Ցեղասպանության հեղինակը մեղադրում է զոհերին. Լեմկինի ինստիտուտը` Ալիևի հարցազրույցի մասին
Բաժանորդագրվել
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել Իլհամ Ալիևի՝ վերջերս հնչեցրած հայտարարության վերաբերյալ որում նա հայ ռազմագերիներին համեմատել է Նյուրնբերգյան դատավարություններում դատապարտված նացիստ առաջնորդների հետ:
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների վերաբերյալ, որոնցում նա հայ քաղաքական կալանավորներին և ռազմագերիներին համեմատել է Նյուրնբերգյան դատավարություններում դատապարտված նացիստ առաջնորդների հետ:
Նշենք, որ փետրվարի 13-ին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիևը նշել է, որ «Ղարաբաղի նախկին առաջնորդներին ազատ արձակելու կոչը նույնն է, նույնիսկ ավելի վատ, քան նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարվածը»:
Այնուհետև Ալիևը պնդել է, որ հայ կալանավորներին ազատ արձակելու խնդրանքները նման են նրան, որ դաշնակիցներից պահանջեն ազատ արձակել նացիստ պաշտոնյաներին նրանց դատավճիռներից առաջ:
Ինստիտուտն ընդգծել է, որ այս հայտարարությունը հատկապես վտանգավոր է Իսրայել-ԱՄՆ ագրեսիայի պատերազմի համատեքստում, որը Ադրբեջանին դրել է պատերազմական կարևոր դաշնակցի դիրքում՝ նախագահ Ալիևին շնորհելով ավելի մեծ անպատժելիություն, քան նա մինչ այժմ վայելել է:
«Ալիևի համեմատությունը չի արտացոլում պատմական իրականությունը, այլ աղավաղում է այն: Ադրբեջանը կեղծ մեղադրանքներ է ներկայացում դեռևս իր մոտ պահվող հայերի դեմ և արդարացնում է իր անօրինական գործողությունները՝ նրանց համեմատելով նացիստական ռազմական հանցագործների և ցեղասպանության ճարտարապետների հետ: Բաքվում պահվող Արցախի նախկին կառավարության անդամների կատարված միակ «հանցագործությունն» այն է, որ նրանք իրացրել են ինքնորոշման իրենց իրավունքը և փորձել են պաշտպանել անկլավի 4 հազար տարվա հայ բնակիչներին ադրբեջանական ագրեսիայից: Դժբախտաբար, աշխարհի առաջնորդները, կարծես, չափազանց պատրաստակամ են հանդուրժել այժմ հարգված ցեղասպան բռնապետի կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները»,–նշված է հայտարարության մեջ։
Լեմկինի ինստիտուտը նախագահ Ալիևին համարում է ցեղասպան պետության առաջնորդ՝ մի պետության, որի ինստիտուտները լի են ցեղասպան գաղափարախոսությամբ, որի քաղաքականությունը ձևավորվում է ցեղասպան օրակարգերով և որի ցեղասպանական հռետորաբանությունը ծառայում է որպես ներքին լեգիտիմության կարևոր բալաստ: Նախագահ Ալիևը ինստիտուցիոնալացրել է ցեղասպան հայատյացությունը պետական մարմիններում և հասարակական կյանքում:
Ընդգծվում է, որ նախագահ Ալիևի դիտողությունները ցույց են տալիս ցեղասպան պետությունների կողմից կիրառվող մեկ այլ տարածված և շատ արդյունավետ մարտավարություն՝ այն, ինչը հոգեբանները անվանում են DARVO. ժխտել, հարձակվել և հակադարձել զոհին և հանցագործին: Ալիևը հերքում է վայրագությունների մասին հավաստի մեղադրանքները: Նա հարձակվում է հայերի վրա՝ որպես ենթադրյալ ռազմական հանցագործների: Այնուհետև նա շրջում է իրականությունը՝ Ադրբեջանին ներկայացնելով որպես իրական զոհ, իսկ հայերին՝ որպես գոյության սպառնալիք։ Նման