը։
Նման ընթացակարգայի գործողությունները, ըստ իրավաբանի, ոչ միայն քաղաքական հետապնդման վկայություն են, այլև կարող են դիտարկվել որպես ուղղակի միջամտություն ընտրական գործընթացին։
«Ելնելով այս զարգացումներից՝ մենք հարգալից կերպով հորդորում ենք Եվրոպական խորհրդարանին քննարկել անկախ փաստահավաք առաքելություն ստեղծելու հարցը՝ Հայաստանում ժողովրդավարական կառավարման, դատական անկախության և կրոնական ազատության ներկա վիճակն ուսումնասիրելու նպատակով։ Նման առաքելությունը կարևոր դեր կխաղա նախընտրական զգայուն ժամանակահատվածում հիմնարար ազատությունների հետագա թուլացումը կանխելու գործում»,– նշել է նա։
Իրավաբանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը վաղուց է Եվրոպային դիտարկում որպես գործընկեր ժողովրդավարական արժեքների, մարդկային արժանապատվության և խղճի ազատության պաշտպանության գործում։ Հենց այդ պատճառով Եվրոպական խորհրդարանի ուշադրությունն ու ներգրավվածությունն այս պահին միաժամանակ անհրաժեշտ են և տեղին։