ՀՀ-ին օգտագործում են ՌԴ-ի դեմ պայքարելու համար, թեև Փաշինյանը պնդում է հակառակը. Գալուզին

© Sputnik / Maria Devakhina
Բաժանորդագրվել
Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ Արևմուտքում չեն թաքցնում Հայաստանի հետ կապված իրենց ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի քաղաքական գիծը չի ենթադրում դեմ գնալ Ռուսաստանի շահերին: Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանը մեծացնում է արևմտյան երկրների և միավորումների հետ ռազմաքաղաքական և տնտեսական մերձեցման տեմպերը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ավելի վաղ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հետևյալը. «Ռուսաստանի շահերին վնաս հասցնելը մեր օրակարգում չկա, չի եղել և չի լինելու: Դա բացառված է, ոչ ոք չի կարող մեզ ներքաշել Ռուսաստանի դեմ գործողությունների տրամաբանության մեջ»։ Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարը նշել էր, որ Երևանը միշտ առաջնորդվելու է իր շահերով:
«Բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին, որ Արևմուտքի համար, և դա նրանք արդեն չեն թաքցնում, Մոսկվայի հետ դիմակայության գործում Հայաստանը աշխարհաքաղաքական պայքարի գործիք է», - ասել է Գալուզինը:
Նրա խոսքով՝ Երևանում տեղյակ են ԵՄ-ին անդամակցելու և Եվրասիական տնտեսական միությանն անդամ մնալու անհամատեղելիության մասին Մոսկվայի սկզբունքային գնահատականներին: Փոխնախարարն ընդգծել է, որ այլ ինտեգրացիոն միավորման անդամակցելու դեպքում Երևանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի և կանոնների պահպանումը, ինչը հղի է համապատասխան հետևանքներով:
«Ակնկալում ենք, որ հանրապետությունը կվարի իրատեսական քաղաքականություն. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը, գնաճի ցածր մակարդակը, ամուր ազգային արժույթը, հայկական արտադրանքի սպառման ընդարձակ շուկան՝ այս ամենի գրավականը Ռուսաստանի հետ կոոպերացիան է նաև ԵԱՏՄ շրջանակներում», - նշել է փոխնախարարը:
Գալուզինը ընդգծել է, որ, ինչպես և նախկինում, ՌԴ-ն ելնում է նրանից, որ Երևանը Մոսկվայի բնական դաշնակիցն է Հարավային Կովկասում, իսկ եվրասիական ընդհանուր կառույցների շրջանակներում երկկողմ համագործակցությունը, համակարգված աշխատանքը Հայաստանի հետագա բարգավաճման գրավականն են:
ՌԴ դիվանագետը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է կազմակերպության շրջանակներում ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության հետ կապված Հայաստանի քայլերին: Գալուզինի խոսքով՝ ՀԱՊԿ-ում փոխգործակցության համատեքստում Մոսկվայի համար գլխավորը, ինչպես բազմիցս ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այն է, որ Երևանը մնում է միավորման լիիրավ անդամ:
«Հայաստանը դուրս չենք թողնում դաշնակցային փոխգործակցությունից, հանրապետության համար պահպանում ենք կազմակերպության գծով մշակվող բոլոր լուծումներին միանալու հնարավորությունը։ Դրա հետ մեկտեղ, իհարկե, շարունակում ենք ուշադիր հետևել Արևմուտքի հետ հարաբերություններում, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններին նրանց համապատասխանության մասով գործընկերների քայլերին», - նշել է նա։
ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ հայտարարել էր 2024 թվականի փետրվարին: Կառավարության ղեկավարն ասել էր, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ ավելի ու ավելի դժվար է դառնում, եթե չասվի՝ անհնար: Նրա խոսքով՝ «անդառնալիության կետն» անցել է։
Ի պատասխան հայտարարությունների՝ Մոսկվայում բազմիցս նշել էին, որ Երևանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին խոսակցությունները իրավական հիմքեր չունեն՝ դրանք որակելով որպես «բառախաղ»: