Ի՞նչ անել, երբ երեխան չի ցանկանում դպրոց գնալ. «Հարց հոգեբանին»
© Sputnik
Բաժանորդագրվել
Գաղտնիք չէ, որ երեխանները հաճախ են կրկնօրինակում իրենց ծնողների վարքը։ Որքան լավ եղավ ծնողի նախատրամադրվածությունը դպրոցին, այնքան երեխան ավելի մեծ սիրով կհաճախի։ Հոգեբան Անահիտ Խաչատրյանի հետ խոսել ենք ծնողների սխալների մասին։
Դպրոցական երեխաների ծնողները հաճախ են հայտնվում անելանելի իրավիճակում, երբ երեխան գալիս է տուն ու հայտարարում, որ այլևս չի ցանկանում դպրոց գնալ։ Ուսումնական տարվան` սեպտեմբերի 1–ին ընդառաջ, հոգեբան Անահիտ Խաչատրյանի հետ խոսելու ենք, թե ինչպես երեխաներին ճիշտ նախապատրաստել դպրոցին, ինչպես հաղթահարել այդ հոգեբանական խնդիրները և ինչ անել, երբ երեխան չի ցանկանում դպրոց գնալ։
«Սեպտեմբերի 1–ը սթրես է առաջին հերթին՝ երեխաների, հետո ծնողների համար։ Կան ծնողներ, որոնց մոտ սթրեսն անհամեմատ ավելի շատ է, քան երեխայի մոտ, հատկապես երբ խոսքը առաջին դասարան գնացող երեխայի ծնողի մասին է։ Երբ ծնողը պարբերաբար կրկնում է, որ «վայ, էլի էս դպրոցը բացվեց», «էդքան դաս ո՞նց է սովորելու», «սեպտեմբերի 1–ից հետո հեռախոսիդ մասին կմոռանաս» և նման արտահայտություններ, երեխան սկսում է մտածել, որ դպրոցը մի սարսափելի տեղ է։ Այսինքն` տվյալ դեպքում ծնողի վարքը պրոյեկտվում է երեխայի վրա, և երեխան չի ցանկանում դպրոց գնալ, վախենում է»,–ասում է հոգեբանը։
Նա ծնողներին առաջարկում է կենտրոնանալ երեխաներին դեպի դպրոց ճիշտ նախապատրաստելու վրա։ Երեխան պետք է ունենա իր ռեժիմը մինչև դպրոց հաճախելը։ Հստակ քնելու ժամ, հստակ արթնանալու ժամ, ֆիքսված նախաճաշ. սրանք ամենափոքր քայլերն է, որ ծնողը պետք է անի ուսումնական տարվա մեկնարկից առնվազն 2 շաբաթ առաջ։
Իսկ հոգեբանորեն երեխային դպրոցին նախապատրաստելու համար ծնողը կարող է դրական պատմություններ պատմել սեփական մանկությունից, օրինակ ՝ ինչպես է հաղթահարել իր վախերը դպրոցում, ինչ ընկերներ է ունեցել, ինչ հետաքրքիր, ինչ զավեշտալի պահեր են եղել, և որ դպրոցում ոչ մի սարսափելի բան չկա։
«Շատ կարևոր կետ է նաև այն, որ առաջին դասարանցիների ծնողները չսկսեն դեռ դպրոց չմտած «խեղդել» երեխային, թե նա պետք է գերազանցիկ լինի։ Չի կարելի երեխային ասել` «դու չպետք է խայտառակես իմ անունը դպրոցում», «ես չպետք է քո համար կարմրեմ ուսուցիչների առաջ» և նման բաներ։ Երեխան սկսում է վախենալ այն մտքից, որ կարող է հիասթափեցնել իր ծնողներին, չարդարացնել սպասելիքները։ Ծնողը նաև չպետք է երեխային ծանրաբեռնի ավելորդ պարապմունքներով, մի քանի տեսակի խմբակներով, քանի որ երեխան էլ իրավունք ունի վայելելու իր մանկությունը, նա ևս պետք է իր ազատ ժամանակն ունենա` թեկուզ ոչինչ չանելու համար։
Իսկ թե ինչ պետք է անել, երբ դեռահասը չի ցանկանում դպրոց գնալ և որ դեպքում իսկապես արժե դպրոցը փոխել, կտեղեկանաք դիտելով տեսանյութը։