Առողջության ապահովագրության պետական մոդելը իրականում ապահովագրություն չէ. Արմինե Մելքոնյան
20:30 19.10.2025 (Թարմացված է: 17:42 25.10.2025)

© Sputnik / Григорий Сысоев
/ Բաժանորդագրվել
ՀՀ–ում 30 տարի գործող ապահովագրական համակարգը կարող է հայտնվել «լուսանցքից դուրս»։ Կառավարության առաջարկած առողջության համապարփակ ապահովագրության մոդելը չի ենթադրում մասնավոր ընկերությունների մասնակցություն։ Կայացած ապահովագրական շուկան փլուզման վտանգի առաջ է։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Առողջության ապահովագրության այն համակարգը, որը պետական շրջանակում է գործելու, իրականում ապահովագրություն չէ. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ապահովագրողների միության խորհրդի նախագահ Արմինե Մելքոնյանը։
«Ապահովագրական գործունեությամբ կարող են զբաղվել միայն այն իրավաբանական անձինք, որոնք գրանցված և լիցենզավորված են Կենտրոնական բանկում և դրանց գործունեությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից, մինչդեռ պետական համապարփակ ապահովագրության մոդելը Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո չէ և չի համապատասխանում ո՛չ միջազգային կարգավորումների պահանջներին, ո՛չ ապահովագրությանն ՀՀ առնչվող օրենսդրության պահանջներին»,– արձանագրում է Մելքոնյանը` շեշտելով, որ կառավարության կողմից առաջարկված մոդելը ենթադրում է պետական նոր հիմնադրամի ստեղծում, որն էլ զբաղվելու է ապահովագրական գործունեությամբ։
ՀՀ–ում գործող մասնավոր ապահովագրական ընկերությունները պետական գործընթացին մասնակցություն չեն ունենալու։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ի ասուլիսում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ առողջապահության համապարփակ ապահովագրությունը կներդրվի հաջորդ տարվանից։ Առաջին փուլում` 2026 թ. հունվարի 1-ից դրանում կներառվե մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Հետագայում համակարգում պարտադիր սկզբունքով կներառվեն նաև այլ սոցիալական խմբերն ու աշխատող քաղաքացիները։
Հայաստանի ապահովագրողների միության խորհրդի նախագահի տվյալներով` այսօր կամավոր բժշկական ապահովագրության համակարգում ներառված են ՀՀ աշխատող քաղաքացիների 30-40 %-ը, հիմնականում` կորպորատիվ փաթեթների պայմանագրերով։
Հետևաբար, երբ պետությունն այս խմբին պարտադրի իր պայմանները, շատերը ստիպված են լինելու հրաժարվել մասնավոր ընկերությունների հետ իրենց պայմանագրերից։ Արմինե Մելքոնյանն այս ենթադրությունը հիմնավորում է պարզ ֆինանսական հաշվարկով. տարեկան միջին ապահովագրավճարն այսօր 120 000 դրամ է, պարտադիրի շրջանակում փաթեթի գինը, ըստ առողջապահության նախարարի, կազմելու է տարեկան 129 000 դրամ։
«Կանխատեսել, որ կարող են մարդիկ ունենալ 2 ապահովագրության տեսակ և՛ կամավորը, և՛ պարտադիրը, կարծում եմ, այդքան էլ իրատեսական չէ, և ապահովագրական ընկերությունները, համենայնդեպս, իրենց առաջիկա 3 տարիների ռազմավարությունը մշակելու համար արդեն իսկ դիտարկում են պորտֆելների կրճատումը»,– ասում է Մելքոնյանը` հավելելով, որ իրենց իրենց մտահոգությունները բազմիցս ներկայացրել են թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմիններին, բայց իշխանությունների հայտարարությունները վկայում են, որ դրանք մնացել են անտեսված։
Ինչ վերաբերում է պետության կողմից խոստացված առողջապահական ապահովագրության շրջանակներում ընդգրկված ծառայություններին, Արմինե Մելքոնյանը նկատում է, որ այն հիշեցնում է ներկայումս գործող պետպատվերի համակարգը` որոշակի փոփոխություններով։ Հետևաբար, առաջարկում է համակարգի հեղինակներին հանրությանը շփոթության մեջ չգցելու և թյուրընկալումներ չառաջացնելու համար այն կոչել ոչ թե «ապահովագրություն», այլ «սոցիալական ապահովվածություն»։
Այսպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված «ապահովագրություն» եզրույթի պահանջը չի խախտվի։
Նշենք, որ ՀՀ–ում ներկա պահին գործում է 7 ապահովագրական ընկերություն, որոնց մեծ մասն արդեն շուրջ 30 տարվա աշխատանքային փորձ ունի։