«Գետնախորշի երեխաները». ինչպես են Հայաստանում ապրում աղքատության եզրին գտնվող ընտանիքները
Բաժանորդագրվել
Հայաստանում մինչև 13 տարեկան ավելի քան 56 հազար երեխա ապրում է սոցիալապես անապահով պայմաններում։ Վիճակագրության այս չոր թվերի հետևում իրական ճակատագրեր են, գոյատևման ամենօրյա պայքար և հաճախ ամենահասարակ մանկական երազանքներ՝ ջերմություն, հագեցածություն և անվտանգություն: Ինչ պայմաններում են մեծանում այդ երեխաները, և ինչ միջոցներ է ձեռնարկում պետությունը կուտակված խնդիրները լուծելու համար՝ Sputnik Արմենիայի ռեպորտաժում։
«Սովորական» պատմություններ
Վեցամյա Ալեքսը և երկու քույրերը վիճակագրության մեջ հայտնված երեխաներից են: Մարգարյանների ընտանիքն ապրում է վարձակալած վագոն-տնակում՝ ամսական վճարելով 50 հազար դրամ: Ընտանիքին կերակրելու համար հայրը ավտոմեքենաներ է վերանորոգում, բայց վաստակածը ծայրահեղ քիչ է:

Ալեքսը քրոջ հետ
Երեխաները առողջական խնդիրներ ունեն. 5-ամյա աղջնակը խոսքի հապաղում ունի, իսկ 2-ամյա փոքրիկը տարած վիրուսային հիվանդության պատճառով ուղեղային վնասվածք է ստացել և երկարատև բուժման կարիք ունի: Պարտքերի համար ընտանիքը վարձած տնից վտարման եզրին է. գումարը բավական չէ ո՛չ սննդի, ո՛չ էլ հագուստի համար:

Վարձակալած վագոն-տնակը
Ինքը՝ Ալեքսը, տարիքի համեմատ շատ հասուն է. նա արդեն հստակ գիտի՝ երբ մեծանա, զինծառայող կդառնա։ Իսկ մինչ այդ, հասարակ ամանորյա ցանկություն ունի՝ ստանալ մեծ ռադիոկառավարվող խաղալիք մեքենա։ Եթե Ձմեռ պապը դա չհասցնի, տղան ուրախ կլինի նաև «ռուբիկ-կուբիկի» համար:

Մարգարյանների ընտանիքում
Վագոն-տնակում է ապրում նաև Գևորգյանների ընտանիքը։ Փոքր տարածքում գտնվող վեց երեխաներից ամենակրտսերը 9 տարեկան է։

Գևորգյանների ընտանիքը
© Sputnik / Aram Nersesyan
Հովհաննիսյանների ընտանիքը թեև ապրում է մի քիչ ավելի տանելի պայմաններում՝ սեփական տանն են, բայց հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Տունը կառուցված է անմշակ տուֆից, պատերը նույնիսկ սվաղված չեն, կենցաղային պայմաններ գրեթե չկան։ Նոյեմբերին ընտանիքում 8-րդ երեխան է ծնվել. Նարեկը ընդամենը մեկ ամսական է: Նրա ծնվելու հետ կապված ուրախությունը մթագնվում է ծանր ֆինանսական վիճակով։

Հովհաննիսյանների ընտանիքը
© Photo : Aram Nersesyan
Ընտանիքի հայրը դռնապան է և ամսական ստանում է մոտ 180 հազար դրամ։ Դա բավարար չէ 8 երեխաներով ընտանիքի համար:
«Միայն գազի համար ամսական 50 հազար եմ վճարում։ Իսկ ինչ անել, ութ երեխան հո չպիտի սառչեն»,- ասում է նա։
Ընտանիքը պարտքեր ունի խանութներում, նրանց արդեն սնունդ չեն տալիս։ Պետական օգնությունը կա, բայց բավարար չէ։

Աշոտ Հովհաննիսյան
© Photo : Aram Nersesyan
Փոքրերը հաշվառվել են մանկապարտեզում, հայրը սպասում է, թե երբ կընդունեն, բայց այնտեղ դեռ ազատ տեղ չկա։ Ընտանիքին օգնում է ավագ որդին՝ 16-ամյա Հովհաննեսը՝ հարևան հողատարածքներն է մշակում։ Նա զբաղվում է առանց կանոների մարտարվեստով և երազում է դուրս գալ պրոֆեսիոնալ ռինգ։

Հովհաննիսյանների ընտանիքը
© Photo : Aram Nersesyan
Սա ընդամենը մի փոքր մասն է անապահով ընտանիքներում ապրող մինչև 13 տարեկան երեխաների պատմություններից։
Փակ շրջան
Հայաստանում անապահով ընտանիքների խնդիրը համակարգային բնույթ է կրում, նման ընտանիքների երեխաների մեծ մասը զրկված է նորմալ կյանքի և կրթության հիմնական պայմաններից:
«Ցավոք, սա վերացական թվեր կամ վիճակագրություն չէ։ Նրանք մեր երեխաներն են, որոնցից շատերը դպրոց չեն գնում, գրել-կարդալ չգիտեն։ Եղել են դեպքեր, երբ մինչև 15 տարեկան երեխաները նոր են սկսել այբուբեն սովորել»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, «Օգնենք անապահով ընտանիքներին» նախաձեռնության ղեկավար Հերմինե Անդրյանը։
Ընդ որում, կան ծնողներ, որոնք, չնայած ծանր վիճակին, ամեն ինչ անում են հանուն իրենց երեխաների ապագայի, մինչդեռ ոմանք նույնիսկ չեն էլ մտածում այդ մասին։ Շատ ծնողներ իրենք ժամանակին կրթություն չեն ստացել, չեն տիրապետել որևէ մասնագիտության կամ հմտության։

