1 տարեկան երեխային կլինիկական մահվան հասցնելը դիտավորություն է. նախարար

© Photo : official site of MIA of RA
Բաժանորդագրվել
Արփինե Սարգսյանի խոսքով`ձերբակալվել է խորթ մայրը։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Երևանում մեկ տարեկան երեխային կլինիկական մահվան հասցնելը ոչ թե պատահականության, այլ դիտավորության արդյունք է։ News.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նախօրեին 1 տարեկան 2 ամսական տղա երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի կասկածանքով կա ձերբակալված անձ։
«Բնականաբար, ահազանգ ենք ստացել բժշկական կենտրոնից, որ երեխան տեղափոխվել է հիվանդանոց։ Մեր իրականացրած օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզել ենք, որ տեղի ունեցածը ոչ թե պատահականություն է, այլ կոնկրետ դիտավորյալ արարքի հետևանք։ Նախարարության կողմից անմիջապես հաղորդում է ուղարկվել Քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Այն անձը, որը, մեր տվյալներով, կասկածվում է այդ արարքի կատարման մեջ, անմիջապես ձերբակալվել է և հանձնվել Քննչական կոմիտեին։ Խոսքը խորթ մոր մասին է»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից՝ ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Մեր տեղեկություններով՝ երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում էին Երևանի Արաբկիր համայնքում։