«Խառը ժամանակների» տեխնոլոգիաներ կամ թավշերանգ «խաչակրաց արշավանք»
© SputnikԱրխիվային լուսանկար

© Sputnik
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանի կարծիքով՝ իրականացնելով եկեղեցու ապասրբագործումը՝ Հայաստանի իշխանությունները ձգտում են հասնել նրան, որ Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները ժողովրդի կողմից ընկալվեն ընդամենը հասարակական դաշտի «զտման» համատեքստում, այլ ոչ թե որպես հայկական ինքնության կարևորագույն ինստիտուտի նկատմամբ ոտնձգություն։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ, ցանկացած նորմալ մարդու մոտ իրավամբ շոկ է առաջացնում։
Տեսնվա՞ծ է, որ «եկեղեցու բարձրագույն պաշտոնյաների բարոյականության համար պայքարի» անվան տակ նույն Հայ առաքելական եկեղեցուն փորձեն վարկաբեկել կամ, այլ կերպ ասած, «պատռել» հայ հանրույթի անսասան հեղինակություն հանդիսացող կառույցի մտավոր ընկալումը։
Եկեղեցու շուրջ տեղի ունեցող խայտառակ իրադարձությունների լույսի ներքո երկու հարց է առաջանում.
Ինչու՞ է դա արվում:
Ինչպե՞ս է դա արվում:
Փորձեմ պատասխանել:
1-Ինչո՞ւ է դա արվում:
Այստեղ կան երկու հիմնական գործոններ. նախ՝ 2026 թվականը ընտրությունների տարի է։ Հաշվի առնելով, որ իշխանությունների վարկանիշն աղետալի անկում է ապրում, իսկ ընտրազանգվածի մեծամասնության շրջանում Հայ առաքելական եկեղեցու հեղինակությունն անսասան է, ապա իշխանությունն ամեն կերպ փորձում է վերահսկողության տակ վերցնել իրեն չվերահսկվող միակ համահայկական կառույցը՝ թույլ չտալու համար այս կամ այն ձևով, նույնիսկ անուղղակիորեն, նույն ընտրազանգվածի մտքի վրա եկեղեցու ազդեցությունը։
Երկրորդ գործոնն այն է, որ հայ հասարակության ընդդիմադիր տրամադրված հատվածի կարծիքով՝ ՀՀ իշխանությունը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ այսպես կոչված բանակցություններում հսկայական զիջումների է գնում՝ ի հաշիվ երկրի ազգային անվտանգության, անկախության և ինքնիշխանության, ինչն իր հերթին խիստ բացասաբար է ընկալվում եկեղեցու կողմից։
Ե'վ Թուրքիան, և' Ադրբեջանը հասկանում են, որ առանց ազգային ինքնությունը ջարդելու հնարավոր չի լինի ապագայում երաշխավորել, որ հայերը հանկարծ չեն թոթափի «թավշյա հիպնոսը» և չեն փորձի պաշտպանել Հայաստանի արմատական շահերը: Իսկ հաշվի առնելով, որ եկեղեցին հայ ազգային ինքնության պահապանն է, բնական է, որ թե' հայաստանյան իշխանությունները, թե' նրանց գործընկերները Բաքվում և Անկարայում խիստ շահագրգռված են հայ հասարակության վրա եկեղեցու ազդեցության մակարդակի զրոյացմամբ։
2. Ինչպե՞ս է դա արվում: Իշխանության համար առանցքային նպատակը եկեղեցու հանրային հեղինակազրկումն է։ Դրա համար գործի են դրվել եկեղեցու ապասրբագործման ամենադաժան և տարրական զգացմունքի հետ անհամատեղելի մեթոդներ ու տեխնոլոգիաներ։
Ընդ որում, հայկական ինքնագիտակցության անսասան, առանցքային մտավոր հիմնասյուների ոչնչացման մեթոդն արդեն փորձարկվել է և հայ հասարակությունը միմյանց ատող հատվածների բաժանելու առումով արդյունավետ աշխատում է։ Բավական է հիշել, թե իշխանությունը որքան հմտորեն հակադրեց «հայաստանցի» ու «ղարաբաղցի» հասկացությունները։
Կամ մեկ այլ օրինակ է Հայոց ցեղասպանության հարցը, որն իշխանության ոչ թեթև ձեռքով դարձել է հայկական լրատվական դաշտի անառողջ քննարկումների առարկա՝ տրամաբանությունն ու պատմական փաստերը ներսից շրջելով ի շահ Թուրքիայի, որն ուղիղ պատմական պատասխանատվություն է կրում մեկուկես միլիոն հայերի ոչնչացման համար։
Այդ իսկ պատճառով եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին ամենօրյա կեղտոտ ու գռեհիկ զրպարտություններով իշխանությունը փորձում է մարդկանց գիտակցությունից դուրս բերել ՀԱԵ անձեռնմխելիությունը, այսինքն՝ տեղի է ունենում ապասրբագործում։
Ապասրբագործման տեխնոլոգիայում կարևոր է, որ եկեղեցու նկատմամբ խտրականությունը փաշինյանական իշխանությունների կողմից ներկայացվում է որպես «պայքար եկեղեցու մաքրության համար», այսինքն՝ ընթանում է հայկական ինքնագիտակցության հիմքի իրական ոչնչացման գործընթաց՝ հանուն երևակայական «պետության փրկության»։
Իհարկե, դա ապուշ, քաղաքագիտական շիզոֆրենիա հիշեցնող զառանցանք է, սակայն այդ սխեման աշխատեց Արցախը «կուլ տալու» դեպքում՝ հանուն, իբր, Հայաստանը պահպանելու։
Բայց վերադառնալով հարցին, թե հանուն ինչի է, այնուամենայնիվ, ընթանում Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնեության ապասրբագործումը, պատասխանն ակնհայտ է. դա արվում է նրա համար, որ երբ գա եկեղեցու (որպես հայ-ադրբեջանական բանակցությունների հնարավոր բացասական հետևանքներին դիմակայող կառույց) վրա ճնշումների գործադրման «X» ժամը, հասարակությունը դա չընկալի որպես հայկական ինքնության կարևորագույն ինստիտուտի դեմ ոտնձգություն, այլ ընդամենը՝ որպես հայկական հասարակական դաշտի հերթական «զտում»:
Հայաստանի իշխանություններին կհաջողվի՞ եկեղեցին, որպես ազգային առանցքային ինստիտուտ, դուրս բերել հայերի հասարակական գիտակցությունից։
Իհարկե, ո'չ:
Դիմակայության արդյունքում կթուլանա՞, արդյոք, Հայաստանի «պետական դիմադրողականությունը»։
Իհարկե, այո'։
Հիմք ընդունելով այս եզրակացությունների վրա՝ պարզ, թե իրականում ում է ձեռնտու հայ եկեղեցու դեմ այս բոլորովին խելահեղ «խաչակրաց արշավանքը»։