Միֆ է, թե բռնություններն ավելի շատ անապահով ընտանիքներում են լինում. Մելիքսեթյան

© Sputnik
Բաժանորդագրվել
Ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աճում է։ Ըստ մասնագետների՝ պատճառը փակ դռների հետևում կատարվող հանցանքների նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխությունն է։ Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ Մարթա Մելիքսեթյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Ընտանեկան բռնությունների նկատմամբ հանրության վերաբերմունքը վերջին տարիներին փոխվել է. Sputnik Արմենիա ռադիոկայանի «Դե Յուրե» հաղորդաշարի եթերում ասել է Ռուս-հայկական համալսարանի ռեկտորի խորհրդական, Քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի դասախոս, ի.գ.թ., ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ Մարթա Մելիքսեթյանը։
«Նախկինում երբ մենք նույնիսկ ահազանգի դեպքում իրականացնում էինք ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության՝ օրենքով մեզ վերապահված լիազորությունները, շատերի համար դա տարօրինակ էր, և բոլորը դա դիտարկում էին իբրև ուրիշի անձնական և ընտանեկան կյանք մուտք գործելու ոչ իրավաչափ գործողություն։ Բայց ասեմ, որ տարիների ընթացքում այս վերաբերմունքը փոխվել է»,– նշում է մեր զրուցակիցը։
Հասարակության վերաբերմունքի փոփոխության մասին է վկայում նաև այն, որ ընտանիքում բռնության մասին ահազանգում են ոչ միայն զոհերը, այլև բռնության ենթարկվածների հարազատները, ընկերները, հարևանները։
«Սա նշանակում է, որ հասարակության անդամները մեկը մյուսի նկատմամբ անտարբեր չեն»,– ասում է մեր մասնագետը։
Մելիքսեթյանը նկատում է, որ հանրության ընկալումներին զուգահեռ փոխվել է նաև ընտանեկան բռնության ենթարկված կանանց վերաբերմունքը սեփական խնդրի նկատմամբ։ Այսօր նրանք ավելի հակված են խնդիրը բարձրաձայնելու և դրանից ազատվելու։ Այդ մասին խոսում են համացանցում, փնտրում իրավական աջակցութուն, խորհուրդ հարցնում։
Մարթա Մելիքսեթյանն արդեն 10 տարուց ավելի կանանց ֆեյսբուքյան փակ խմբերից մեկի իրավական հարցերով համակարգողն է։ 70 000 կին հետևորդ ունեցող խմբում, նրա խոսքով, իրենց իրավունքների համար պայքարող կանայք քիչ չեն։
«Մենք ունենք կենցաղային բռնության ենթարկված կին, ով շատ վախենում էր ամուսնուց։ Եվ իսկապես ամուսինը բավականին վտանգավոր անձնավորություն էր, շատ ագրեսիվ և երբեմն ոչ ադեկվատ։ Կինը վախենում էր դիմել ոստիկանություն, որովհետև, իր կարծիքով, դրանից հետո իրավիճակը էլ ավելի կարող էր սրվել։ Մենք օգնեցինք իրեն, բացատրեցինք, որ առաջին քայլը ոստիկանություն դիմելն է։ Տարիներ պահանջվեց, որ ամուսինը քրեական պատասխանատվության ենթարկվի և հասկանա, որ իր ոչ ադեկվատ պահվածքը իրավական գնահատական է ստանալու»,– պատմում է մեր զրուցակիցը։
Ոստիկանությանը չվստահելու կամ վերապահումով մոտենալու դեպքում Մելիքսեթյանը կանանց խորհուրդ է տալիս դիմել կանանց հարցերով զբաղվող ՀԿ–ներին, որոնք անվճար իրավական օգնություն, անհրաժեշտության դեպքում՝ նաև անվճար բուժօգնություն և ապաստարան են տրամադրում։
Ի դեպ, մեր երկրում պետական ապաստարաններ ընդհանրապես չկան, անգամ ոստիկանությունը անհրաժեշտության դեպքում բռնության ենթարկված կանանց ու նրանց անչափահաս երեխաներին ժամանակավորապես տեղավորում է ՀԿ–ներին պատկանող ապաստարաններում։
