«Լաբուբուն» աքսեսուար է մեծահասակների համար, ոչ թե խաղալիք․ Օնիշչենկո
16:20 16.07.2025 (Թարմացված է: 17:51 16.07.2025)

Գենադի Օնիշչենկո
© Sputnik / Vitaliy Belousov
Բաժանորդագրվել
Ռուսաստանի կրթության ակադեմիայի խաղերի, խաղալիքների, խաղային և ուսումնական ձեռնարկների գիտական և փորձագիտական խորհուրդը անցկացրել է «Լաբուբուի» փորձաքննություն և եզրակացրել, որ երեխաների և դեռահասների կողմից դրա օգտագործումը անցանկալի է:
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. «Լաբուբու» տիկնիկ-կախազարդը, որը հայտնի է նաև Հայաստանում, իրականում աքսեսուար է մեծահասակների համար և չի կարող համարվել մանկական խաղալիք: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն՝ «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ընթացքում։
«Դուք անառողջ մտքի այս արտադրանքը համառորեն անվանում եք խաղալիք: Այն իրականում խաղալիք չէ: Բոլոր միջազգային և ազգային փաստաթղթերով սա ոչ այլ ինչ է, քան կոլեկցիոն տիկնիկ-կախազարդ՝ նախատեսված մեծահասակների համար՝ որպես կանացի պայուսակի վրա կրելու աքսեսուար: Քանի որ դա խաղալիք չէ, ուստի իրացվում է շուկաների աքսեսուարների, զարդերի, բանալիների շղթաների բաժիններում: Ունենալով «ապակառուցողական» խաղալիքի բոլոր նշանները՝ այն խաղալիք չի կոչվում», - նկատեց ակադեմիկոսը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կրթության ակադեմիային կից խաղերի, խաղալիքների, խաղերի և ուսումնական ձեռնարկների գիտափորձագիտական խորհուրդը «Լաբուբուի» փորձաքննություն է անցկացրել՝ գալով եզրակացության, որ երեխաների և դեռահասների կողմից դրա օգտագործումն անցանկալի է:
Հոգեբանական և մանկավարժական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Ալեքսանդր Սավենկովի ղեկավարությամբ գիտական և փորձագիտական խորհրդի եզրակացության համաձայն, «խաղային օբյեկտը» ունի ակնհայտ նշաններ, որոնք երեխային մղում են ագրեսիայի, դաժանության, վախ և անհանգստություն են առաջացնում նրա մեջ. առարկան ունի վախեցնող ձևավորում, արտաքին տեսքը սադրում է երեխաներին՝ խաղերում դաժան սյուժեներ զարգացնել: Նման կերպարները կարող են կործանարար ազդեցություն ունենալ երեխաների վարքի վրա, եզրափակել է գիտափորձագիտական խորհուրդը:
Բացի այդ, «կույր» տուփերով իրականացվող վաճառքը կարող է խթանել կուտակելու ցանկությունը՝ հոգեբանական կախվածության զարգացման համար զգալի վտանգ ներկայացնելով:
Օնիշչենկոյի կարծիքով՝ «Լաբուբուն» պետք է ունենա առնվազն 14+ մակնշում։
«Երբ ստեղծում էին այդ հրեշին, հաշվի էին առնվում մարդկային և տարիքային հոգեկառուցվածքի բոլոր նրբությունները։ Կարծում եմ՝ այն նույնիսկ ոչ միայն երեխաների, այլև տպավորվող կանանց վրա կարող է ազդել... Եզրակացություն՝ եկեք այն գոնե 14+ մակնշենք։ Չնայած ես ավելի հեռուն կգնայի և կհանեի այն ընդհանրապես կանանց, իսկ ապա և՝ մեր բոլոր երեխաների մտքերից: Քանի որ, իրոք, դա ծաղր է մարդկային բնության նկատմամբ, որը ոչ մի օգտակար բան չտալով՝ առաջ է մղվում շուկայի կողմից, և այսօր, ըստ իս, առանց այս հրեշի անգամ մարդամեջ դուրս գալ չի կարելի», - ամփոփեց Օնիշչենկոն:
«Լաբուբուն» հորինել է հոնկոնգցի նկարիչ Քասինգ Լունգը The Monsters կոմիքսի համար։ Հետագայում ֆիգուրները կամ կախազարդերը, որոնք վաճառվում են նույնանման փակ տուփերում, որտեղ բովանդակությունը և դիզայնը տեսանելի չեն, լայն տարածում են գտել հանրության շրջանում։ Լունգը պայմանագիր է կնքել չինական Pop Mart ընկերության հետ, որը աշխատում է «անակնկալ-արկղիկի» սկզբունքով: Հավաքածուից ցանկալի «Լաբուբու» ձեռք բերելու համար հաճախորդները ստիպված են ժամանակ և գումար ծախսել փակ տուփերի վրա, ինչը ուղղակիորեն ազդում է վաճառքի քանակի վրա: