Ինչպես ՌԴ–ում ճանաչեցին և գնահատեցին հայկական ձավարեղենը․ հաջողության պատմություն

© Photo : Ivan Zabolotny, provided by Andranik Petrosian
Բաժանորդագրվել
2020 թվականին Անդրանիկ Պետրոսյանը սկսեց հայկական ձավարեղեն մատակարարել Կրասնոդարի երկրամաս։ 5 տարում վաճառքն ընդլայնվեց գրեթե ամբողջ ՌԴ-ով՝ քաղաքներից մինչև փոքր գյուղեր։ Շարունակելով զարգացնել բիզնեսը՝ նա սկսեց նաև փաթեթավորված սուրճ ներմուծել ՌԴ։
Ռուսաստանում որտեղի՞ց կարելի է հայկական ձավար կամ հաճար գնել։ Դեռ 5–6 տարի առաջ այս հարցը տալիս էին հիմնականում ռուսաստանաբնակ հայերը։ Սակայն վերջին տարիներին հայկական ձավարը, հաճարը, կորկոտն ու փոխինձը սկսել են հայտնվել նաև մասնագիտացված հայկական խանութներից դուրս։ Եվ այս հարցում մեծ է գործարար Անդրանիկ Պետրոսյանի դերը։ Երբ 2020-ի ամռանը մենք զրուցում էինք նրա հետ, նա նոր էր սկսում մատակարարումները Կրասնոդարի երկրամաս, որտեղ ապրում և աշխատում է։ Այսօր մատակարարման ծավալները հասել են տարեկան մի քանի տասնյակ տոննայի ամբողջ Ռուսաստանում։
Այսպես կոչված «էթնիկ» ձավարեղենից Ռուսաստանում, հատկապես երկրի հարավում, այն ժամանակ արդեն հայտնի էր բլղուրը, հիմնականում՝ թուրքական արտադրության։ Ինչպես նշում է Անդրանիկը, անցած տարիների ընթացքում հայտնվել են նաև տեղական արտադրողներ, որոնք բավականին լավ որակի արտադրանք են տալիս։ Ընդ որում` նրանք սկսել են ձավարեղենը արտադրել հայկական տեսակների անվանումներով՝ ձավար, հաճար և կորկոտ, ինչը նախկինում չկար ռուսական շուկայում։
Մի կողմից սա խոսում է հետաքրքրության և պահանջարկի աճի մասին։ Սակայն, Պետրոսյանի կարծիքով, նման անվանումներ օգտագործելն այնքան էլ կոռեկտ չէ. Հայաստանում և Ռուսաստանում արտադրված ձավարեղենը զգալիորեն տարբերվում է կլիմայի, հացահատիկի մշակման մոտեցումների և արտադրական տեխնոլոգիաների տարբերությունների պատճառով։ Նրա խոսքով՝ սա բոլորովին չի նշանակում, որ ռուսական հացահատիկն ու ձավարեղենը ավելի վատ որակի են։ Բայց գնորդը, տեսնելով ծանոթ անվանումը, որոշակի բնութագրերով ապրանք է ակնկալում։
Միևնույն ժամանակ նման արտադրանքի հանդեպ հետաքրքրությունը ևս մեկ անգամ հաստատում է ռուսական շուկայի տարողունակությունը։ Պետրոսյանը նշում է՝ մատակարարումների ծրագրված ընդլայնման պարագայում հայկական մթերատեսակներն աստիճանաբար հայտնի են դառնում ոչ միայն հայկական սփյուռքի, այլև ընդհանուր առմամբ ռուս սպառողների շրջանում։
«Դասականներն» ու «ժամանակակիցները»
Հայկական խոհանոցի ճանաչելիության աճին նպաստում է ինչպես երկրների միջև միգրացիան, այնպես էլ վերջին չորս տարիներին Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքի ավելացումը։ ՀՀ այցելած ռուսաստանցիները, վերադառնալով տուն, սկսում են խանութներում փնտրել իրենց հավանած ուտեստների պատրաստման համար անհրաժեշտ մթերքը։ Բացի այդ, եթե Ռուսաստանում ավագ սերնդի (60+) սպառողները նախկինի պես ավելի հաճախ ընտրում են սովորական ձավարեղենը՝ հնդկաձավար, բրինձ կամ սիսեռ, ապա երիտասարդությունը շատ ավելի բաց է նոր մթերքի համար։
«Ընդհանուր առմամբ պահանջարկն աճում է, դա հստակ երևում է մեր օրինակով։ Հինգ տարվա ընթացքում յուրաքանչյուր գնման ծավալը 6 տոննայից հասել է 20–21 տոննայի, այսինքն՝ մեկ բեռնատարի ամբողջական բեռնվածության։ Դրա հետ մեկտեղ աճել է նաև գնումների հաճախականությունը»,- նշում է Պետրոսյանը։
