Համաձայնեցվել է Պուտինի և Թրամփի հանդիպման ծրագիրը. մանրամասներ են հայտնի
13:32 14.08.2025 (Թարմացված է: 14:06 14.08.2025)

© AP Photo / Susan Walsh
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի օգնականը խոսել է Ռուսաստան- ԱՄՆ գագաթնաժողովի ծրագրի մասին։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Համաձայնեցվել է օգոստոսի 15-ին Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպման ծրագիրը, բանակցությունների տևողությունը կախված կլինի նրանից, թե ինչպես կընթանա քննարկումը, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Պուտինի և Թրամփի գագաթնաժողովի կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, բայց կանդրադառնան նաև այլ թեմաների, ասել է նա լրագրողներին:
Հանդիպումը կսկսվի ԱՄՆ ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն բազայում՝ Անքորիջում, տեղական ժամանակով ժամը 11: 30-ին (Երևանի ժամանակով ժամը 22: 30-ին)՝ թարգմանիչների ներկայությամբ: Նախագահները նախ առանձնազրույց կունենան, ապա նրանց կմիանան պատվիրակությունները:
Ընտրված վայրը պատմականորեն կարևոր է, որը հիշեցնում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի մարտական եղբայրության մասին։
«Ռազմաբազայի մոտ, որտեղ տեղի կունենան Պուտինի և Թրամփի բանակցությունները, թաղված են ինը խորհրդային օդաչուներ, որոնք զոհվել են ԱՄՆ-ից ԽՍՀՄ ինքնաթիռների տեղափոխման ժամանակ», - ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը:
Պուտինի և Թրամփի բանակցությունները պատվիրակությունների կազմում տեղի կունենան «5-ը 5-ի» բանաձևով: Ռուսական կողմից կմասնակցեն Յուրի Ուշակովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը , ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, պաշտպանության նախարար Վյաչեսլավ Բելոուսովը, ինչպես նաև Ուղիղ ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:
Ե՞րբ և որտե՞ղ են արդեն հանդիպել Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը
Առաջին հանդիպումը կայացել է 2017 թվականի հուլիսի 7-ին Համբուրգում` G20 գագաթնաժողովի շրջանակներում։ Պուտինի և Թրամփի բանակցությունները տևել են 2 ժամ 15 րոպե: Նրանք քննարկել են նաև իրադրությունը Ուկրաինայում և Սիրիայում։
Այնուհետև պետությունների ղեկավարները հանդիպել են 2017 թվականի նոյեմբերի 10-ին Վիետնամի Դանանգ քաղաքում` ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում: Այնտեղ նրանք մի քանի անգամ շփվել են «ոտքի վրա»:
Լիաֆորմատ հանդիպումը կայացել է Հելսինկիում 2018 թվականի հուլիսի 16-ին: Ավելի քան երկու ժամ նախագահները շփվել են «դեմ առ դեմ», ապա` ընդլայնված կազմով: Քննարկվել են ուկրաինական ճգնաժամը և «Հյուսիսային հոսք-2» նախագիծը։
Այնուհետև նրանք հանդիպել են 2018 թվականի նոյեմբերի 11-ին Փարիզում` Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ։ Պուտինն ու Թրամփը Ելիսեյան պալատում աշխատանքային նախաճաշի ընթացքում մասնակցել են ընդհանուր քննարկմանը։
Նույն ամիս նախագահները պետք է հանդիպեին Բուենոս Այրեսում G20-ի գագաթնաժողովում, բայց Թրամփը չեղարկեց հանդիպումը` Սև ծովում ուկրաինացի նավաստիների ձերբակալության պատճառով: Պետությունների ղեկավարները կարճ զրույց են ունեցել ընթրիքի ժամանակ։
Պուտինի և Թրամփի վերջին հանդիպումը կայացել է 2019 թվականի հունիսի 28-ին Օսակայում` G20-ի գագաթնաժողովի շրջանակներում և տևել է ավելի քան մեկ ժամ: Նախագահներն այն ժամանակ նշել էին, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը բխում է միջազգային հանրության շահերից։