Ահռելի վնաս են տվել քաղաքին. բնապահպանը` Երևանի քաղաքապետարանի գործունեության մասին
18:41 27.12.2025 (Թարմացված է: 19:43 27.12.2025)

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Բնապահպանի խոսքով` ամենամեծ խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանը չի ընկալում, որ խորը էտի ենթարկված կամ արմատախիլ արված թեղիների փոխարեն տնկված դեկորատիվ ծառերի սաղարթները 10-20 անգամ փոքր են, ինչը դրանք դարձնում է ոչ համարժեք փոխարինող։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերջին 3 տարվա գործունեության ընթացքում քաղաքի կանաչապատման տեմպերի մեջ «աննախադեպ» ոչինչ չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի վերջին ժամանակահատվածում արված պնդումներին։
Ավելի վաղ «Երևանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ վերջին 3 տարում 60 հա տարածք է կանաչապատվել, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ Նա նշել էր, որ միայն այս տարի տնկվել է 4500 ծառ և 35 000 մշտադալար թուփ։ Տարվա ընթացքում քաղաքի կանաչ տարածքն ավելացել է 13.5 հա–ով։
«Երևանի քաղաքապետարանի կայքում նախկին բնապահպանության վարչության պետի զեկույցից պարզ թվեր կան, որ 2003–ից մինչև 2007 թ․-ը 140 հա կանաչ տարածք է ստեղծվել Երևան քաղաքում։ Այսինքն` դա արդեն կրկնակիից էլ շատ է, քան Ավինյանի գործունեության 3 տարին, որի մասին իրենք անվերջ խոսում են։ Մենք չենք կարող ասել, որ Ավինյանի ժամանակահատվածում արվել է ավելի շատ կանաչապատում, քան նույնիսկ հետխորհրդային տարիների ընթացքում»,–ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով` ամենամեծ խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանը չի ընկալում, որ խորը էտի ենթարկված կամ արմատախիլ արված թեղիների փոխարեն տնկված դեկորատիվ ծառերի սաղարթները 10-20 անգամ փոքր են, ինչը դրանք դարձնում է ոչ համարժեք փոխարինող։
Բնապահպանն ընդգծում է, որ ամբողջ աշխարհում կանաչապատումը հաշվարկվում է կանաչ ֆոտոսինթետիկ մակերեսով, այսինքն՝ ծառի սաղարթի ծավալով։ 60-տարեկան ծառը, բնականաբար, ունի ահռելի սաղարթ, և դա որևէ կերպ չի կարող համեմատվել 10 տարեկան դեկորատիվ ծառի հետ։
«Նրանք արդեն ահռելի վնաս են տվել Երևան քաղաքին, ինչը քաղաքի պատմության մեջ իսկապես աննախադեպ է։ Փողոցների կանաչապատումը օդափոխության միջանցք է, կանաչ կմախքի անսասան մաս, չի կարելի միաժամանակ փողոցները մերկացնել և թույլ տալ, որ ամբողջ բնակչությունը մնա անպաշտպան։ Ստացվում է` մենք պետք է սպասենք ևս 25-30 տարի, որպեսզի նրանց 60 հեկտար կանաչապատումը փոքր–ինչ աճի և սկսի էկոլոգիական ծառայություններ մատուցել քաղաքին։ Եվ նույնիսկ այդ դեպքում այս դեկորատիվ ծառերը 5 մետրից ավել չեն բարձրանա։ Մենք ի՞նչն ենք ինչի հետ փոխարինում»,–ասաց բնապահպանը։
Նա չի հասկանում, թե այդ ինչպես է ստացվում, որ Երևանի գլխավոր դենդրոլոգը և Գիտատեխնիկական խորհրդի նախագահն իրենց մենագրություններում բազմիցս նշել են, որ այնպիսի ծառեր, ինչպիսիք են Հուդայի ծառը, ալբիցիան, ձիակասկը և սակուրան, վատ են հարմարվել Երևանի կլիմային, բայց նրանք ընտրել են դրանք քաղաքի կանաչապատման համար։ Ավելին` նրանք իրենց հետազոտություններն արել են այգեպուրակային տարածքներում՝ եզրակացնելով, որ այս ծառերը խեղճանում են անգամ այգիների համեմատաբար մեղմ պայմաններում։ Եվ, այնուամենայնիվ, որոշ մասնագետներ որոշել են այդ դեկորատիվ ծառերը տեղափոխել Երևանի փողոցներ` ավելի դաժան պայմաններով։
Ընդհանուր առմամբ 1000 հոգանոց մասնագիտական խումբն է պատասխանատու Երևանի լանդշաֆտային ձևավորման հարցերի համար, սակայն, ըստ Վարդանյանի, այդ խումբը Երևանի համար չի առաջարկել անգամ մեկ գրագետ ձևավորված ծառ` ժամանակակից պահանջներին համահունչ։
Վարդանյանը շեշտեց, որ առանձին քննարկման թեմա է Երևանում իրականացվող ծառերի խոր էտը, որն արգելված է գրեթե բոլոր երկրներում և պատժվում է մեծ տուգանքներով։ Օրինակ՝ Գերմանիայում տուգանքները տատանվում են մի քանի հազարից մինչև 100,000 եվրո` կախված ծառի արժեքից։ Ստեղծված իրավիճակում անտեղի է խոսել որևէ մասնագիտական մոտեցման մասին։
Ըստ մասնագետի` գաղտնիք չէ, որ Երևանի թիվ մեկ բնապահպանական խնդիրը փոշին է, իսկ Երևանում աճող թեղի և սոսի ծառատեսակերը բազմիցս ապացուցել են, որ ունակ են այդ խնդիրները լուծել, այսինքն` դրանք չորադիմացկուն են, ունեն մեծ ֆոտոսինթետիկ մակերես, որոնք նստեցնում են փոշին։
Բնապահպանը նաև ուշադրություն հրավիրեց Երևանում կաղնիների հետ կապված լրջագույն խնդրի վրա։ Ամբողջ քաղաքի կաղնիները վարակված են , այդ թվում` Բուսաբանության ինստիտուտի տարածքի կաղնիները։
«Ո՞րն է լինելու Երևանի քաղաքապետարանի հաջորդ քայլը, իսկ միգուցե որոշեն Բաղրամյան փողոցի բոլոր կաղնիներն էլ կտրել»,–ասաց Վարդանյանը։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում բնապահպանը շեշտել էր, որ երևանցիները վաղուց սովոր են օդի աղտոտվածությանը, իսկ Նուբարաշենի աղբավայրում վտանգավոր հրդեհները դարձել են սովորական երևույթ։