Դիլիջանն առաջին անգամ հյուրընկալում է միջազգային խոհարարական մրցույթը
19:07 19.06.2025 (Թարմացված է: 20:21 19.06.2025)
© SputnikԱսուլիսի ժամանակ

© Sputnik
Բաժանորդագրվել
Մրցույթին ժամանել են խոհարարներ 9 երկրներից, և նրանց նպատակը ոչ այնքան մրցույթն է, որքան մասնագիտական փորձի փոխանակումն ու գործընկերների հետ ծանոթությունը: Մրցույթը համընկել է հայ-վրացական «Միմինո» փառատոնի հետ, որը նույնպես կանցկացվի Դիլիջանում:
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Դիլիջանում առաջին անգամ կանցկացվի շեֆ-խոհարարների միջազգային մրցույթը՝ International Contest of Chefs Dilijan 2025-ը։
Ինչպես Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում հայտնեց կազմակերպիչներից մեկը՝ «Հայկական խոհարարության զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, միջոցառման գլխավոր նպատակն է Հայաստանը ներկայացնել համաշխարհային խոհարարական քարտեզի վրա և արտասահմանյան գործընկերների հետ փոխանակվել ձեռք բերած փորձով:
© SputnikՍեդրակ Մամուլյան

Սեդրակ Մամուլյան
© Sputnik
«Խոհարարական աշխարհը զարգանում է արագ տեմպերով, և հետ չմնալու համար կարևոր է լինել մշտական մասնագիտական երկխոսության մեջ։ Ուստի մրցույթը պետք է դառնա ամենամյա», - նշեց Մամուլյանը։
Խոհարարներ առանց սահմանների
Եռօրյա մրցույթին, որն, ի դեպ, արդեն մեկնարկել է, Հայաստան են ժամանել խոհարարներ 9 երկրից։ Մրցույթն անցկացվում է Խոհարարների համաշխարհային ասոցիացիայի կանոններով։ Յուրաքանչյուր մասնակից պետք է պատրաստի 3-4 ճաշատեսակ գառան, հավի, տավարի և ձկան մսից։ Ազգային առանձնահատկությունները պահպանելը պարտադիր չէ. մրցույթի մասնակիցներին տրամադրվում են հիմնական բաղադրիչները և ստեղծագործելու լիակատար ազատություն, նշեց Շեֆ-խոհարարների համաշխարհային կազմակերպության (WAMC) Ռուսաստանի մասնաճյուղի նախագահ Ռուստամ Մազիտովը:
© SputnikԽադիջաթ Մովլաթովա

Խադիջաթ Մովլաթովա
© Sputnik
Մրցույթին ժամանել են նաև խոհարարներ Ռուսաստանից, նրանցից է Հյուսիսային Կովկասի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի նախագահ Խադիջաթ Մովլաթովան: Ճիշտ է, հայ գուրմաններին չի հաջողվի համտեսել նրա հարազատ չեչենական խոհանոցը. մրցույթին չի մասնակցի, քանի որ ժյուրիի կազմում է։
«Չեչենական խոհանոցի մասին առասպելը՝ որպես բացառապես մսային և ալյուրային, ծանր ժամանակների հետևանք է։ Իրականում այն շատ ավելի հարուստ է: Ես հավաքել եմ ավելի քան 120 մոռացված բաղադրատոմսեր, որոնք ներառել եմ գրքում: Եկեք և փորձեք», - ասաց նա։
© SputnikՌուստամ Մազիտով

Ռուստամ Մազիտով
© Sputnik
Ռուստամ Մազիտովի խոսքով՝ մի շարք երկրներում խոհարարի մասնագիտությունն աստիճանաբար երկրորդ պլան է մղվում։ Նման փառատոների անցկացումը երիտասարդներին ոգեշնչելու միջոց է։
«Մենք այսպիսի միջոցառումներ արդեն անցկացրել ենք Ռուսաստանում, հիմա որոշել ենք գալ Հայաստան։ Վեց խոհարար ենք բերել, թող նայեն մյուսներին ու ցույց տան իրենց տաղանդը», - հավելեց նա։
Ռուսաստանյան պատվիրակությունը մասնակցում է ինչպես անհատական, այնպես էլ թիմային ստուգատեսին. վեց խոհարարներ կազմել են երեք հոգուց բաղկացած երկու թիմ:
«Խոհարարությունը սահմաններ չի ճանաչում։ Ուրախ եմ շփվելու և փորձի փոխանակման նոր հնարավորության համար: Այս առումով ինձ զգում եմ ինչպես տանը»,-խոստովանեց շեֆ-խոհարար, իսպանական հումանիտար-խոհարարական ասոցիացիայի՝ Abuela Maria-ի ղեկավար Ֆրանսիսկո Օրդոնյես Մեխիասը։
© SputnikՅովիցա Ջուրջևիչ