հռետորաբանությունը ոչ միայն սրում է լարվածությունը, այլև խրախուսում է մարդկանց ցեղասպանությունը համարել արդարացված։ Ալիևի դիտողությունները ցեղասպանության ժխտման վտանգավոր ձև են։ Հոլոքոստը նսեմացնող մի քանի նախադասությամբ նա միաժամանակ ժխտում է Լեռնային Ղարաբաղում հայերի կյանքի ոչնչացումը։ Նա ժխտում է իր կառավարության կողմից կազմակերպված զանգվածային բռնի տեղահանման պատասխանատվությունը։ Եվ նա աններելիորեն նվազագույնի է հասցնում Հոլոքոստը՝ դրա հիշատակը չարաշահելով որպես Հարավային Կովկասում իր ընդհանուր ցեղասպանական նպատակների քողարկում։
Շեշտվում է, որ հայ գերիների Ադրբեջանում շարունակական կալանավորումը և հետապնդումը լուրջ մտահոգություններ է առաջացնում միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից: Ժնևի երրորդ կոնվենցիան պահանջում է մարդկային վերաբերմունք և արգելում է ռազմագերիների հարկադիր հետապնդումը:
«Դատավարության ողջ ընթացքում եղել են հայ գերիների նկատմամբ խոշտանգումների վկայություններ ադրբեջանական համապատասխան գործակալությունների կողմից: Amnesty International-ը և այլք մտահոգություն են հայտնել Արցախի` գերի վերցված նախկին առաջնորդների իրավունքների վերաբերյալ, մասնավորապես՝ արդար դատաքննության նրանց իրավունքի առումով: Ադրբեջանը պետք է կա՛մ ազատ արձակի այս կալանավորներին, կա՛մ ապահովի թափանցիկ իրավական գործընթացներ՝ համապատասխան իր միջազգային պարտավորություններին»,–նշված է հայտարարության մեջ։
Պատմությունը ցույց է տալիս, որ վայրագությունների մեղավորները հաճախ ծայրահեղ հռետորաբանության են դիմում՝ արտակարգ միջոցառումները օրինականացնելու համար: Նշվում է, որ նրանք թիրախային խմբերին ներկայացնում են որպես հանցագործներ, ահաբեկիչներ կամ թշնամիներ: Նրանք անցյալի տրավմաներին են հղում անում՝ ներկայիս բռնաճնշումները արդարացնելու համար: Նրանք կոլեկտիվ պատիժը ներկայացնում են որպես բարոյական անհրաժեշտություն: Նման մոդելները ծառայում են որպես հետագա բռնության վաղ նախազգուշացման ցուցանիշներ:
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել հայերի դեմ իր անմարդկային, ցեղասպանական հռետորաբանությունը, զերծ մնալ Հոլոքոստն օգտագործելուց՝ իր հանցագործությունները արդարացնելու համար, և անհապաղ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին: Քանի որ նախագահ Ալիևն ինքն է հայտարարել, որ դա չի անի, միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի նրա վրա դա անելու համար: Համակարգված ճնշում պետք է գործադրվի հատկապես նախագահ Ալիևի անձի վրա, ով իր շարունակական իշխանության համար մեծապես հույսը դնում է արևմտյան աշխարհի բարեհաճության վրա:
Շեշտվում է, որ եթե արևմտյան աշխարհը չգործի և շարունակի խրախուսել Ադրբեջանի նախագահին, նրանք ապագայում ավելի վատ խնդիրների կբախվեն: Որքան մեծ լինի նախագահ Ալիևի նկատմամբ անպատժելիությունը, այնքան ավելի նա կփորձի իրականացնել իր երազանքները՝ «Մեծ Ադրբեջանի» մասին, որը կներառի ներկայիս անկախ Հայաստանի Հանրապետությունը: Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ պատմական հիշողությունը մանիպուլացվի՝ ծառայելով շարունակական ցեղասպանական օրակարգերին։