Բայց քիչ չեն նաև այն կանայք, ովքեր ինչ–ինչ պատճառով, գիտակցելով իրենց կարգավիճակն ու իրավունքները, այնուամենայնիվ, նախընտրում են մնալ ընտանիքում, բռնարար ամուսնու կողքին, քանի որ գնալու տեղ կամ ապրուստի միջոց չունեն։
Մարթա Մելիքսեթյանը վստահեցնում է, որ ընտանեկան կամ կենցաղային բռնությունը սոցիալական երևույթ չէ, և այն տեսակետը, թե բռնությունն առավել հաճախ հանդիպում է անապահով խավերի շրջանում, ճիշտ չէ։
«Դա միֆ է։ Ուղղակի սոցիալապես անապահով ընտանիքներում այն ավելի հաճախ է բացահայտվում։ Սոցիալապես ավելի կայուն ընտանիքներում իրավիճակը շատ ավելի վատ է։ Բայց այստեղ կանայք չեն բարձրաձայնում, որովհետև ունեն ֆինանսական ապահովվածության որոշակի երաշխիքներ։ Մենք բախվել ենք այսպիսի դեպքերի, երբ հաճախ բավականին բարեկեցիկ կյանքով ապրող կանայք, ովքեր ենթարկվում են ընտանեկան և կենցաղային բռնության, չեն դիմում կամ հրաժարվում են իրենց իրավունքների պաշտպանությունից, որովհետև ասում են, որ իրենց կորցրածն ավելի շատ կլինի, քան կարող են շահել»,– նկատում է Մելիքսեթյանը։
Բռնության հանցակազմի հաստատման դեպքում պետությունը բռնարարների նկատմամբ քրեական պատասխանատվությունից զատ կիրառում է նաև սահմանափակման տարբեր միջոցներ` միաժամանակ ապահովելով զոհերի անվտանգությունը։ Օրինակ` բնակարան մուտք գործելու, ընտանիքի անդամներին զանգահարելու արգելքը։ Տարիներ շարունակ քննարկվում է, բայց առայժմ չի կիրառվում նաև էլեկտրոնային հսկողություն իրականցնելու տարբերակը, որպեսզի հնարավոր լինի հեռավար կարգով հսկել` արդյոք բնակարանին մոտենալու կամ մուտք գործելու արգելքը պահպանվում է։
Այդուհանդերձ, ոստիկանության փոխգնդապետը նկատում է, որ երբեմն կանայք իրենք են խախտում օրենքով սահմանված ապահովության միջոց արգելքը`զանգահարելով տնից «վտարված» ամուսիններին։ Իսկ իրավապահների հարցին էլ կնոջը բնորոշ պատասխան են տալիս. «Կարոտել էի»։
«Ընտանիքի վերամիավորումը պետության առաջնահերթություններից է։ Բայց միայն այն դեպքեում, երբ դա տեղի է ունենում կողմերի համաձայնությամբ` գիտակցաբար։ Ի վերջո, եթե դու սիրում ես քո ընտանիքի անդամին, ինչպես կարող ես ցավ պատճառել նրան։ Դա նոնսենս է»,– ասում է Մելիքսեթյանը։
Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ընտանեկան բռնարարները հիմնականում տղամարդիկ են։ Բայց հանուն ճշմատության պետք է ասել, որ երբեմն նրանք էլ են իրենց կանանց բռնության զոհը դառնում։ Այս դեպքերում խոսքը ավելի շատ կենցաղային կամ ֆիզիկական բռնության մասին է։ Բայց հանդիպում են նաև ոչ ֆիզիկական բռնության դեպքեր։
«Իմ տարիների փորձառության ամբողջ ընթացքում նման մի դեպք է եղել, երբ կինն ամուսնու նկատմամբ ֆիզիկական բռնություն էր գործադրում։ Բայց այս ընտանիքում խնդիր կար. ամուսինը դատական կարգով անգործունակ էր ճանաչվել, հոգեկան խնդիրներ ուներ, և կինը խնամակալն էր։ Այնպես որ նման դեպքեր էլ լինում են, բայց շատ հազվադեպ»,– նշում է Մելիքսեթյանը։
Կանանց կողմից բռնության դեպքերի գերակշիռ մասը, որքան էլ, որ տարօրինակ է, վերաբերում է սեփական ծնողների ու երեխաների նկատմամբ կատարվածներին։
Վիճակագրության կոմիտեի տվյալներով` 2025թ.-ին Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 1 723 դեպք, ինչը 363 դեպքով կամ շուրջ 27%–ով գերազանցում է 2024թ.-ի ցուցանիշը։
1723 դեպքերից 27–ը կանանց կողմից ամուսինների նկատմամբ գործադրված բռնությունների դեպքերն են։
Մարթա Մելիքսեթյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։