Անազատության մեջ անձանց կրոնական ազատության վերաբերյալ հայեցակարգային լուծում է պետք․ ՄԻՊ
17:28 03.02.2026 (Թարմացված է: 18:34 03.02.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը հիվանդանոցային պայմաններում է կրում իր կալանքը, արդեն տևական ժամանակ է զրկված է պատարագի մասնակցելու և հաղորդություն ստանալու իրավունքից։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ անազատության մեջ գտնվող անձանց կրոնական ազատության երաշխավորումն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, ուստի՝ հարցի վերաբերյալ անհրաժեշտ է հայեցակարգային լուծումներ մշակել։ Այս մասին հայտարարություն է հրապարակել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ անդրադառնալով վերջին շրջանում հնչեղություն ստացած Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու (ՀԱՍԵ) ներկայացուցիչների նկատմամբ մի քանի քրեաիրավական գործընթացի:
Նշենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը հիվանդանոցային պայմաններում է կրում իր կալանքը, արդեն տևական ժամանակ է զրկված է պատարագի մասնակցելու և հաղորդություն ստանալու իրավունքից։ Փետրվարի 1-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ում Սուրբ և անմահ պատարագ է մատուցվել, որին Միքայել սրբազանը հիվանդասենյակից կարողացել է մասնակցել։
«Այն բոլոր դեպքերում, երբ իրավապահ մարմինների իրականացրած գործընթացները վերաբերում են ՀԱՍԵ կամ այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին, իրավապահ և այլ իրավասու մարմինները պարտավոր են ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն։ Նրանք նաև պարտավոր են հարգել անձանց կրոնական համոզմունքները, և գործընթացներն իրականացնել այն տրամաբանությամբ ու այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի նույնիսկ նվազագույն հանրային տպավորություն չձևավորվի, թե չեն հարգվում անձանց կրոնական համոզմունքները կամ քրեաիրավական գործընթացներն իրականացվում են կրոնական համոզմունքների հիմքով»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ պաշտպանի ուշադրության կենտրոնում են նաև ազատությունից զրկված անձանց կրոնական ազատությունների երաշխավորման հարցերը։ Վստահեցնում են, որ ազատությունից զրկման վայրերում նշված իրավունքի երաշխավորմանն առնչվող մի շարք հարցեր ՄԻՊ հաստատության և իրավասու մարմինների համագործակցության արդյունքում հընթացս ստացել են լուծում։ Միևնույն ժամանակ, պաշտպանն արձանագրել է, որ ազատությունից զրկված անձանց կրոնական ազատությունների երաշխավորումն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, ուստի՝ հարցին անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային մոտեցում։
«Շարունակում են արձանագրվել նաև կրոնական ազատությունների երաշխիքների պահպանման հետ կապված խնդրահարույց իրավիճակներ։ Խտրական և ատելության խոսքի, թիրախավորման դեպքեր են լինում ՀԱՍԵ-ի, կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների և աթեիստների նկատմամբ։ Պաշտպանն անթույլատրելի է համարում հրապարակային խոսքի նման դրսևորումները և ընդգծում՝ ցանկացած հարց կարող է դառնալ ժողովրդավարական բանավեճի առարկա, բայց դա չի կարող իրականացվել մարդու իրավունքների չափանիշներն ու կրոնական ազատություններին առնչվող երաշխիքները ոտնահարելու միջոցով»,- ասված է հայտարարությունում։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից նաև ընդգծել են, որ հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, հասարակական տարբեր խմբերի թիրախավորող, պիտակավորող և ատելություն սերմանող ձևակերպումներով։ Շեշտել են՝ ընտրությունների նախաշեմին նման խոսքի տեսակներն առավել լայն տարածում են ստանում և քաղաքական բանավեճի անբաժանելի մասն են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ այդ հանգամանքն անընդունելի է և պետք է արժանանա պատշաճ հակազդեցության։
ՄԻՊ հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ հայաստանյան հանրային խոսույթում առավել լայն տարածում են ստացել կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց պիտակավորող, թիրախավորող ձևակերպումները, էթնիկ պատկանելության հիմքով խտրական, ատելության խոսույթը, եկեղեցու, կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, աթեիստների նկատմամբ տարածվող խտրական խոսույթը: