Վենեսուելայի դեմ ագրեսիայի համար ԱՄՆ-ի պատրվակներն անհիմն են. ՌԴ ԱԳՆ
15:00 03.01.2026 (Թարմացված է: 15:11 03.01.2026)

© Sputnik / Алексей Куденко
/ Բաժանորդագրվել
Մոսկվան Վաշինգտոնի գործողություններն անվանել է Վենեսուելայի դեմ զինված ագրեսիայի ակտ:
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Կարակասի դեմ ԱՄՆ-ի հարձակումները խորը մտահոգություն և դատապարտում են առաջացնում. պատրվակները, որոնք բերվում են այդ ագրեսիան հիմնավորելու համար, անհիմն են։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:
«Լատինական Ամերիկան պետք է մնա խաղաղության գոտի, ինչպիսին ինքնահռչակվել է 2014 թվականին։ Իսկ Վենեսուելայի համար պետք է երաշխավորվի իր ճակատագիրը որոշելու իրավունքը՝ առանց որևէ ապակառուցողական, առավել ևս` արտաքին ռազմական միջամտության»,-ասված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Վենեսուելայում իրավիճակի մասին ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարություններից հիմնականը.
Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակում կարևոր է թույլ չտալ էսկալացիայի աճ և ելք գտնել երկխոսության միջոցով։
Ռուսաստանը պաշտպանում է Վենեսուելայի իշխանությունների և Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարության հայտարարությունը անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու մասին։
ՌԴ-ն հաստատում է իր համերաշխությունը Վենեսուելայի ժողովրդի հետ, աջակցություն է հայտնում նրա ղեկավարության վարած քաղաքականությանը, որն ուղղված է երկրի ինքնիշխանության պաշտպանությանը։
Մոսկվան պատրաստ է աջակցել Վենեսուելայի շուրջ հակամարտության կողմերի միջև երկխոսությանը։
Կարակասում Ռուսաստանի դեսպանատունը գործում է բնականոն ռեժիմով՝ հաշվի առնելով իրավիճակը, մշտական կապ է պահպանում Վենեսուելայի իշխանությունների և Վենեսուելայի տարածքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների հետ:
Այս պահին Ռուսաստանի Դաշնության տուժած քաղաքացիների մասին տեղեկություններ չկան: