«Հակառակ» գործընթաց է սկսվել. հայ փորձագետները` Իրանում ծավալված բողոքի ակցիաների մասին
21:55 08.01.2026 (Թարմացված է: 22:07 08.01.2026)

© NurPhoto
Բաժանորդագրվել
Փորձագետները համոզված են, որ Իրանում սկսված բողոքի շարժման հետևում կանգնած են ԱՄՆ-ն և Իսրայելը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Իսրայելա–ամերիկյան տանդեմը «հակառակ» գործընթաց է սկսել Իրանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «APRI Armenia» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը` մեկնաբանելով Իրանի ու Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները։
Փորձագետի խոսքով` դեռ անցած տարվա հունիսին իսրայելա–ամերիկյան տանդեմը հույս ուներ, որ Իրանի դեմ հարվածներից հետո ժողովուրդը դուրս կգա այդ երկրի գործող իշխանության դեմ, բայց հաշվարկները ոչ միայն սխալ դուրս եկան, այլև հակառակ արդյունքն ունեցան` ժողովուրդն ու ընդդիմադիր գործիչներն իրենց աջակցությունը հայտնեցին գործող իշխանությանը։
«Չեմ բացառում, որ այս անգամ արդեն հակառակ ուղղությամբ են գործընթացները սկսել։ Այսինքն` տնտեսական ճգնաժամի ֆոնին ժողովուրդը իր բողոքն է արտահայտում, և երբ գործող իշխանությունը ներգրավված է առաջին հերթին ներքին անվտանգության ապահովման գործընթացներում, չի կարողանա դիմակայել արտաքին անվտանգության սպառնալիքներին»,– ասաց Մելքոնյանը։
Նրա խոսքով` դեռ անհայտ է, թե որ ուղղությամբ կգնա գործընթացը, որովհետև բացի տնտեսական ճգնաժամից, կա նաև այլ խնդիր։
«Մենք տեսնում ենք, որ հիմնական կետերը, որտեղ լարվածությունն ամենաբարձրն է, օրինակ` Իլամ նահանգում ապրում են հիմնականում լոռեր և քրդեր։ Այստեղ նաև էթնիկ խնդիր կարող է ի հայտ գալ, և, բնականաբար, յուրաքանչյուր թշնամի կցանկանա օգտագործել այս նուրբ հարցերը։ Տնտեսական հարցը հիմքը կլինի, բայց նաև հավելյալ տրիգերներ կլինեն»,– ընդգծեց պատմաբանը։
Նա վստահ է, որ Իսրայելի նպատակն է Իրանի դեմ օպերացիայում ամեն գնով ներգրավել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։
«Իրանի շուրջ Իսրայելի մոտեցումը չի փոխվել։ Եթե վերլուծենք բարձր մակարդակում Իսրայելի հայտարարությունները, ապա պարզ կդառնա, որ Իսրայելը 2025թ–ի հունիսյան պատերազմից հետո շարունակում է պատրաստվել Իրանի դեմ ավելի լայնածավալ հարվածների։ Եվ այստեղ, բացի այն դեղին լույսից, որ Իսրայելը ստացավ Միացյալ Նահանգների կողմից, Իսրայելը նաև ԱՄՆ–ի անմիջական մասնակցության կարիքն ունի»,– ասաց մեկնաբանը։
Մելքոնյանը միաժամանակ հիշեցրեց, որ Իսրայելում աշնանը նախատեսված են ընտրություններ, իսկ վարչապետ Բենիամին Նեթանյահուի իշխանության վարկանիշն աստիճանաբար նվազում է` պայմանավորված Գազայի, Լիբանանի չհանգուցալուծված կոնֆլիկտներով։
Իրանագետ Նվեր Դավթյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ արտաքին ուժերը փորձում են այլ հունով տանել Իրանում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակը։
«Իրավիճակը շահագործվում և օգտագործվում է որոշակի այլ ուժերի կողմից` այդ շարժումը այլ ուղղությամբ տանելու համար։ Այսինքն` զանգվածային անկարգությունների, խռովությունների, դրա տակ քաղաքական ենթատեքստ դնելու և երկրի ներսում ներքաղաքական կայունությունը խաթարելու նպատակով»,– ասաց նա։
Դավթյանի խոսքով` դրա համար կիրառվում են քարոզչական մեթոդներ, որոնք արտահայտվում են նաև գործողությունների տեսքով։
«Տարբեր տեխնոլոգիաներ են կիրառվում հասարակության մեջ երբեմն հանրային աջակցություն ապահովելու, երբեմն հանրության մեջ պետական ծառայողների, իրավապահ մարմինների նկատմամբ ատելությունը մեծացնելու նպատակով»,– նշեց իրանագետը։
Ըստ Դավթյանի` տեխնոլոգիան, մեթոդները հետևյալն են` օրինակ` խաղաղ ցույցի ընթացքը գնում է, այնուհետև դրանց միանում են որոշ քանակությամբ այլ ակտիվիստներ։
Նա կարծում է, որ ոչ արդյունավետ լուծումների դեպքում հանրային դժգոհությունների ալիքը կարող է մեծանալ և լուրջ վտանգներ ունենալ։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Իրանի ԿԲ-ի տվյալներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 38,9 տոկոսի, ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների։
Իրանում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին ԱՄՆ-ն շարունակում է հակաիրանական հռետորաբանությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփն օրերս աջակցություն հայտնեց ցուցարարներին` հայտարարելով, որ քայլեր կձեռնարկի, եթե Իրանի իշխանությունները կրակեն ցուցարարների ուղղությամբ։
Դրան զուգահեռ՝ ԱՄՆ-ն այս օրերին իր ռազմաբազաներից Մերձավոր Արևելք է տեղափոխում ռազմատրանսպորտային ինքնաթիռներ։