Ինչու Պոլսո Հայոց պատրիարքարանում չեն ընդունել Փաշինյանին. Մաշալյանը մի քանի պատճառ է նշել
18:52 04.07.2025 (Թարմացված է: 19:06 04.07.2025)

Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը. Արխիվային լուսանկար
© Photo : Info Service Dept of the Mother See
Բաժանորդագրվել
Մաշալյանը Փաշինյանի` Աստվածածին պատրիարքական եկեղեցի այցի ժամանակ հոգևորականի բացակայությունը որակել է որպես «գիտակցված վերաբերմունք»։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստամբուլ կատարած այցի հետ կապված շփոթմունք է եղել, Հայաստանն արարողակարգային սխալ է թույլ տվել և Փաշինյանի՝ Պոլսո Հայոց պատրիարքարան այցելելու խնդրանքը գրավոր չի փոխանցվել։ Այս մասին հայտարարել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը լրագրողների հետ զրույցում, հայտնում է Agos օրաթերթը։
Նշենք, որ հունիսի 20–ին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստամբուլ այցի ժամանակ տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը հայոց պատրիարքարանի հոգևորականները չէին մասնակցել, իսկ Պատրիարքարանի շենքի դռները փակ էր։
«Վարչապետ Փաշինյանի Ստամբուլ կատարած այցի հետ կապված շփոթմունք կար։ Հայաստանի Հանրապետությունը հաստատություն է, բայց Թուրքիայի հայոց պատրիարքարանը նույնպես հաստատություն է։ ՀՀ-ն ունի 35 տարվա պատմություն։ Սակայն Թուրքիայի հայոց պատրիարքարանն ունի ավելի քան 500 տարվա պատմություն։ Փաշինյանի Ստամբուլի հայ համայնք կատարած այցի համար կա արարողակարգ։ Մենք նախկինում պատրիարքարանում հյուրընկալել էինք Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Սակայն այս վերջին այցի վերաբերյալ պաշտոնական գրություն չի եղել։ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը հայտնել է, որ վարչապետ Փաշինյանը կգա Ստամբուլ, բայց չի այցելի պատրիարքարան, այլ կգա Գումգափի Աստվածածին պատրիարքական եկեղեցի և մոմ կվառի»,- ասել է արքեպիսկոպոս Մաշալյանը։
Մաշալյանը Փաշինյանի` Աստվածածին պատրիարքական եկեղեցի այցի ժամանակ հոգևորականի բացակայությունը որակել է որպես «գիտակցված վերաբերմունք»։
«Պատճառը նրա կողմից Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ օգտագործված վիրավորական և ագրեսիվ լեզուն է։ Այլ եկեղեցիներ նույնպես նույն կերպ են արձագանքել։ Կիլիկիայի կաթողիկոս Արամ Ա-ն նույնպես հայտարարել է, որ ինքը Էջմիածնի հետ է։ Նմանապես՝ Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը։ Իմ հոգևոր եղբայրները, որոնք ինձ հետ էին ծառայում, չէին ցանկանում այնտեղ տեսնվել վարչապետի հետ։ Սա քաղաքական բանավեճ է և քաղաքական բախում։ Մենք չենք ուզում, որ սա արվի Ամենայն հայոց կաթողիկոսության միջոցով, մենք չենք ուզում, որ եկեղեցու ներքին գործերին միջամտեն քաղաքական պատճառներով և մենք չենք ուզում, որ հարցերը լուծվեն վիրավորական լեզվով։ Եվ մենք ցույց տվեցինք մեր ամենաբնական արձագանքը։ Սա մեր հստակ արձագանքն է»,–ասել է Մաշալյանը։
Պատրիարքին հիշեցրել են, որ Գարեգին Բ կաթողիկոսը նույնպես քաղաքական դիրքորոշում է զբաղեցրել և երկար ժամանակ ընդդիմության հետ համատեղ է գործել Փաշինյանի դեմ։ Մաշալյանը նշել է, որ Փաշինյանը փորձում է միջամտել եկեղեցու գործերին, ձգտում է իրեն համահունչ կաթողիկոս ունենալ ու երբ ցանկանա` կաթողիկոս փոխել կարողանա։
Մաշալյանն ընդգծել է, որ եթե Ստամբուլում լիներ, անձամբ կընդուներ Փաշինյանին և կհայտներ իր առարկությունները։
«Բայց ես այստեղ չէի։ Բայց սա այնպիսի խնդիր չէ, որը կարող է վստահվել ուրիշին։ Մենք այս վերաբերմունքը ճիշտ համարեցինք։ Մենք լուռ բողոքի ակցիա անցկացրինք, և պարոն Փաշինյանը հասկացավ դա»,–ասել է նա։
Մարշալյանի խոսքով` որպես Թուրքիայի հայեր՝ իրենք ցանկանում ենք, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները բարելավվեն։ Այդ առումով Փաշինյանը սխալ քաղաքականություն չի վարում։ Բայց չեն կարող անտեսել Փաշինյանի կողմից հայ եկեղեցու նկատմամբ ցուցաբերված քաղաքական դիրքորոշումը։
Անդրադառնալով որոշ մարդկանց հայտարարություններին` Մաշալյանը նշել է, որ իր անունը՝ որպես Ստամբուլի պատրիարք, սկսել է հիշատակվել որպես որոշակի ուժերի կողմից որոշված «նոր կաթողիկոսի» թեկնածու։ Սակայն հազարամյա եկեղեցական ավանդույթներն ու հոգևորականական կարգապահությունը պահանջում են, որ իրենք երբեք չցանկանան կամ նույնիսկ չմտածեն նոր կաթողիկոս ընտրելու մասին, քանի դեռ գահին է ներկայիս կաթողիկոսը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն հունիսի 20–ին մեկնել է Անկարա` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման: