ԵՄ ընդլայնման ռազմավարության փաստաթղթում ՀՀ–ի մասին խոսք չկա. Աշոտյան
12:59 13.03.2026 (Թարմացված է: 13:00 13.03.2026)

© Photo
Բաժանորդագրվել
Արմեն Աշոտյանի խոսքով` Փաշինյանի իշխանությունը չի կարողանալու Հայաստանը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացում։ Այս հայտարարությունն արել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում։ Նրա խոսքով՝ երեկ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է մի փաստաթուղթ, որտեղ որևէ հեռանկար չկա Հայաստանի՝ ԵՄ անդամության վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում նշել էր, թե ՀՀ կառավարության գերխնդիրն է հասնել Եվրամիության ստանդարտներին բոլոր բնագավառներում, միաժամանակ իշխանությունը հասկանում է՝ դրանից հետո էլ Հայաստանը կարող է չդառնալ ԵՄ անդամ։
«Երբ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական պառլամենտի ստրասբուրգյան շենքում ճոռոմաբանում էր Հայաստանի եվրոպական ապագայի և ԵՄ-ին անդամակցելու մասին, նա և եվրոպացի պատգամավորներն այդ պահին շատ լավ գիտեին, որ կես ժամ հետո Եվրոպական պառլամենտում լինելու է մի կարևորագույն փաստաթղթի շուրջ քվեարկություն, որը կոչվում է «Եվրոպական միության ընդլայնման ռազմավարություն»։ Այդ փաստաթղթում ոչ մի խոսք չկա այն մասին, որ Հայաստանն ունի Եվրոպական միության անդամության հեռանկար, այնինչ Բալկանների, Մոլդովայի, Ուկրաինայի պարագայում դա գրված է մի քանի տեղ և պարզ տեքստով։ Հայաստանի մասին գրվածը մաքսիմում այն է, որ նրանք ողջունում են ԱԺ-ում ընդունված ինտեգրման մասին այդ հիմար օրենքն ու հույս ունեն, որ եթե բարեփոխումները շարունակվեն, ապա ԵՄ-Հայաստան հարաբերությունները կթևակոխեն տրանսֆորմացիոն փուլ»,- ասում է Աշոտյանը։
Աշոտյանի կարծիքով՝ Փաշինյանի իշխանությունը չի կարողանալու Հայաստանը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին, քանի որ փաստաթղթում նշված է, որ Եվրոպական միության անդամ չեն կարող դառնալ այն երկրները, որոնք ժխտում են ցեղասպանությունները։
«Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները փաստացի ժխտում են Հայոց ցեղասպանությունը՝ ոչ միայն երկրից դուրս չհետապնդելով դրա ճանաչման հեռանկարն ու առաքելությունը, այլև երկրի ներսում պատժելով Ցեղասպանության ինստիտուտի տնօրենին ու հեռացնելով նրան պաշտոնից։ Եվրոպական միությունը մեզ չի խաբում, մեզ չի խոստանում եվրոպական ապագա. մեզ խաբում է Նիկոլը, իսկ եվրոպացիները դա ընդամենը ողջունում են»,- ընդգծում է Աշոտյանը։
Հիշեցնենք` մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների առիթ է հանդիսացել:
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։