Փաշինյանը բացատրել է՝ ինչու Հայաստանից չեն թռչում Լուսին
13:18 17.03.2026 (Թարմացված է: 13:22 17.03.2026)

© Photo : press office of the Government of RA
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Լուսին թռչելը ՀՀ համար «խակ» է»։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանն իր պատմության ընթացքում Լուսին թռչելու մասին չի մտածել, քանի որ մասնագիտական կարողություն չի ունեցել։ Այս մասին այսօր՝ Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մեր հազարամյա պատմության ընթացքում երբեք չենք պլանավորել և, ցավոք, այսօր էլ չենք պլանավորում թռչել Լուսին։ Դրա համար կա ընդամենը մեկ պատճառ՝ այդ 400 հազար գիտնականի և պրոֆեսիոնալի բացակայությունը։ Եթե լինեին այդ 400 հազար պրոֆեսիոնալն ու գիտնականը, որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ինչու պետք է մենք հրաժարվեինք Լուսին թռչելուց։ Կոպիտ համեմատություն եմ անում, բայց ասացվածք կա, չէ՞, որ «աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է»։ Հիմա Լուսին թռչելը մեզ համար «խակ» է»,- ասաց նա։
Փաշինյանը բացատրեց, որ իր օրինակը հիմնված է «Ապոլոն» ծրագրի վրա։ Նրա խոսքով՝ այդ ծրագրում աշխատել է ավելի քան 400 հազար գիտնական. այսինքն՝ եթե ԱՄՆ-ն ունենար ընդամենը 250 հազար գիտնական, ապա այդ ծրագիրը կյանքի չէր կոչվի։