Նոր առաջընթաց Մոսկվայի և Դելիի հարաբերություններում. ինչ են պայմանավորվել Պուտինն ու Մոդին
14:42 05.12.2025 (Թարմացված է: 14:45 05.12.2025)

© Sputnik / Александр Казаков / POOL
/ Բաժանորդագրվել
Հայդարաբադի պալատում անցկացված բանակցություններն ավելի քան 2 ժամ են տևել: Մոսկվան գոհ է Նյու Դելիում հնդիկ գործընկերների հետ բանակցությունների արդյունքներից։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ռուս-հնդկական բանակցություններն անցել են կառուցողական և բարեկամական մթնոլորտում: Ռուսաստանի և Հնդկաստանի առաջնորդները` Վլադիմիր Պուտինն ու Նարենդրա Մոդին, ստորագրել են համաձայնագրերի պատկառելի փաթեթ, որոնցից շատերն ուղղված են տնտեսական համագործակցության ընդլայնմանը:
Բանակցությունների հիմնական արդյունքները ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանն ու Հնդկաստանը աշխատում են զբոսաշրջային խմբերի համար վիզաների չեղարկման ուղղությամբ։
Համաձայնեցվել է մինչև 2030 թվականը Հնդկաստան-Ռուսաստան համագործակցության զարգացման ծրագիրը: Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են ապրանքաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։
Անցյալ տարի երկկողմ ապրանքաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ աճելով 12%-ով: Կանխատեսվում է, որ այս տարվա արդյունքներով առևտրի ծավալը կմնա նույն մակարդակում։ Իսկ ազգային արժույթներով Ռուսաստանի և Հնդկաստանի փոխադարձ հաշվարկների մասնաբաժինը կազմում է 96%։ Ռուսաստանի տնտեսական օպերատորներն ընդլայնում են ռուփիի օգտագործման շրջանակը: Համատեղ խոշոր նախագծերը վարկավորվում են նաև ռուսական ռուբլով։
Ռուսաստանն ու Հնդկաստանը սերտորեն համագործակցում են ռազմատեխնիկական, տեխնոլոգիական, կրթական և այլ ոլորտներում։
ՌԴ-ն պատրաստ է ապահովել վառելիքի անխափան մատակարարում` Հնդկաստանի արագ զարգացող տնտեսության համար:
Կալուգայի մարզում կկառուցվի ռուս-հնդկական դեղագործական գործարան, կսկսվի հնդկական առաջատար տեխնոլոգիաներով դեղամիջոցների արտադրություն:
Ռուսաստանի և Հնդկաստանի ժողովուրդները դարեր շարունակ հետաքրքրություն են ցուցաբերում միմյանց պատմության և հոգևոր արժեքների նկատմամբ: RT-ն սկսում է նոր ալիքի հեռարձակումը, ինչը թույլ կտա Հնդկաստանի բնակիչներին ճանաչել ռուսաստանցիներին։
Մոդին Պուտինին և Ռուսաստանի պատվիրակությանը ռուսերենով է շնորհակալություն հայտնել Հնդկաստան այցելելու համար:
«Добрый день»,-համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո ասել է նա՝ Պուտինին անվանելով «սիրելի ընկեր»:
Հնդկաստանի վարչապետը պատմել է, որ ՌԴ նախագահը 25 տարի առաջ դրել է երկու երկրների ռազմավարական գործընկերության հիմքը: Նա ՌԴ առաջնորդին անվանել է հմուտ ղեկավար և շնորհակալություն հայտնել Հնդկաստանի հետ անդադար նվիրված աշխատելու համար:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերությունների ներկա փուլը պատմական է, հիմնված խոր վստահության վրա և միշտ դիմանում է ժամանակի փորձությանը: ՌԴ-ն և Հնդկաստանը պայմանավորվել են ամրապնդել մշակութային և հումանիտար համագործակցությունը։
Երեկ Պուտինը Հնդկաստան է ժամանել երկօրյա պետական այցով: Նույն օրը նա ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել Մոդիի հետ։ Հնդկաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին անձամբ է դիմավորել օդանավակայանում։