Հերմինե Անդրյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Եթե նրանք ունենային որևէ մասնագիտություն, ապա ուսում ստանալու անհրաժեշտությունը կփոխանցեին իրենց երեխաներին։ Դա ո՛չ երեխաների մեղքն է, ո՛չ էլ ծնողների, այլ համակարգային խնդիր է, որը տարիներ շարունակ չի լուծվել», -ասաց նա։
Այդ իսկ պատճառով այսօր նա առաջնային է համարում կրթություն ստանալու առումով օգնելը, այլ ոչ թե մեկանգամյա բարեգործական ակցիաները։
Հայաստանում մանկատները փուլ առ փուլ սկսել են փակվել 2021 թվականից, փոխարենը հայտնվել է խնամակալության հանձնվող երեխաների ինստիտուտը։ Պետությունը մեկ որդեգրված երեխային պահելու համար ամսական հատկացնում է 130-145 հազար դրամ։ Սակայն, Անդրյանի խոսքով, պրակտիկայում հանդիպում են շատ բարդ դեպքեր։
Նա պատմեց իջևանցի մի ընտանիքի մասին, որի երեխաները փաստացի ապրում են աղբավայրի տարածքում: «Ես աղաչում էի սոցիալական ծառայություններին միջամտել և երեխաներին հանձնել խնամակալության։ Ասում էին. «Դա հեշտ չէ»: Մայրը ամեն կերպ ընդդիմանում է՝ վախենալով զրկվել երեխաների խնամքի համար նպաստից...Սա սոցիալական աշխատողի կոնկրետ բացթողումն է»,- ասաց նա։
Նրա կարծիքով՝ պետք է գործի ժամկետների և վերահսկողության հստակ համակարգ. եթե ծնողները երեխայի կյանքի համար նվազագույն պայմաններ չեն ստեղծում, երեխաներին պետք է վերցնել նրանցից: Անդրյանի կարծիքով՝ պետությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի բազմազավակ ընտանիքներին։
Ռիսկերը
Նման ընտանիքների երեխաներն ավելի հաճախ հայտնվում են ռիսկի գոտում, որը երբեմն հանգեցնում է ողբերգության. հասարակությունը դեռ հիշում է հոկտեմբերի սարսափելի դեպքը, երբ իրավապահները և կամավորները մի քանի օր որոնում էին երեք տարեկան երեխային, իսկ արդյունքում պարզվեց, որ նրան խեղդել է սեփական հայրը, որը տառապում էր հոգեկան խանգարմամբ։
Ընտանիքը վատ էր ապրում, հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։ Այս միջադեպը կրկին հիշեցրեց, որ անհրաժեշտ է ճգնաժամային ընտանիքներին հայտնաբերել վաղ ժամկետներում, ուժեղացնել սոցիալական աջակցությունը, մատչելի դարձնել հոգեբանական օգնությունը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնեցին, որ վերջին տարիներին երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ դիմումների գրեթե կրկնակի աճ է արձանագրվում։ Եթե 2021 թվականին ստացվել է 50 դիմում, ապա 2024-ին այդ թիվը հասել է 97-ի։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների պահպանման ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետի պաշտոնակատար Լիլիթ Աղաջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ գրանցված դեպքերի աճը վկայում է ոչ միայն իրավիճակի վատթարացման, այլև այն մասին, որ հասարակությունն ավելի հաճախ է սկսել ահազանգել։ Այսպես, երեխաների նկատմամբ բռնության մասին ահազանգեր կատարում են ինչպես ծնողները, այնպես էլ հենց երեխաները և նրանց ընկերները (տարածված դեպքերից են՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական, բուլինգ և բռնության այլ ձևեր), և դրանք տեղի են ունենում ոչ միայն ընտանիքներում: «Ցավոք, բացակայում են նման դեպքերի կանխարգելման և արձագանքման արդյունավետ մեխանիզմները»,- նշեց Աղաջանյանը:
Այս կապակցությամբ նա մատնանշեց օրենսդրական խնդիրները, հենց երեխային բռնությունից պաշտպանելուն ուղղված ռազմավարության բացակայությունը։ Բացի այդ, բռնության ոչ բոլոր ձևերն են ամրագրված իրավական դաշտում (օրինակ՝ առցանց բուլինգը): Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդը ստեղծվել է 2024 թվականին:
«Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին չենք առանձնացնում, աշխատանքը տարվում է բոլորի հետ։ Այցելում ենք դպրոցներ, մանկական հաստատություններ, բոլոր այն վայրերը, որտեղ կարող են երեխաներ լինել: Հասցեական աշխատանքը կատարվում է միայն անհատական բողոքի առկայության դեպքում»,- ասաց Աղաջանյանը։
Այս համատեքստում, նրա խոսքով, կարևոր է հասարակության մեջ որոշակի վերաբերմունքի և կարծրատիպերի փոփոխությունը։
Ինչի՞ մասին են վկայում թվերը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից գործում է երեխաների և ընտանիքների աջակցության վեց կենտրոն (600 երեխայի համար), ինչպես նաև 14 հասարակական կազմակերպություն (30 ցերեկային կենտրոն): Այդ հաստատությունները սոցիալ-հոգեբանական, սոցիալ-վերականգնողական, իրավաբանական և այլ ծառայություններ են մատուցում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 3500 երեխայի:
Ինչպես Sputnik Armenia-ին հայտնեցին գերատեսչությունից, իրավիճակի բարելավման նպատակով 2026 թվականից Հայաստանի ողջ տարածքում կգործի անապահովության գնահատման նոր համակարգ, որը Սյունիքի և Կոտայքի մարզերում փորձնական գործում է 2025 թվականի մարտի 17-ից։ Իշխանությունները կարծում են, որ դա թույլ կտա բարձրացնել անապահով ընտանիքներին սոցիալական աջակցության հասցեականությունը։
Նախատեսվում է նաև գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդնել անապահովության նպաստ։ Այն ստանալու իրավունք կունենան ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվով միջին ամսական եկամուտը սահմանված 34 581 դրամ շեմից ցածր է։ Մեկ այլ տարբերակ է աշխատունակ անձանց ընդգրկումը զբաղվածության ծրագրերում, ինչը, կառավարության գնահատմամբ, երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի աղքատության մակարդակի նվազմանը: