«Բացակա, բայց ոչ մոռացված». անհետ կորածներին նվիրված ցուցահանդես Գորիսում

«Բացակա, բայց ոչ մոռացված» խորագրով ցուցահանդես

Անհետ կորած Դավիթ Դանիելյանի մայրը՝ Գայանե Դանիելյանը
«Երանի ժամանակը կանգ առներ սեպտեմբերի 26-ի վրա։ Սեպտեմբերի 26–ին ես չգիտակցված երջանիկ էի։Ես նորից ուզում եմ ապրել այդ երջանկությունը ՝ լսելով քո ձայնը, նորից քեզ գրկելով: Ես շարունակ աղոթում եմ պատուհանի մոտ` նույն պատուհանի, որ թակում էիր ու ինձ ձայն տալիս: Աղոթում եմ շարունակ ու սպասում բարի լուսաբացին: Աշխարհի մեջ մորիցդ զատ ո՞վ ունես հարազատ»:

Անհետ կորած Արմեն Սահակյանի դուստրը` Մարի Սահակյանը
«Իմ սիրելի հայրիկ, ես եմ` քո Մարին, քո սիրելի աղջիկը: Արդեն մեծացել եմ և շատ եմ զգում քո կարիքը, ուզում եմ քեզ տեսնել, գրկել, համբուրել: Ախր դու ինձ շատ էիր սիրում: Հաճախ եմ նստում այս անկյունու`, այնտեղ, որտեղ դու աշխատանքից հետո հոգնած սիրում էիր հանգստանալ: Հիմա ես եմ նստում ու փորձում կարոտս առնել: Ես սպասում եմ քեզ, ուզում եմ` շուտ գաս տուն, ապրենք միասին ուրախ ու երջանիկ:

Անհետ կորած Սերյոժա Սաքանյանի դուստրը` Մարիա Սաքանյանը
«Մենք Հայաստանից մեկնել էինք Ղարաբաղ որպես վերաբնակիչ, և այնտեղ ընտանիքի 10 անդամներով` ութ երեխա և ծնողներս, բնակվում էինք փոքր բաղնիքներում: Լույս չունեինք, պապաս ճրագ էր պատրաստում բամբակից ու ձեթից մի տարայի մեջ, սակայն դա էլ դժվարությամբ էինք անում, քանի որ խանութներ չկային, և ստիպված էինք հայթայթել ձեթը, պարտքով վերցնել: Սա, իհարկե, կարճատև լուծում էր, քանի որ այդ լամպերը երկարատև լույսով չէին ապահովում, ընդամենը մի 15-20 րոպե լույս էինք ունենում մինչ քնելը: Օրեր են եղել` սոված ենք քնել, բայց ես դրանց երանի եմ տալիս... Երանի լինեինք այդ ճրագի ներքո, այդ փոքրիկ սենյակում, բայց լինեինք բոլորս միասին»:

Անհետ կորած Նարեկ Մնացականյանի որդին և կինը՝ Վալյա Սահակյանը
«Հաճախ ենք այստեղ գալիս տղայիս հետ: Այս վայրը մեզ համար պարզապես լիճ չէ: Այն հիշեցնում է ընտանիքով անցկացրած ամենաթանկ ու անփոխարինելի պահերը: Ցանկացած անգամ, երբ ժամանակ էինք ունենում, Նարեկի ու Էրիկի հետ գալիս էինք այստեղ: Նստում էինք լճի ափին, նայում ջրերին, իսկ Էրիկն անհոգ վազվզում էր ափի մոտ` ծիծաղով լցնելով օդը: Այս լիճը դարձել է իմ սրտում ընտանիքի վերամիավորման մի խորհրդանիշ: Ես երազում եմ այն օրվա մասին, երբ կրկին երեքով կգանք այստեղ: Նույն տեղում կկանգնենք, և ջրերի արտացոլման մեջ նորից կտեսնեմ մեր ամբողջական ընտանիքը:

Անհետ կորած Արարատ Սաքանյանի որդին՝ Մոնթեն
«Տղաս` Մոնթեն, անհամբեր սպասում է հոր վերադարձին: Հաճախ վերցնում է հոր հեռադիտակը, գնում այգու խորքը, նստում ու երկար նայում հեռուն: «Ես ուզում եմ պապայիս տեսնեմ: Հեռադիտակով որ մոտեցնեմ, կտեսնեմ' ինչ է անում, ու ինքը ինձ կժպտա, ձեռքով կանի: Պապա ջան, քո Մոնթեն այստեղ է... այս կողմ նայիր: Եթե ուզում ես, դու արի հանգստացի, ես կգնամ, կկռվեմ քո փոխարեն, հայրենիքս կպաշտպանեմ»: Երբ ցույց եմ տալիս նկարներ կամ տեսանյութեր հոր մասնակցությամբ, ասում է. «Մամ, սիրտս «ճմռվում է»»: Իսկ երբ տեսնում է, որ ես կամ քույրիկը լաց ենք լինում, գալիս է, ամուր գրկում մեզ ու շշնջում. «Մի լացեք, մեր պապան շուտով կվերադառնա»: «Իմ թանկ ու անփոխարինելի ամուսին, ես ամեն օր քեզ եմ սպասում կարոտով ու թաց աչքերով: Չէ՞ որ խոստացել ես` կվերադառնաս»:

Մանդարինի ծառը
Հայրապետյան Ռոզան` անհետ կորածի մայրը, գրում է. «Տղաս գնալուց առաջ տնկեց այս մանդարինի ծառը: Ասում էր. «Պիտի պտուղ տա, ուտենք»: Ամեն օր աշխատանքից տուն գալուն պես առաջինը դեպի ծառն էր գնում` տեսնելու, թե որքան է մեծացել: Անընդհատ ջրում ու խնամում էր, կարծես այն փոքր երեխա լիներ: Նրա գնալուց հետո ես եմ հոգ տանում այս ծառի մասին: Չեմ թողնում, որ նույնիսկ մեկ տերև ընկնի: Ինձ խորհուրդ տվեցին կտրել վերևի հատվածից, որ ավելի լավ աճի: Կտրեցի, սակայն սրտի ցավով: Հիմա այն արդեն յոթ տարեկան է: Ես մեծ համբերությամբ ու հույսով սպասում եմ, աչքիս լույսի պես պահում եմ, որ հանկարծ չչորանա: Ցանկանում եմ, որ Դավիթս գա ու տեսնի` իր ձեռքով տնկած ու խնամած ծառը ես պահել եմ նրա համար: Երբ նայում եմ պատուհանագոգին դրված այս բույսին, թվում է` ծառի ճյուղերի ներքո հենց նրան եմ տեսնում: Այս ծառի հետ կապված այնքան հիշողություններ ունեմ... և դրանցից յուրաքանչյուրն իմ մեջ պահած խոստում է, որ նա կվերադառնա»:

Անհետ կորած Արարատ Սաքանյանի դուստրը` Արփինե Սաքանյանը
«Ամեն օր կանգնում եմ ու սպասումով նայում ճանապարհին, որով պապաս պիտի տուն գա: Նայում եմ երկար, ասես ցանկացած պահի նա կարող է երևալ հորիզոնում: Հաճախ երազում տեսնում եմ նրան` մեզ հետ, ուրախ, ժպտացող, միասին ժամանակ անցկացնող: Այդ պահերին կարծես աշխարհում ամեն ինչ իր տեղն է գտնում: Բայց հետո արթնանում եմ և ցավով հասկանում` դա միայն երազ էր: Այս պահին իմ միակ երազանքն է, որ պապան վերադառնա: Որ նա նորից մեր կողքին լինի, որ այլևս չտխրենք ո՛չ ես, ո՛չ մաման, ո՛չ Մոնթեն: Ամեն առավոտ սպասում ենք, որ լույսը կբացվի ու լավ լուր կբերի մեզ, բայց, ցավոք, միայն լռություն է»:

Ցուցահանդեսի լուսանկարների մեծ մասի հեղինակը Կարմիր խաչի աշխատակից Քնարիկ Սերոբյանն է

Անհետ կորածի դուստրը նայում է ցուցահանդեսում ներկայացված իր լուսանկարին

Անհետ կորած Նարեկի Սարգսյանի մայրը` Լուսինե Սարգսյանը
«Մենք դուռը չենք փակում ու չենք գնա տնից: Սպասում ենք վերադարձիդ, որ լույս բացվի, նորից ապրենք: Հենց այստեղից քեզ կդիմավորենք, և մեր կյանքը լիարժեք կդառնա: Երբ գաս, կգրկեմ քեզ ամուր, կսեղմեմ կրծքիս ու ամեն օր կվայելեմ քո հայացքը, քեզ ու էլ չեմ թողնի` իմ կողքից գնաս: Քո վերադարձով տունը նորից կծաղկի, կջերմանա, ու նորից կյանքը կշարունակվի: Երանի այդ լույսը շուտ բացվի»:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 31-ը։

Անհետ կորած Մարատ Սուքիասյանի կինը՝ Լուսինե Սարգսյանը, գրում է.
«Այնքան հեռու, բայց շատ մտերիմ ընկերներ ենք հիմա: Դու այնքան բարդ, եսասեր, դաժան ընկեր ես ինձ, որ չեմ կարողանում հարմարվել քեզ և քո օրենքին: Կյանքի ընթացքում մարդն անընդհատ ինչ-որ սպասումների մեջ է լինում, բայց դու այս անգամ տարբեր ես: Դու այս անգամ վատն ես, դու սիրում ես տանջել մարդկանց` անկախ իրավիճակից, քեզ հետ չեմ հարմարվում, քանի որ դու սխալ ես վարվումղսպասող մոր, կնոջ, երեխայի հետ: Բայց հիշիր` ամեն բան ժամանակավոր է, միգուցե մի գեղեցիկ օր արևը երկնքից կժպտա մեզ, և ամեն բան կլինի այնպես, ինչպես եղել է մինչ քո անհետանալը: 29.09.2020թ.-ից մինչ օրս հագուստդ դրված է այս աթոռին և սպասում է քեզ, որ գաս ու նորից հագնես»:

Անհետ կորած Մհեր Ստեփանյանի կինը` Անուշ Հակոբյանը, գրում է.
«Տիգրանս սիրում էր հոր հետ ժամանակ անցկացնել: Բայց դա այդքան էլ հաճախ չէր լինում հայրիկի զբաղվածության պատճառով: Երեկոները, երբ հայրը տանն էր լինում, սիրում էին միասին նարդի խաղալ: Երբ մի բանից նեղանում էին, խաղի միջոցով կրկին հաշտվում էին: Նարդին դարձել էր նրանց համերաշխության խորհրդանիշը: Հիմա էլ Տիգրանը սիրում է նարդի խաղալ: Ես զգում եմ, որ այդ խաղով նա փորձում է մեղմել հոր բացակայության ցավը: Երբեմն, միայնակ մնալով, քարերը դասավորում է, նստում ու սպասում: Սպասում է այն օրվան, երբ հայրը կվերադառնա, նրանք կրկին կխաղան միասին: Նարդու սեղանի վրա դասավորված քարերը նրա համար միայն խաղի մաս չեն, դրանք հոր կարոտն են, լուռ խոստովանությունը, որ ամեն րոպե սպասում է նրան:

Անհետ կորած Արթուր Զաքարյանի կինը` Մելինե Հարությունյանը, գրում է.
«Տղաներս շատ չեն խոսում հոր մասին, բայց նրանց աչքերից, շարժումներից ու լռությունից զգում եմ, թե ինչ են ապրում ներսում: Լռությունը հաճախ ավելի շատ է ասում, քան խոսքերը: Կան օրեր, երբ փոքր տղաս` Ալենը, առանձնանում է շենքի հետնամասում և բարձր ձայնով լաց լինում։ Մեծ տղաս` Էրիկը, հոր անհետանալու նախորդ գիշերը չափազանց անհանգիստ էր, արթնացավ սարսափած, ամբողջ մարմինը դողում էր, ասաց. «Մամ, վատ երազ եմ տեսել»: Ես չգիտեի` ինչպես հանգստացնեմ նրան, որովհետև ինքս էլ վատ կանխազգացում ունեի: Տղաներիս համար այս բահը հոր մասին հիշեցնող կարևոր իրերից մեկն է, որը միշտ նրանց հետ է: Սկզբում թաքցնում էի բահը, որպեսզի երեխաները չվնասեն այն, քանի որ ինձ համար էլ թանկ հուշ էր ամուսնուցս, սակայն հասկացա, որ որտեղ էլ թաքցնեմ, երեխաները, միևնույնն է, կգտնեն այն»։

Անհետ կորած Կարեն Իսկանդարյանի հոր՝ Ռոբերտ Իսկանդարյանի լուսանկարը

Անհետ կորած Մանուկյան Վահեի որդին՝ Արմանը
«Երբ հայրիկս ինձ հետ էր, մենք միասին էինք ցախ հավաքում ու դասավորում: Հիմա ես մենակ եմ դա անում` հիշելով նրա ժպիտն ու ուժեղ ձեռքերը: Երբեմն շատ եմ հոգնում, բայց չեմ բողոքում: Ուզում եմ, որ հայրիկս գա, տեսնի` ես արդեն մեծացել եմ, կարողանում եմ հոգ տանել եղբայրներիս մասին, կանգնել մայրիկիս կողքին: Ես սպասում եմ նրան ամեն օր, ամեն վայրկյան:

Գորիսի ցուցահանդեսը երրորդն է. անցյալ տարի այն անցկացվել է Վանաձորում

Անհետ կորած Աբել Միրզոյանի դստեր` Համեստի նոթատետրը.
«Այս նոթատետրը հայրիկիս հիշատակին է: Մինչև նրա անհետ կորելը, ես ամեն ինչ պատմում էի նրան` իմ ուրախությունները, վախերը, երազանքները: Նա միշտ լսում էր ինձ, հասկանում ու խորհուրդ տալիս: Հիմա, երբ ինքը կողքիս չէ, ես նույն ձևով շարունակում եմ խոսել նրա հետ, պարզապես թղթի միջոցով: Բոլոր հուզմունքներս, գաղտնիքներս ու ամենաանկեղծ զգացմունքներս պահում եմ այս փոքր, բայց ինձ համար անգնահատելի նոթատետրում: Ամեն էջը մեր լուռ զրույցների շարունակությունն է, մեր կապի անտեսանելի թելը, որը պահպանում է նրա ներկայությունը իմ կյանքում նույնիսկ այս ծանր իրավիճակում:

Անհետ կորած Բենիկ և Եղիսաբեթա Ավթանդիլյանների թոռան՝ Բենիկ Ավթանդիլյանի լուսանկարը