ԵՄ օգնությունը գալի՞ս է, թե՞ ոչ. Մարուքյանը` հին և նոր խոստումների և իրականության մասին
Բաժանորդագրվել
Բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բաց նամակ էր հղել Եվրամիության պաշտոնյաներին` ներկայացնելով Հայաստանում տիրող իրավիճակը և խնդրելով դրա հետ կապված հարցեր բարձրացնել Նիկոլ Փաշինյանի առաջ։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանին խոստացած հերթական ֆինանսական աջակցության մասին ԵՄ վերջին հայտարարությունը խնդրահարույց է, քանի որ դեռ պարզ չէ` Հայաստանը ստացե՞լ է արդյոք անցած տարի խոստացվածը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի արդյունքները։
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ին Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։ Վարչապետի մամուլի ծառայությունը, ամփոփելով հանդիպումների արդյունքները, հայտնեց, որ Փաշինյանը, Կոշտան և Ֆոն դեր Լայենն անդրադարձել են անվտանգությանն առնչվող մտահոգություններին, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին և միջամտությանը, ապատեղեկատվությանը և կիբեռսպառնալիքներին։ Այդ համատեքստում Եվրամիությունը նախատեսում է «Գլոբալ դարպասներ» ռազմավարությամբ Հայաստանում ծրագրվող ներդրումները հասցնել 2.5 միլիարդ եվրոյի (ի դեպ, դա այն գումարն է, որը տարիներ առաջ Եվրամիությունը Հայաստանին խոստացել էր)։ Իսկ «անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար» նախատեսված է 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթ։
«Նախորդ անգամ տեղի ունեցավ ԱՄՆ—ԵՄ բարձր մակարդակի հանդիպում, և ստորագրվել էր ֆինանսական աջակցության փաստաթուղթ։ Ես գիտեմ, որ նախագահ Թրամփի ադմինիստրացիան այդ ֆինանսավորումը մնացած օգնությունների կիրճատման հետ կրճատել էր, և դրա արդյունքում հարց է առաջանում. եթե ԱՄՆ–ն իր մասով կրճատել է օգնությունը, ԵՄ օգնությունը գալի՞ս է, թե՞ ոչ։ Եվ ես չեմ բացառում, որ հուլիսի 14–ի հայտարարությունը կապված է դրա հետ։ Հետևաբար, կարող է բացահայտվել, որ դա այն նույն հայտարարված գումարն է, որը հիմա էլ առանձին են հայտարարում, որ տալու են»,– նշեց Մարուքյանը։
Հայտնի է նաև, որ բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բաց նամակ էր հղել Եվրամիության պաշտոնյաներին` ներկայացնելով Հայաստանում տիրող իրավիճակը և խնդրելով դրա հետ կապված հարցեր բարձրացնել Նիկոլ Փաշինյանի առաջ։
Արդեն կայացած հանդիպումից հետո Մարուքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հույս հայտնեց, որ ԵՀ և ԵԽ նախագահները Փաշինյանի հետ զրույցում արծարծել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին վերաբերող հարցը։
«Ես հույս ունեմ, որ այդ խոսակցությունը տեղի ունեցել է, և հույս ունեմ, որ իշխանությունները կհասկանան, որ Հայաստանը չի կարող գնալ հակաժողովրդավարական ճանապարհով։ ՀՀ–ն չի կարող շեղվել ժողովրդավարությունից, և դրա մասին շատ են խոսում նաև Հայաստանի իշխանությունները։ Բայց ինչից խոսում են, դրանից էլ շեղվում են։ Եվ դրա համար շատ կարևոր է, որ այդ հարցերը մենք բարձրացնենք, որ որևէ մեկի աչքերին որևէ մեկը չկարողանա թոզ փչել, թե` տեսե՛ք, մենք սուպերժողովրդավարական երկիր ենք, իսկ ներքին կյանքում ոտնահարվեն մարդու իրավունքներն ու խախտվեն իրավական պետության հիմնարար սկզբունքները»,- նկատեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը։
Եվրոպական լիդերների հետ հանդիպումներում հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացին ուղղված ողջույնները Էդմոն Մարուքյանը պայմանավորում է ոչ այնքան իրական առաջընթացների, որքան ՀՀ իշխանությունների ներկայացրած սեփական մեկնաբանությունների հետ։
«Հայաստանը, բնականաբար, դրսում ներկայացնում է, որ մենք ունենք հաջողություններ, և պայմանագրի տեքստը վերջնականացված է, իրենցից էլ որևէ բան չի գնում ասելու, թե մենք աջակցում ենք։ Սակայն որևէ լծակ մենք չենք տեսնում, որ կիրառվում է Ադրբեջանի նկատմամբ, որ Ադրբեջանն ավելի կանխատեսելի և ավելի ադեկվատ լինի տարածաշրջանում։ ՀՀ ինքնիշխան տարածքները մնում են օկուպացված, հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում և դատական շինծու գործերով դատվել, սահմանազատման գործընթացը կանգ է առել այնտեղ, որտեղ իրենք ստացել են իրենց ուզածը։ Այսինքն` այդ հայտարարությունները զուտ հայտարարության մակարդակում են, և իշխանությունները փորձում են դրանք կապիտալիզացնել ներքաղաքական կյանքում, թե` տեսե՛ք, մենք ինչ էլ անենք ներքին կյանքում, մենք աջակցություն ունենք միջազգային հանրությունից»,– արձանագրում է Մարուքյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Աբու Դաբիում և տևել է ավելի քան 5 ժամ։ Հանդիպումը սկսվել է ընդլայնված կազմով, ապա առաջնորդները շարունակել են առանձնազրույցը: Կես ժամ տևած ընդմիջումից հետո հանդիպումը կրկին շարունակվել է պատվիրակությունների կազմով, որոշ ժամանակ անց բանակցությունները շարունակվել են առանձնազրույցի ձևաչափով: Ըստ ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրության` Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Հայկական կողմը հաջողված է համարում հանդիպումը։