Գնորդների թվում են ձավարեղենի փաթեթավորմամբ զբաղվող ընկերություններ ոչ միայն Կրասնոդարից, այլև փոքր բնակավայրերից։ Այդպիսի ձեռնարկություններից մեկը գործում է տեղական շուկայում՝ ընդգրկելով ընդամենը երկու-երեք շրջան։ Մոտ մեկ տարի առաջ Պետրոսյանն ընկերությանն առաջարկել է տեսականու մեջ ներառել հաճար, ձավար ու կորկոտ։ Ձեռնարկության ղեկավարը կասկածել է, որ արտադրանքը պահանջարկ կունենա, առավել ևս, որ այդ շրջաններում գերակշռում է գյուղական բնակչությունը՝ սահմանափակ գնողունակությամբ։ Այդուհանդերձ, նա որոշել է փորձել։
«Վերջերս նա զանգեց ինձ ու ասաց. «Անդրանի՛կ, ամեն ինչ այնպես եղավ, ինչպես ասում էիր. խանութները փորձեցին վաճառել այդ ձավարեղենը, և պարզվեց` պահանջարկ կա»։ Վերջերս ինձ հերթական պատվերը տվեց», - պատմեց Պետրոսյանը։
Գնորդի սիրտը տանող ճանապարհը
2025 թվականի փետրվարին Անդրանիկ Պետրոսյանը ձավարեղենի մատակարարման իր հայաստանյան գործընկերոջ՝ Ստյոպա Նիկողոսյանի հետ այցելել է սննդամթերքի աշխարհի խոշորագույն ցուցահանդեսներից մեկը՝ Դուբայում անցկացվող «Gulfood»։ Այնտեղ նրանք առևտրային առաջարկ են ներկայացրել ձավարեղենի ռուսաստանյան խոշոր արտադրողներից մեկին, որը գործում է Սանկտ Պետերբուրգում։
Որոշ ժամանակ անց ընկերության մենեջերներին հրավիրել են թեմատիկ ճաշի Սանկտ Պետերբուրգի հայկական ռեստորաններից մեկում։ Հյուրերին առաջարկել են հայկական ձավարեղենից պատրաստված կերակրատեսակներ՝ հարիսա և ձավարով սպաս, հաճարով ու սնկով փլավ, բլղուրով թաբուլե, կորկոտով, յուղով և մսով շիլա, ինչպես նաև փոխինձից պատրաստված հալվա ու մուրաբա։ Արդյունքում կողմերը պայմանավորվել են համագործակցել։
Պետրոսյանի խոսքով` ընկերությունը դեռևս կասկածներ ուներ վաճառքի հեռանկարների վերաբերյալ. չնայած արտադրանքի հանդեպ հետաքրքրությանը՝ նման ձավարեղենը պահանջարկի ծավալներով դեռ համեմատելի չէ ռուսաստանյան շուկայի համար ավանդական հնդկաձավարի կամ բրնձի հետ։
«Այնուամենայնիվ, Ռուսաստանում կատարած մեր աշխատանքի արդյունքում ես արդեն ունեմ վերլուծություն, որը ցույց է տալիս` այս ապրանքների առումով շուկան աճում է և մեծ տարողունակություն ունի։ Համոզված եմ, որ այս ուղղության զարգացումը թույլ կտա մեծացնել Հայաստանի արտահանման ներուժը, աջակցել հայրենական արտադրողներին և ամրապնդել Ռուսաստանի ու Հայաստանի միջև առևտրատնտեսական կապերը»,- ասում է Պետրոսյանը։
Նա իր հայաստանյան մատակարարին օգնել է ձեռք բերել ձավարեղենի մաքրման և տեսակավորման ժամանակակից ռուսական սարքավորումներ։ Դա թույլ է տվել բարձրացնել արտադրանքի որակը, ինչից հետո հայկական ընկերությունը սկսել է այն սեփական բրենդով արտահանել նաև այլ երկրներ։
Հայկական ձավարեղենը՝ ռուսական ապրանքանշաններով
Անդրանիկը հայկական ձավարեղենը գնում է թե՛ մեծաքանակ՝ պարկերով, հետագայում ռուսաստանյան փաթեթավորող ընկերություններին վաճառելու համար, թե՛ արդեն փաթեթավորված՝ սպառողական տուփերով։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու են հայաստանյան արտադրողները դժվարությամբ հաստատվում ռուսաստանյան շուկայում՝ նա մի շարք գործոններ է մատնանշում։ Դրանց թվում են մեծ խմբաքանակների կայուն մատակարարման դժվարությունները՝ հումքային բազայի սահմանափակության պատճառով, արժույթի տատանումները, ինչպես նաև արտադրանքի համեմատաբար բարձր ինքնարժեքը, ինչը կապված է հայկական շուկայի փոքր ծավալների հետ։
«Կարծում եմ` պետությունը պետք է է՛լ ավելի ակտիվ աշխատի տեղական բիզնեսի հետ և թիրախային աջակցություն ցուցաբերի երկրի արտահանման ներուժի զարգացմանը»,-կարծում է նա։
Պետրոսյանի խոսքով՝ ձավարեղենի հայաստանյան արտադրողները պետք է հաշվի առնեն նաև, որ ԵԱՏՄ երկրներում վերջին տարիներին ուժեղացել է սննդամթերքի շրջանառության վերահսկողությունը։ 2021 թվականի հուլիսին Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը գործարկեց հացահատիկի և դրա վերամշակման արդյունքում ստացված մթերքի հետագծելիության դաշնային պետական տեղեկատվական համակարգը՝ «Зерно»-ն։ Դրա ներդրումն ուղղված է շուկայի թափանցիկության բարձրացմանը և որակի պահանջները չպահպանող անբարեխիղճ մասնակիցների զտմանը։
Այս պահանջներին համապատասխանելու համար յուրաքանչյուր մատակարարում ուղեկցվում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով՝ ԵԱՏՄ համապատասխանության սերտիֆիկատներով և լաբորատոր փորձարկումների արձանագրություններով։ Միաժամանակ հնարավոր գնորդները հաճախ նախընտրում են արտադրանքը լրացուցիչ ստուգել ինքնուրույն և նմուշներ են պահանջում։
Կուտակված փորձը նրան թույլ է տալիս խորհրդատվություն տրամադրել հայաստանյան արտադրողներին, որոնց հետաքրքրությունը ռուսաստանյան շուկայի նկատմամբ աճում է։
«Միանգամից նշեմ, որ լիովին կողմ եմ ԵԱՏՄ պետությունների նման մոտեցմանը։ Պարզ ասեմ՝ ուզում եմ, որ երեխաներս երկար ապրեն ու առողջ լինեն։ Այո՛, սա տևական ու համակարգված աշխատանք է պահանջում, բայց արդյունք է տալիս։ Հիմա ռուսաստանցի գործընկերների հետ քննարկում ենք մեր արտադրանքը ավելի լայն՝ դաշնային մակարդակ դուրս բերելու ռազմավարությունը, ինչպես խոշոր առևտրային ցանցերի, այնպես էլ շուրջ 60 տարածաշրջանային մեծածախ դիստրիբյուտորների միջոցով»,- հավելեց Պետրոսյանը։
«Ճաշից հետո»-ի համար
Ձավարեղենից բացի, Պետրոսյանը Հայաստանից նաև սուրճ էր մատակարարում Ռուսաստան, իսկ 2025 թվականի նոյեմբերից սկսել է աղացած սուրճի մատակարարումները։ Շուրջ 500 կգ ծավալով առաջին խմբաքանակներն արդեն առաքվել են Կրասնոդարի երկրամասի տեղական առևտրային ցանցերից մեկը։ Ռուսաստանում վաճառքները սկսվել են նաև մարկետփլեյսերի միջոցով։
Անդրանիկի խոսքով՝ արտադրանքի որակի վերաբերյալ առաջին արձագանքները դրական են, սակայն աշխատանքը դեռ շարունակվում է։ Արտադրողներին խորհուրդ է տրվում անցնել գազազերծող փականով փաթեթավորման, որը դուրս է մղում սուրճի բովումից հետո առաջացող ածխաթթու գազը և թույլ չի տալիս, որ օդ ներթափանցի՝ կանխելով արտադրանքի օքսիդացումը։ Այժմ մի շարք հայ արտադրողներ նրա մասնակցությամբ կապեր են հաստատում նման փաթեթավորում արտադրող չինական խոշոր ընկերության հետ։
Պետրոսյանը եզրափակեց` որակի հարցերին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, մանավանդ որ 2026 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ներդրվում է սուրճի պարտադիր մակնշում «Честный знак» համակարգում։ Դա ապրանքի մասին QR-կոդի միջոցով մանրամասն տեղեկություն ստանալու հնարավորություն կտա գնորդին։