Տրոլեյբուսներ չբերելը չի կարող արդարացվել բոյկոտով. նախկին պաշտոնյան հուշում է փողի տեղը
© Sputnik / Aram NersesyanԵրևանյան տրոլեյբուս

Երևանյան տրոլեյբուս. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետը քաղաքի ներկա կառավարիչներին հորդորում է հայտարարություններից անցնել գործնական քայլերի։ Հակառակ դեպքում ժամանակն աշխատելու է նրանց դեմ, և բոյկոտի ալիքն ավելի է մեծանալու։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Երևանյան տրանսպորտի շարժակազմի թարմացման ծրագիրը կիսատ թողնելը չի կարող արդարացվել ուղեվարձի բարձրացման դեմ բոյկոտով ու դրա արդյունքում ունեցած թերհավաքագրումներով. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը։
Նշենք` մայիսի 3-ին հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ասել էր, որ Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների արդյունքում թերհավաքագրումներ են եղել, ինչի հետևանքով հնարավոր չէ գնել նախատեսված շարժակազմի մեծ մասը։ Նրա խոսքով՝ նախատեսված էր գնել 45 տրոլեյբուսներ, որոնցից 30-ը հնարավոր չի լինի գնել, քանի որ գումար չկա։
Տրանսպորտի վարչության նախկին պետը քաղաքային իշխանությունների այս հայտարարությանն այսպես է հակադարձում. «Ի՞նչ է նշանակում` չենք բերում։ Նախկինում տրանսպորտի թանկացում չի եղել, բայց 460 շարժակազմ է բերվել 100 դրամի պայմաններում` բացառապես համայնքային բյուջեի գումարներով»։
Քաղաքային ներկա իշխանությանը Գալստյանը խորհուրդ է տալիս բարեփոխումները շարունակելու համար համայնքի բյուջեի այլ ծախսերը կրճատել, օրինակ` գործուղումների, և այդ գումարով բերել խոստացած տրոլեյբուսները։ Հակառակ դեպքում, նրա կանխատեսմամբ, հանրային դժգոհությունն ու բոյկոտն ավելի է մեծանալու։
«Որովհետև եղած շարժակազմերը օր օրի վթարվում են, մաշվում են, և վաղ թե ուշ, նոր ճգնաժամի առաջ ենք կանգնելու։ Շարժակազմերի թարմացումը, անկախ ամեն ինչից, պետք է շարունակական բնույթ կրի»,– նշեց մասնագետը։
Այդուհանդերձ, Էդգար Գալստյանը կարծում է, որ քաղաքապետարանը կներկրի խոստացած տրոլեյբուսները։ Պարզապես այս հայտարարությամբ փորձ է արվել ազդել հասարակական ընկալումների վրա` հավաքագրումներն ավելացնելու նպատակով։
Քաղաքապետարանի այդ հայտարարությունը հատկապես ուշագրավ է այն տեսակետից, որ, ըստ էության, հակասում է նախկինում արված հայտարարությունները, թե ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտ չկա, և հատուկենտ չվճարումները իրենց նպատակին չեն ծառայում։
Էդգար Գալստյանի դիտարկմամբ` թերհավաքագրումները ոչ միայն բոյկոտի, այլև անկանխիկ վճարումների համակարգի տեխնիկական խնդիրների հետևանք են։ Քաղաքապետարանի նախկին պաշտոնյան քաղաքի ներկա կառավարիչներին հորդորում է հայտարարություններից անցնել գործնական քայլերի, գույքագրել խնդիրներն ու զբաղվել դրանց լուծմամբ։ Հակառակ դեպքում սահմանված չվացուցակից ուշացող ավտոբուսները, դրանցում չաշխատող վճարային սարքերը, անսարք տրանսպորտը, անհաղթահարելի խցանումներն ու փողոցների փոսերը, նրա համոզմամբ, դժգոհության ավելի մեծ ալիք կարող են առաջացնել։
Մայիսի 19-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ տրանսպորտի ուղեվարձերի մոտ 2,3 միլիարդի թերհավաքագրում է գրանցվել` միաժամանակ հավելելով, որ մարդկանց մոտ 70-80 տոկոսը պարտաճանաչ վճարում է: