Ի՞նչ սոցիալական ծրագրեր է իրականացնում Կարմիր խաչը Սյունիքի սահմանամերձ գյուղերում

Կարմիր խաչը Սյունիքում
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Ծրագրերը նպատակ ունեն սահմանամերձ գյուղերի բնակիչներին ապահովել որակյալ բժշկական ծառայություններով, ինչպես նաև ապահովել կայուն աշխատանքով։
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 31 – Sputnik. 2020 թվականի պատերազմից և Լեռնային Ղարաբաղի բնակիչների բռնի տեղահանումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մի շարք սոցիալական ծրագրեր է սկսել Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում։
Նախագծերը վերաբերում են բժշկական ծառայությունների հասանելիությանը և կայուն եկամտի աղբյուրների ստեղծմանը։
Բուժկետ սահմանամերձ Արավուս գյուղում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բուժկետ է կառուցել սահմանամերձ Արավուս գյուղում։
«Ես այստեղ հիմնականում առաջին բուժօգնություն եմ ցուցաբերում, բժիշկների նշանակած սիստեմաներ եմ միացնում, անում եմ այն, ինչ կարող եմ։ Միայն ես եմ աշխատում, և՛ հավաքարար եմ, և՛ բուժքույր», - ասաց Արավուս գյուղի բուժքույր Լիդիա Բալայանը։

Լիդիա Բալայանը բուժկենտրոնում
© Sputnik / Aram Nersesyan
40 տարվա աշխատանքային փորձով բուժքույր նշեց, որ մարդիկ հիմնականում այստեղ են գալիս զարկերակային ճնշումը չափելու, ինչպես նաև ալերգիկ ռեակցիաները մեղմելու հույսով։
Նրա խոսքով` բուժկետը գործում է այս տարվա ապրիլից, իսկ մինչ այդ բուժկետը գտնվում էր տեղի դպրոցի սենյակներից մեկում: Սակայն դպրոցում պայմանները բավարար չէին, ուստի իրեն դիմող հիվանդներին ուղարկում էր կա՛մ Տեղ գյուղ, կա՛մ Գորիս:
2020 թվականի պատերազմից հետո մարդիկ ավելի հաճախ են օգնություն դիմում: Նրանք ապրում են սթրեսի մեջ՝ ադրբեջանական դիրքերի մոտ լինելու պատճառով: Մոտ մեկ ամիս առաջ գիշերը դիրքերից հաճախ կրակոցներ էին լսվում, հիմա իրավիճակը հանգիստ է:
Փեթակներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար
Մեկ այլ ծրագրով Կարմիր խաչը Սյունիքի սահմանամերձ գյուղերում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի մեղուների 4 փեթակ է տրամադրել։
Ծրագիրն իրականացվել է 2025 թվականին՝ Տավուշի զարգացման հիմնադրամի հետ համատեղ։
Բնակիչներին տրամադրվել է հագուստ և անհրաժեշտ գործիքներ, իսկ ցանկացողների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ:
«Այս ծրագրից օգտվել է մոտ 50 ընտանիք՝ Տեղ, Տաթև, Կապան, Մեղրի համայնքներում», - այս մասին Sputnik Արմենիային ասաց ԿԽՄԿ-ի Գորիսի գրասենյակի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը:
Տեղ համայնքում ծրագրի շահառուներից մեկը՝ Դավիթ Աթանեսյանը, ընտանիքի 6 անդամների հետ միասին լքել է Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերին` Ադրբեջանի ագրեսիայից հետո: Նրա խոսքով՝ իր պապը նույնպես զբաղվել է մեղվաբուծությամբ, նրանք մեղուներ են պահել Ստեփանակերտի մոտակայքում, ուստի նա խնդիրներ չունի բուծման հետ։

ԿԽՄԿ-ի Գորիսի գրասենյակի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Մեղուների հետ ամեն ինչ լավ է, նրանց թիվը փոքր–ինչ նվազել է փեթակներից մեկում, հավանաբար նրանց վրա հարձակվել են լեռներից վերադառնալու ճանապարհին: Հուսով եմ՝ 2 տարի հետո մեղր կստանամ», - ասաց Աթանեսյանը։
Նա ակնկալում է, որ մեղուները կդառնան իր եկամտի հիմնական միջոցը, և հնարավորություն կլինի հոգալու ընտանիքի հոգսերը։
Ասում է` Տեղ գյուղի տարածքը նպաստավոր է մեղվաբուծության համար: Պատահական չէ, որ մոտակայքում ևս 3 ընտանիք օգտվում է այս ծրագրից:
Հողերի բարելավում Խնածախ գյուղում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2021 թվականից ի վեր Սյունիքում և Վայոց Ձորում իրականացնում է վարելահողերի ընդլայնման ծրագիր: Ընկերության ներկայացուցիչ Հարություն Հարությունյանի խոսքով՝ վերջին տարիներին մոտ 300 հեկտար հող է վերականգնվել: Անցյալ տարվանից ի վեր աշխատանքներ են տարվել Վաղատուր և Խնածախ գյուղերում, որտեղ 42 ընտանիք օգտվել է այս ծրագրից:
«Այս տարածքները չեն մշակվել ավելի քան 30 տարի, քանի որ մարդկանց մեծ մասը զբաղվում էր անասնապահությամբ: 2020 թվականի հակամարտությունից հետո իրավիճակը փոխվեց, սահմանը մոտեցավ, և անասունների գլխաքանակը նվազեց` արոտավայրերի բացակայության պատճառով: Մարդիկ սկսեցին հող մշակել, ուստի նման ծրագրի կարիք առաջացավ», - ասաց Հարությունյանը:
Կարմիր խաչը օգնեց Խնածախի բնակիչներին մշակել 30 հեկտար հող: Գյուղացիների հին տեխնիկայով դա անել հնարավոր չէր, ուստի նոր տեխնիկա բերվեց վարելահողերի մշակման համար: Կազմակերպությունը գյուղին նվիրաբերեց նաև նոր կոմբայն:
Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի խոսքով՝ գյուղն ունի մոտ 950 հեկտար վարելահող, սակայն ոչ բոլոր գյուղացիներն ունեն այն մշակելու հնարավորություն։ Իրականում օգտագործվում է մոտ 300-350 հեկտարը։

Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Թղթաբանության խնդիր կա, որն այս պահին դեռ չի լուծվել։ Մարդիկ տան, հողերի գրքույկների խնդիր ունեն։ Սա խանգարում է,որ մարդիկ պետական սուբսիդիաներից օգտվեն։ Կա նաև սարքավորումների պակաս, գրեթե բոլորն ունեն այս խնդիրը։ Առանց Կարմիր խաչի կոմբայնի մենք չէինք կարող գոնե այսքան հեկտար վարելահող մշակել», - ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ նմանատիպ իրավիճակ է նաև հարևան Վաղատուրում և Խոզնավարում։ Վարող տեխնիկայի սեփականատերերը հատկապես պատրաստ չեն գյուղ գալ՝ հողը քարքարոտ է, կան նաև այլ խնդիրներ։
Ավելի վաղ գրել էինք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը Հայաստանում ֆինանսավորել է Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տարածքում արևային կայանի կառուցումը։