Սննդի ոչ պատշաճ առաքման կամ առաքիչի հիվանդ լինելու համար կտուգանվի տնտեսվարողը. ՍԱՏՄ

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
ՍԱՏՄ–ն քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ է ստացել. առաքված մթերքը պատշաճ որակի չի եղել, բերողը չի պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը կամ առաքման պայմանները։ Մտահոգությունները շատ են նաև առաքմամբ զբաղվող միգրանտների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Սննդի առաքման ծառայությունների մասին հանրությունից ստացվող բողոքներն ու ահազանգերը ավելանում և մտահոգիչ են դառնում, Sputnik Արմենիային ասաց ՍԱՏՄ-ի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը` մեկնաբանելով ոլորտի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու մասին տեսչական մարմնի որոշումը։
ՍԱՏՄ–ն օրերս հայտարարել էր, որ մարտ ամսից լայնածավալ վերահսկողություն է իրականացնելու սննդի առաքման ծառայություններ մատուցողների նկատմամբ։
Տեսուչների ուշադրության կենտրոնում հատկապես լինելու է առաքիչների` նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված լինելու և սանիտարական գրքույկ ունենալու օրենքով ամրագրված պահանջի կատարումը։
«Սննդային շղթայի բոլոր մասնակիցները 6 ամիսը մեկ կոնկրետ հիվանդությունների մասով պետք է ստուգում անցնեն բժշկական հաստատություններում։ Բայց մարդը 6 ամիսը մեկ չէ, որ հիվանդանում է, և եթե ինքը այսօր ստուգվել է, դա չի նշանակում, որ վաղը չի կարող հիվանդանալ։ Այսինքն՝ տնտեսավարողը ինքը պետք է դա իր ուշադրության կենտրոնում պահի։ Առաջին իսկ պահին, երբ տեսնում է, որ իր աշխատակիցը կարող է հիվանդ լինել` քթից է հոսում, փռշտում է, կամ ինչ–որ այլ առերևույթ խնդիր ունի, պետք է դրանով հետաքրքրվի, զբաղվի, և այդ աշխատակցին այդ պահին սննդի հետ առնչվելուց զերծ պահի»,– նշում է Հարությունյանը` հավելելով, որ այս պարտավորություններում թերանալու դեպքում տուգանվելու է տնտեսավարողը, և ոչ թե աշխատակիցը։
Տեսչական ստուգումների առարկա են լինելու նաև սննդի առաքման պայմանները։
«Հատկապես մոտոցիկլետների դեպքում սնունդը տեղափոխվում է արկղների մեջ։ Ամեն ծառայություն իր արկղներն ունի։ Դրանք ևս պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում, պետք է լինեն պատշաճ սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան»,– նշում է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է սննդի առաքման ոլորտում աշխատող մեծ թվով միգրանտներին, Անուշ Հարությունյանի խոսքով, նրանք ևս պետք է ենթարկվեն ՀՀ օրենսդրությանն ու տվյալ ոլորտում գործող իրավական կարգավորումներին, հետևաբար իրենց գրանցման թերթիկով պետք է դիմեն առողջապահական հաստատություն, անցնեն սահմանված բուժստուգումները, ստանան սանիտարական գրքույկ, և միայն դրանց հետո իրավունք ստանան սննդի առաքումներ իրականացնելու։
Ինչ վերաբերում է ՍԱՏՄ–ի ստացած բողոքներին, դրանք հիմնականում ստացվել են անհատ քաղաքացիներից։
«Հիմնականում բողոքները վերաբերում են նրան, որ մթերքը, որը բերել են, համապատասխան որակի չի եղել կամ բերողը իրենց դուր չի եկել, մտածում են, որ սանիտարահիգիենիկ նորմերը նորմալ չեն պահպանվել և այլն։ Ավելի շատ բողոքներ կան հենց առաքման պայմանների վերաբերյալ »,– ասում է տեսչական մարմնի ներկայացուցիչը։
Վստահեցնում է` գարնանից նախատեսվող խստացումը թույլ կտա փարատել քաղաքացիների շրջանում աճող մտահոգությունները։