Յովիցա Ջուրջևիչ
© Sputnik
Յովիցա Ջուրջևիչը խոհարարների 4-րդ սերնդի ներկայայացուցիչ է՝ սերբ, բայց երկար ժամանակ ապրում է Շվեյցարիայում։ Երկար տարիներ նա աշխատում է որպես բարի կամքի դեսպան «Խոհարարներ առանց սահմանների» կազմակերպությունում։ Իր առաքելության շրջանակներում նա եղել է 90 երկրներում, սակայն Հայաստան է եկել առաջին անգամ։
«Շնորհակալություն հայ գործընկերներին, որ ինձ հրավիրեցին և հնարավորություն ընձեռեցին խոհանոցի միջոցով ավելի լավ ճանաչել ձեր մշակույթը։ Առայժմ չեմ համտեսել ձեր ուտեստները՝ միայն կոնյակներն եմ փորձել։ Դրանցից կան նաև իմ հավաքածուում, որ ինձ նվիրել է Շվեյցարիայում ձեր դեսպանը։ Այժմ լավ հնարավորություն կա տեսնելու, թե ինչի հետ են դրանք համադրվում», - հավելեց Ջուրջևիչը։
Մրցույթի համակազմակերպիչն է Ղազախստանում և Հայաստանում UNCA Միացյալ ազգային խոհարարական ասոցիացիաների նախագահ Տարոն Աղաբաբյանը: Հայաստանում նա ցանկանում է ներկայացնել ղազախական խոհարարական դպրոցի ձեռքբերումները, ինչպես նաև ցույց տալ հայկական խոհանոցի բազմազանությունը։
© SputnikՏարոն Աղաբաբյան

Տարոն Աղաբաբյան
© Sputnik
«Անցյալ տարի Ղազախստանի մեր թիմն արժանացել է Գելենջիկի միջազգային մրցույթի գրան պրիին։ Այժմ ցանկանում ենք ուժերը փորձել Հայաստանում և օգնել հայ երիտասարդ շեֆ-խոհարարներին բարձրաձայնել իրենց մասին», - նշեց նա։
«Ես ձեզ մի խելոք բան կասեմ»…
Շեֆ-խոհարարների մրցույթի հաղթողներին կպարգևատրեն հունիսի 21-ին՝ Հայ-վրացական «Միմինո» խոհարարական փառատոնի անցկացման օրը, որը ժամանակի առումով համընկել է միջազգային մրցույթի հետ: Դիլիջանում արդեն երրորդ անգամ անցկացվող այս փառատոնը նախատեսված է որպես հարթակ, որտեղ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ հայկական և վրացական խոհարարական հարուստ ավանդույթներին: Եվ ոչ միայն. ինչպես ընդգծում է Սեդրակ Մամուլյանը, փառատոնն օգնում է հարևան երկու ժողովուրդներին միմյանց ավելի լավ ճանաչել:
Սակայն հենց Մամուլյանի համար այս իրադարձությունն ավելի խոր իմաստ ունի՝ ցույց տալ, որ խոհանոցի լեզուն ի վիճակի է միավորել մարդկանց մի աշխարհում, որտեղ թշնամությունն ավելի ու ավելի է տարածվում։
«Եթե, ինչպես հեքիաթում, ինձ հնարավորություն տրվեր երազանք պահել՝ կուզեի, որ աշխարհը խոհարարները ղեկավարեին։ Նրանք աշխարհի ամենաբարի մարդիկ են, քանի որ առանց սիրո և մարդկայնության ոչ մի սնունդ չի ստացվի», - նշեց նա։
Լոլիկը լոլի՞կ է
Մեզ համար՝ այո, բայց փորձառու խոհարարի համար՝ ոչ։ Առաջին բանը, որ ղազախական թիմի հետ գալով Երևան արեց Աղաբաբյանը՝ նրանց տարավ տեղի շուկաներ։ Թվում է, թե լոլիկն ու կանաչին ամենուր նույնն են, բայց ոչ. յուրաքանչյուր երկիր, անգամ մարզ, իր համն ունի: Միշտ սովորելու բան կա, նշեց նա։
«Մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել, որպեսզի փոխադարձության սկզբունքով երիտասարդներին ուղարկենք Հայաստան՝ սովորելու, իսկ Հայաստանից՝ Ղազախստան։ Ընդհանրապես, մեր բազմազգ երկրում ողջունվում է տարբեր ազգերի խոհանոցը, շատ ծրագրեր ունենք, որտեղ հանդիպում ենք և պատրաստում միմյանց ուտեստները», - ասաց Աղաբաբյանը։
Նման նախաձեռնություններ առաջարկել էին նաև սերբ շեֆ-խոհարար Յովիցա Ջուրջևիչին դեռևս մի քանի տարի առաջ, երբ նա աշխատում էր Մոսկվայում։ Տեղեկանալով, որ նա դասավանդում է Շվեյցարիայի խոհարարական ակադեմիաներում, հայ գործընկերները սկսել են նրան հրավիրել դասավանդելու նաև Երևան։
«Այն ժամանակ, ցավոք, չստացվեց, բայց հիմա ես հաճույքով կապ կհաստատեի տեղի քոլեջների տնօրենների հետ, որպեսզի այստեղ սովորեցնեմ, այդ թվում՝ ֆրանսիական խոհանոց», - նշեց նա:
Խադիջաթ Մովլաթովան և Ռուստամ Մազիտովը հայ խոհարարներին ևս հրավիրել են համագործակցելու իրենց ռուսաստանյան խոհարարական դպրոցներում: Մազիտովի խոսքով՝ հայ խոհարարների հետ փորձի փոխանակումն արդեն ակտիվորեն զարգանում է։
Այժմ մնում է սպասել նոր հանդիպումների՝ տեսնել, իսկ ամենակարևորը՝ համտեսել, թե ինչ են սովորել մրցույթի մասնակիցները միմյանցից։