Խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ Telegram-ում. մեդիափորձագետն ահազանգում է

© Sputnik / Наталья Селиверстова
/ Բաժանորդագրվել
Արթուր Պապյանի խոսքով` եթե iPhone-ն արգելափակվել է, անմիջապես պետք է դիմել Apple Support-ին: Սա միակ պաշտոնական ճանապարհն է սարքն ապաարգելափակելու համար, սակայն միշտ չէ, որ արձագանքը ժամանակին է լինում։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վերջին շրջանում Telegram հարթակում նկատվում է խարդախությունների աճ, որոնք ուղղված են iPhone օգտագործողներին։ Խաբեբաները կարող են արգելափակել սարքը, գողանալ կամ ջնջել տվյալները և սպառնալիքներով փրկագին պահանջել։ Այս մասին ահազանգում է մեդիափորձագետ Արթուր Պապյանը։
Նրա խոսքով` խաբեությունը կատարվում է մի քանի տարբերակով։ Օրինակ՝ սիրային խաբեության սխեմայի հիմքում ընկած է խաբեբայի կողմից սիրային հետաքրքրություն ձևացնելը։ Խարդախները վստահություն ձեռք բերելուց հետո հորինում են մի պատմություն, թե իբր կորցրել են իրենց հեռախոսը և շտապ անհրաժեշտ է մուտք գործել իրենց iCloud հաշիվ՝ կարևոր լուսանկարներ կամ տվյալներ վերականգնելու համար։
«Նրանք խնդրում են ձեզ մուտք գործել իրենց Apple ID-ով ձեր iPhone-ից։ Հենց որ դուք դա անում եք, խաբեբան անմիջապես փոխում է Apple ID-ի գաղտնաբառը, ակտիվացնում է "Find My iPhone" ֆունկցիան և արգելափակում ձեր սարքը։ Այնուհետև նրանք պահանջում են փրկագին (իմ տեսած դեպքերում գումարը տատանվում է $100֊ից $600֊ի սահմաններում՝ կապված հեռախոսի մոդելից)՝ ձեր հեռախոսն ապաարգելափակելու համար»,–գրել է Պապյանը։
Նա նշել է, որ նույն խաբեությունը կիրառվում է նաև աշխատանքի առաջարկելու պատրվակով։ Տարածված է նաև խաղային խաբեությունը, որի թիրախում երեխաներն են։
Խարդախները երեխաներին խոստանում են անվճար խաղեր, Roblox-ի նոր թեմաներ (մոդեր) կամ այլ գրավիչ բոնուսներ։ Նրանք խնդրում են երեխաներին մուտք գործել իրենց Apple ID-ով կամ այլ հաշիվներով՝ իբրև թե այդ «անվճար» բովանդակությունը ստանալու համար։
«Երբեք մի մտեք ուրիշի Apple ID ձեր սարքում: Սա ամենակարևոր կանոնն է։ Ձեր iPhone-ը նախատեսված է ձեր անձնական Apple ID-ի հետ աշխատելու համար...Եթե Ձեր iPhone-ն արգելափակվել է անմիջապես դիմեք Apple Support-ին: Սա միակ պաշտոնական ճանապարհն է ձեր սարքն ապաարգելափակելու համար։ Պատրաստ եղեք ապացույցներ ներկայացնել: Ձեզանից կպահանջվի սարքի գնման ապացույց (օրիգինալ տուփը և անդորրագիրը)։ Այս գործընթացը կարող է տևել մինչև մեկ ամիս, քանի որ այն մշակվում է Apple-ի հատուկ բաժնի կողմից»,–գրել է Պապյանը։
Նա նաև ընդգծել է, որ իրեն դեռ ոչ մի անգամ չի հաջողվել ապաարգելափակել հեռախոսը, բայց դրանից բացի այլ տարբերակ չի տեսնում։ Նա առաջարկում է կտրականապես բացառել խաբեբաներին իրենց ուզած գումարը փոխանցելու տարբերակը։
Մեդիափորձագետը ևս մեկ անգամ զգոնության կոչ է անում սոցհարթակներից օգտվելու ժամանակ։