Կվերադառնան, բոլորն են վերադառնալու. Ալեն Սիմոնյանը` հայ գերիների մասին
13:13 14.02.2026 (Թարմացված է: 13:21 14.02.2026)

© Photo : news.am
Բաժանորդագրվել
Ազգային ժողովի նախագահը համոզված է, որ Ադրբեջանի հետ աշխատանքն արդյունք կտա։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա չմեկնաբանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե մտադիր չէ ազատ արձակել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին` նշելով, թե դեռ չի ծանոթացել դրան։
«Այն գործընթացը, աշխատանքն ու այն ոճը, որը մենք երկուստեք Ադրբեջանի հետ իրականացնում ենք, բարդ է, դժվար է, բայց առաջ գնալու հնարավորություն ստեղծող է, և մենք չպետք է հրաժարվենք դրանից։ Կվերադառնան, բոլորն են վերադառնալու։ Այսօր չէ, վաղը չէ, բայց բոլորն էլ վերադառնալու են։ Ինչպես ժամանակին 200-ի հասնող մարդիկ կային, էլի կային մարդիկ, որոնք համարվում էին չվերադարձողների ցուցակում, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել դրան: Այդ աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա ՀՀ»,– ասաց նա։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» սկսվել էր 2025 թվականի հունվարին։ Այն արդեն ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս ցմահ ազատազրկում է պահանջել։