«Անվտանգ կենսագործունեություն»` ՆԶՊ–ի փոխարեն. ի՞նչ նոր փոփոխություն է սպասվում դպրոցում

© Photo : official site of MESCS of RA
Բաժանորդագրվել
ԿԳՄՍՆ-ն հերթական փոփոխությունն է նախաձեռնել դպրոցական ծրագրում։ Թիրախում այս անգամ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան է։ Մասնագետի կարծիքով՝ փոփոխությունը միանգամայն տեղավորվում է ռազմահայրենասիրական դաստիարակության նկատմամբ իշխանության վերաբերմունքի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Կառավարությունը մտադիր է 8-րդ դասարանում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստությունը» փոխարինել «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով։
Համապատասխան իրավական ակտերի փոփոխությունների նախագիծը հրապարակված է е-draft.am կայքում։ Նախագծի հեղինակ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկը հիմնավորում է նրանով, որ «Նախնական զինվորական պատրաստությունը» սովորողների մոտ ձևավորում է միայն ռազմամարզական պատրաստության վերաբերյալ պատկերացումներ ու գործնական կարողություններ։ Մինչդեռ արտակարգ այլ իրավիճակներում գործելու կարողունակությունները, պետական, տեղեկատվական, անհատական և կոլեկտիվ անվտանգությունը, կյանքում ու կենցաղում հանդիպող վտանգների կանխարգելման և դրանց արձագանքման կարողությունները դպրոցականների մոտ բավարար չափով չեն ձևավորվում։
Այս մտայնությամբ էլ նախարարությունն առաջարկում է ընդլայնել առարկայի ուսումնասիրման շրջանակը`բացի ռազմականից ներառելով նաև արտակարգ իրավիճակների արձագանքման կարողություններ։ Իսկ գործնական հմտությունները զարգացնելու համար ավագ դպրոցում նախատեսվում է կազմակերպել ուսումնական ճամբարներ։
Բացի այդ, «Նախնական զինվորական պատրաստությունն» այսօր դասավանդվում է 8-րդ դասարանից սկսած, իսկ «Անվտանգ կենսագործունեության» դասավանդումը նախատեսվում է սկսել 5-րդ դասարանից։
Ռազմական պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով դպրոցական ծրագրում հերթական փոփոխության նախաձեռնությունը, նկատում է, որ նախնական զինպատրաստությունը քաղպաշտպանությամբ փոխարինել կարող են իրենց թույլ տալ ռազմական սպառնալիք չունեցող երկրները։
«Մեզ տանում են դեպի եվրոպական այն մի քանի պետությունները, որտեղ պետության անվտանգությանը սպառնացող ռիսկերը ցածր են և դպրոցներում ռազմական պատրաստությունը սովորաբար սահմանափակվում է քաղաքացիական պաշտպանությամբ։ Իսկ այն երկրները, որոնց թվին դասվում է նաև Հայաստանը, որտեղ բարձր ռազմական սպառնալիքներ կան, և միջավայրն էլ սարսափելի սպառնալիք է պարունակում, այդ երկրներում հակառակը` ավելի են ուժեղացնում գործնական պարապմունքները»,– նշում է մասնագետը։
Այվազյանը չի հերքում`արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու, պաշտպանվելու կարողությունները ևս կարևոր են, բայց ոչ ի հաշիվ ռազմականի։
Մինչդեռ, հարցը դիտարկելով ՀՀ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության դիտանկյունից` մեր զրուցակիցը կարծում է, որ առաջարկվող փոփոխության բուն նպատակն է դպրոցներում նվազեցնել ռազմահայրենասիրության դասավանդումը։
«Միայն առարկայի անվանումը` «Անվտանգ կենսագործունեությունը» արդեն հուշում է, թե ինչ են ուզում անել։ Եթե բանակի թվաքանակն են նվազեցնում, ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն 1․5 տարի դարձրեցին արդեն, եթե ասում են՝ մեզ պետք չէ մարտունակ բանակ, այլ պետք է պաշտպանունակ բանակ, ապա պարզ է դառնում, որ ուսումնական ծրագրի այս փոփոխությունն էլ այդ տրամաբանության շարունակությունն է»,– ասում է մասնագետը։
Ներկայացնելով ռազմագիտության դասավանդման համաշխարհային փորձը` ռազմական պատմաբանը նշում է Ռուսաստանի օրինակը, որտեղ ոչ միայն պահպանել են խորհրդային դասավանդման հաջողված փորձը, այլև համալրել են ռազմական ժամանակակից գիտելիքներով ու գործնական պարապմունքներով։
Արմեն Այվազյանը հաջողված է համարում նաև Իսրայելի օրինակը, որտեղ դպրոցում նախազորակոչային ուսուցման մակարդակը, նրա խոսքով, այնքան բարձր է, որ զորակոչիկը բանակում ուղղակի շարունակում է կիրառել դպրոցում ստացած գիտելիքները։
«Հիմա մեզ սպառնացող վտանգների պայմաններում մենք ո՞ր ուղղությամբ պետք է գնանք, Իսրայելի՞, թե՞, ասենք`Իտալիայի ուղղությամբ, որտեղ ուղղակի քաղաքացիական պաշտպանություն են ուսումնասիրում։ Կամ գնանք, օրինակ, Ֆինլանդիայի ուղղությամբ, որտեղ նույնպես դպրոցներում շատ հետաքրքիր ձևով է ռազմագիտությունը դասավանդվում։ Ի տարբերություն Իսրայելի, այնտեղ կա շատ ուժեղ քաղաքացիական պաշտպանության և անվտանգության կրթություն, երիտասարդական կամավոր ռազմական պատրաստության համակարգ։ Զորակոչից առաջ երիտասարդների մեծ մասը արդեն տիրապետում է զինծառայության բազային հմտություններին»,– նշում է Այվազյանը։
Դպրոցական տարիքում ստացած այդ հմտությունների շնորհիվէ, որ Ֆինլանդիան Եվրոպայում այսօր ունի ամենաարդյունավետ պահեստազորային համակարգերից մեկը, եզրափակեց Այվազյանը։