ՀՀ հեղուկ գազի ներմուծման խնդիրներ. ԵՏՀ-ից հայտնեցին, որ նավիգացիոն կնիքներով չի հսկվում

© Sputnik / Armine Alexanyan
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ-ում փոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլի 3-ից։ Սակայն դրա գործնական իրականացումը դեռ չի սկսվել։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Հեղուկացված բնական գազը ԵԱՏՄ տարածքում նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ հետագծման ենթակա չէ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովը։
Նախկինում Վրաստանից Հայաստան հեղուկ գազի մատակարարման ձգձգումները ոմանք կապում էին տեխնիկական խնդիրների հետ։ Միևնույն ժամանակ, դեռևս հունիսին Վրաստանի տրանսպորտային միջանցքների հետազոտման կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին Sputnik Արմենիային հայտնել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև տեղափոխվող ԵԱՏՄ-ի ապրանքների համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին որոշման ուժի մեջ մտնելը կարող է որոշ խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով տարանցման ժամանակ։
Դավիդովը հստակեցրել է, որ ԵԱՏՄ-ում փոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլի 3-ին։ Սակայն դրա գործնական իրագործումը դեռ չի սկսվել։
«Ներկայումս կապարակնիքները կիրառվում են երկկողմ հիմունքներով և(կամ) առանձին պիլոտային նախագծերի շրջանակներում։ Ապրանքատեսակների ցանկը, որոնց փոխադրումներին հետևելու են նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ համաձայնագրի գործարկումից հետո, սահմանված է համաձայնագրում և դրա իրականացման շրջանակներում հանձնաժողովի ընդունված ակտերում»,-նշել է նա։
Այսպես, համաձայնագրով նախատեսվում է հետագծումը ներդնելու փուլային (3 փուլ՝ 1,5 տարվա ընթացքում) եղանակ՝ հաշվի առնելով ապրանքատեսակները և դրանք տեղափոխող տրանսպորտի տեսակները։
Առաջին փուլում նավիգացիոն կնիքները կկիրառվեն․
տարանցման, արտահանման մաքսային ընթացակարգերին համապատասխան ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային տրանսպորտով փոխադրվող, ինչպես նաև փոխադարձ առևտրի շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադրվող պատժամիջոցային ակցիզային ապրանքների առանձին տեսակների (ալկոհոլ/ծխախոտ) համար,
տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգին համապատասխան ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող ապրանքների առանձին կատեգորիաների (հագուստ, կոշիկ, տեխնիկա) համար։
«Հեղուկացված բնական գազը նշված ցանկում չկա, և ԵԱՏՄ անդամ պետություններից որևէ մեկը տվյալ կատեգորիայի ապրանքները նման ցանկում ներառելու նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Այսպիսով, հեղուկացված գազը նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ հետագծման ենթակա չէ»,- հստակեցրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանից դուրս եկած հեղուկ գազի շուրջ 100 ցիստեռնի արգելվել է Վրաստանի տարածքով անցնել Հայաստան: Sputnik Արմենիայի աղբյուրների փոխանցմամբ՝ տրանսպորտային միջոցներն առանց բացատրության ուղարկվել են GEZi մաքսային տերմինալ՝ չնայած այդ տեսակի բեռի երկարատև պարապուրդի հետ կապված ռիսկերին, այդ թվում՝ ջերմաստիճանի տատանումների դեպքում պայթյունի հավանականությանը։
Ոմանք ենթադրում էին, որ ուշացումները տեխնիկական են, ինչպես նաև չէին բացառում, որ դրանք կարող էին կապված լինել ԵԱՏՄ շրջանակներում կարգավորումների հետ։
Հուլիսի 13-ի դրությամբ Հայաստան է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 99 ավտոցիստեռն: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ցիստեռնների անցման հետ կապված խնդիրը պահպանվում է, և հարցը վերջնականապես լուծված չէ։